Ուսանողների բողոքի ակցիա

Նստվածք է մնացել. արդյո՞ք Հայաստանին պետք է թուրքական նախադեպը

119
(Թարմացված է 00:39 15.06.2019)
Վիրավորանքը քրեականացնելու մասին պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը տհաճ նստվածք է թողել հասարակության ընկալման մեջ։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Աժ մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանի առաջ քաշած օրենսդրական նախաձեռնությունը քննադատության մեծ ալիք բարձրացրեց հասարակաքաղաքական և փորձագիտական շրջաններում։ Պատգամավորն առաջարկել էր քրեական պատասխանատվության ենթարկել իշխանության ներկայացուցիչներին հրապարակավ վիրավորելու կամ նրանց աշխատանքային պարտավորությունների կատարմանը խոչընդոտելու համար։

Մինչ օրս նման օրենք էր գործում ոստիկանության աշխատակիցների մասով։ Խաչատրյանը, որը նախկինում ՃՈ պետի տեղակալն եղել, ուզում է, որ օրենքը տարածվի  բոլոր պետական չինովնիկների վրա։ Այն, որ օրինագծից ավտորիտարիզմի հոտ է փչում, պատգամավորին չի անհանգստացնում։ Հարևան Թուրքիայում, օրինակ, մարդուն կարող են նստեցնել` Էրդողանի հասցեին Facebook–ում կամ Twitter–ում արված մեկ տհաճ գրառման համար։ Արդյո՞ք արժե հայերին «թուրքացվել»` հռետորական հարց է։

Խաչատրյանին չի մտահոգում նաև այն, որ իշխող թիմը, որն իր տաքուկ թևի տակ ապաստան է տվել Խաչատրյանին, ընդդիմություն լինելու ժամանակ կտրուկ արտահայտություններից չէր խորշում այն ժամանակվա իշխանության հասցեին, ընդհուպ մինչև վիրավորանքներ։ Ինչը ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակցին դրդեց նման ռադիկալ նախաձեռնության, դեռ կարելի է միայն կռահել։

Հետաքրքիր է, որ Խաչատրյանի գաղափարը ոչ միանշանակ ընկալվեց նաև խմբակցության ներսում։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ավելի վաղ «Ժողովուրդ» թերթին հայտարարել էր, որ գիտեր նախապատրաստվող նախաձեռնության մասին, իսկ այն հարցին, թե արդյո՞ք նա կարծում է, որ իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու համար արժե պատժել, պատասխանել էր. «անձամբ ես չեմ կարծում, որ նման անհրաժեշտություն կա»։

Սկանդալային նախաձեռնությունը չմեկնաբանեց նաև Անդրանիկ Քոչարյանը` ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավարը, որի անդամն է հենց այս գաղափարի հեղինակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Քոչարյանն ասաց, որ ցանկացած պատգամավոր իրավունք ունի հանդես գալու օրենսդրական նախաձեռնություններով։ Մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտություն կա իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ վիրավորանքը քրեականացնելու մեջ, հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ նախաձեռնությունը չի քննարկվել գլխավոր հանձնաժողովում։

«Եթե այն երբևէ քննարկման դրվի, ապա ես իմ կարծիքն այդ կապակցությամբ կարտահայտեմ։ Իսկ հիմա՝ առայժմ զերծ կմնամ մեկնաբանություններից», – ավելացրեց Քոչարյանը (զրույցի ժամանակ օրինագիծը դեռ հետ չէր կանչվել – խմբ.)։

Պրոֆեսիոնալ տեսանկյունից նախաձեռնությունը ոչ միանշանակ է գնահատում արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։ Sputnik  Արմենիայի հետ զրույցում արդարադատության նախկին նախարարն ասաց, որ «մրցակցությունը» անձի արժանապատվության և խոսքի ազատության միջև շատ բարդ իրավական խնդիր է։ Այդ առումով կիսատ և թերի որոշումները միայն կվնասեն գործին` ավելի բարդացնելով իրավիճակը։ Նրա խոսքով` օրենքի առաջ հավասար են բոլորը, և այդ նորմը որևէ դիսկրիմինացիոն վերաբերմունք թույլ չի տալիս։

«Իհարկե, մի նրբություն կա` իշխանության ներկայացուցչին վիրավորելը ոչ միայն մարդու արժանապատվության, այլև հասարակական իշխանության բարքերի ոտնահարում է։ Սակայն նույնիսկ դա չի նշանակում, որ իշխանության ներկայացուցչին վիրավորելը պետք է քրեական պատասխանատվություն ենթադրի` անտեսելով  մասնավոր անձանց իրավունքները», – ասաց Դանիելյանը։

Եթե կտրվենք զուտ իրավաբանական կոնտեքստից և կրկին վերադառնանք քաղաքականին, ապա նկատելի է դառնում նաև այն փութկոտությունը, որով օրինագծի հեղինակը «հետ քաշվեց»։ Իրավիճակը նմանվում է «զոնդաժի», թե ինչպես հասարակությունը կարձագանքի։ Որպեսզի հետագայում այդ արձագանքից կախված կամ սկսածը ավարտին հասցվի, կամ անմիջապես կասեցվի գործընթացը։ Հունիսի 13-ին հեղինակը հետ կանչեց իր նախաձեռնությունը։ Հավանաբար  «Ւմ քայլը» դաշինքում հասկացել են, որ գաղափարը հղի է տհաճ հետևանքներով և հեղինակության կորստով։ Բայց նստվածք ամեն դեպքում մնաց։

Նախկինում ընդդիմությունը շատ հաճախ բացատրում էր իշխանության այս կամ այն տարօրինակ որոշումը ավելի կարևոր խնդիրներից ուշադրությունը շեղելու ձգտումով։ Չէինք ցանկանա հավատալ, որ նման հնարքներ է սկսել կիրառել երկրի նոր ղեկավարությունը։ Այլապես գնա բացատրի, ուր է խոստացված «տնտեսական հեղափոխությունը», և ինչու է հասարակությունը դրա փոխարեն միայն ավելի խիստ վերահսկողության տակ հայտնվել։

119
թեգերը:
Հայաստան, ՀՀ Ազգային ժողով, Լիլիթ Մակունց, «Իմ քայլը» դաշինք
Ըստ թեմայի
Փաշինյանը ստորագրեց հրամանագիրը. ԱՄՆ–ից եկած Սինանյանը պաշտոն ստացավ Հայաստանում
«Իսկ գուցե Բաքվի ադրբեջանցիների՞ն էլ չի ներկայացնում Ալիեւը». վարչապետը՝ ԼՂ խնդրի մասին
Ինչպես ռուսը հայտնվեց Ամերիկայում և հասկացավ, թե ինչու է իրեն պետք հայերենը
Բաքուն ասելիք չունի Փաշինյանին. քաղաքագետն այն մասին, թե ինչու է Արցախում կրկին անհանգիստ