ՀՀ և Իրանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Մոհամմադ Զարիֆը

«Մենք միմյանց ճանաչել ենք դարերով». Մնացականյանը՝ Հայաստան-Իրան հարաբերությունների մասին

73
(Թարմացված է 00:12 15.06.2019)
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը պահպանում է սերտ կապն ու երկխոսությունը մյուս գործընկերների, այդ թվում` ՌԴ–ի և ԵՄ–ի հետ, որոնք նույնպես կարևոր մասնակիցներ են իրավիճակի լուծում գտնելու փնտրտուքներում։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հայաստանն ուշադիր հետևում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացմանը, շահագրգռված է տարածաշրջանում կայունության պահպանման հարցում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա հավելել է, որ Թեհրանի հետ համագործակցությունը կարևոր է ազգային շահերի համար։

«Հայաստանը առաջին երկրներից մեկն էր, որը դեռևս 2015 թվականին է արտահայտվել ի աջակցություն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ)։ Մենք հետևողականորեն ընդգծում ենք տարածաշրջանում խաղաղության, ԳՀՀԾ–ի ստորագրման արդյունքում տարածաշրջանում զարգացման և համագործակցության համար հնարավորությունների ընդլայնման կարևորությունը, ընդգծում այլ գործընկերների (որոնք նաև Հայաստանի գործընկերներն են) հետ Իրանի համագործակցության կարևորությունը։ Դա, իհարկե, մեզ համար առաջնահերթ ուղղություն է», – ասել է նա Բրյուսել կատարած իր ուղևորության արդյունքներն ամփոփելով։

Նրա խոսքով` Հայաստանը «շատ կարևոր հարաբերություններ է պահպանում Իրանի հետ»։ «Իրանը մեր կարևոր հարևանն է, որի հետ մենք ավանդական սերտ հարաբերություններ ունենք ինչպես պատմական առումով, այնպես էլ որպես երկու հարևան ժողովուրդներ, որոնք միմյանց ճանաչել են դարերով և որոնք զարգացրել են համագործակցության բավական համապարփակ օրակարգ», – նշել է նա։

Նա նաև շեշտել է, որ Հայաստանը շատ կարևոր օրակարգ ունի ԱՄՆ–ի հետ։

«Մենք շատ ուշադիր էինք այդ հարցերին։ Մասնակցում էինք այդ հարցերով ԱՄՆ–ի և Իրանի  համապարփակ երկխոսությանը, մեր ազգային շահերը, փոխգործակցությունն ու համագործակցությունը պահպանելու համար, և միևնույն ժամանակ նրբանկատ լինելով մյուս գործընկերների հանդեպ։ Դա դժվար է, բայց շատ կարևոր, քանի որ այն ուղղված է Հայաստանի ազգային շահերի ապահովմանը», – ընդգծել է նախարարը։

Նա հավելել է, որ այդ նպատակով Հայաստանը պահպանում է նաև սերտ կապն ու երկխոսությունը մյուս գործընկերների, այդ թվում` ՌԴ–ի և ԵՄ–ի հետ, որոնք նույնպես կարևոր մասնակիցներ են իրավիճակի լուծում գտնելու փնտրտուքներում։

Նա եզրափակել է, որ Հայաստանում ուշադիր հետևում են իրավիճակին, գիտեն, որ նրա վատթարացման հետևանքները բացասական ազդեցություն կունենան ամբողջ տարածաշրջանում, և այդ տարածաշրջանում գտնվելով՝ Հայաստանն անմիջականորեն շահագրգռված է կայունության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին` միջուկային գործարքից ԱՄՆ–ի դուրս գալու տարելիցին, Իրանը հայտարարեց իրանական միջուկային նախագծով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մի շարք կետերի իրականացումը դադարեցնելու մասին։ Մասնավորապես այն կետերի, որոնք վերաբերում են հարստացված ուրանի պաշարներին և ծանր ջրին։ Իրանում բացատրել են ձեռնարկած միջոցները ԱՄՆ–ի կողմից միջուկային գործարքի խախտումով և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների կիրառմամբ, ինչպես նաև Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում մնացած անդամների (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան և Ռուսաստան) պատշաճ կերպով առաջացած խնդիրները լուծելու անկարողությամբ։

Այդ կապակցությամբ Իրանը նշված երկրներին 60 օր տվեց Իրանի շահերն ապահովելու համար` խոստանալով վերադառնալ դադարեցված պարտավորությունների կատարմանը, եթե նրանց հաջողվի լուծել ԱՄՆ–ի գործողություններից առաջացած խնդիրները։

73
թեգերը:
Հայաստան, Զոհրաբ Մնացականյան, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Չարժե ԱՄՆ–ին հարմարվել. թե ինչու է Իրանի հետ բարեկամությունն ավելի կարևոր Հայաստանի համար
«Իրականում». Իրան-ԱՄՆ բանակցության ժամանակը վրա է հասել
Իրանին «կուլ տալ» ոչ մի կերպ չի հաջողվի, և Վաշինգտոնում դա հասկանում են. Ահարոն Վարդանյան