Նիկոլ Փաշինյան, Բակո Սահակյան

Փաշինյանը չի ընդունում Արցախի ղեկավարության պահվածքը. իրականությունն ու ֆեյսբուքը

597
(Թարմացված է 12:31 05.06.2019)
ՀՀ վարչապետը հավելեց, որ Արցախի ներկա ղեկավարներին ինքն է անձամբ փոխանցել բանակցային փաստաթղթերը: Մինչ այդ նրանք տեղյակ էլ չեն եղել, թե Հայաստանի նախագահն ինչ հարցերի շուրջ է բանակցում Ադրբեջանի պաշտոնակցի հետ:

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Փաշինյանը բացեց փակագծերը. իր համար անհասկանալի են Արցախի իշխանությունների ֆեյսբուքյան գրառումները: Այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Հայաստան-Արցախ հարաբերությունների մասին խոսակցություններին:

«Ես ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել ու ներկայացրել եմ ԼՂ հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը: Եվ հետաքրքրվել եմ` իմ առաջարկած տեսլականի հետ կապված պրետենզիաներ կա՞ն, համաձա՞յն են այս տեսլականի հետ, թե՞ համաձայն չեն: Եվ պարզվել է, որ բոլորը համաձայն են: Եվ, երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից` ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում` ես այս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ: Այս մարդը դուրս է գալիս իր օգնականին ասում է` գնա ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է դա անում, երբ որ ինքը գիտի 100 տոկոսով, թե ինչ է կատարվում»,-  ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև հավելեց, որ Արցախի ներկա ղեկավարներին ինքն է անձամբ փոխանցել բանակցային փաստաթղթերը: Մինչ այդ նրանք տեղյակ էլ չեն եղել, թե Հայաստանի նախագահն ինչ հարցերի շուրջ է բանակցում Ադրբեջանի պաշտոնակցի հետ:

«Երբ Հայաստանի ղեկին եղել է իր «պարի ընկերը», ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում ու ինչ են ուզում ասել: Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ բանակցային փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին»,- ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Արցախում դավադիր ուժերի գոյությանն ու վտանգին, Փաշինյանը շեշտեց, որ վտանգները կառավարվում են ու արմատախիլ կարվեն:

Անդրադառնալով սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպին ու հայ զինծառայողի սպանությանը` Փաշինյանն ասաց. «Այն ինչ իրականացրել են Ադրբեջանի զինված ուժերը, դատապարտելի ակցիա է: Հայաստանի կառավարությունը դրա հետ կապված ձեռնարկել է ու ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները»:

Հիշեցնենք, որ հունիսի 1–ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից զոհվել էր ժամկետային զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանը։

597
թեգերը:
Զինվոր, Նիկոլ Փաշինյան, Բակո Սահակյան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (252)
Ըստ թեմայի
Ղարաբաղյան հարցի վերաբերյալ գաղտնիքներ չկան. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը էմոցիոնալ պահեր է ապրել Մարտի 1-ի գործով նոր ձերբակալության մասին լսելով
Դատական համակարգն ինքն է արձանագրել իր ճգնաժամի մեջ լինելը. Փաշինյան