ԵՐԵՎԱՆ, մայիսի 22 – Sputnik. ԱՄՆ–ն ու Եվրամիությունը գիտակցում են դատական համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը, բայց նրանք սպասում են հստակ ծրագրի, որը Հայաստանի կառավարությունը չի առաջարկում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Այսօր հայտնի դարձավ, որ ԵՄ–ն պատրաստ է ակտիվացնել իր օգնությունը Հայաստանում բարեփոխումների անցկացման համար։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի ամենամյա զեկույցում։ ԱՄՆ դեսպանատունն ասել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է Հայաստանի անկախ դատական համակարգի ամրապնդմանը օժանդակելու իր պարտականությանը` նշելով, որ այն պետք է համապատասխանի Սահմանադրությանը։
Հայաստանի մոնիթորինգի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) ու Անդրեյ Շիրցելը (Սլովենիա) իրենց հերթին նշել են, որ քաղաքական ու շահագրգռված կողմերը պետք է զերծ մնան գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են գնահատվեն որպես դատական համակարգի վրա ճնշում գործադրելու փորձ։
Բադալյանը նշեց, որ քննադատական ելույթներ են ունեցել միայն համազեկուցողները, ոչ թե բուն ԵԽԽՎ–ն։ Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, ապա այն մի կողմից իշխանությանը աջակցություն է հայտնում, մյուս կողմից կարևորում է Սահմանադրության շրջանակում երկարատև գործընթացի անհրաժեշտությունը։
«Կարելի է ասել, որ ԱՄՆ–ն աջակցում է` նկատողություն անելով։ Դա ավելի ճիշտ կլինի։ Ինչ վերաբերում է ԵՄ–ին` նրանք էլ համեմատաբար չեզոք դիրքորոշում ունեն, քանի որ հասկանում են` Հայաստանի դատական համակարգը բարեփոխումների կարիք ունի», – նշեց Բադալյանը։
Ամեն դեպքում դա այն խիստ քննադատություն ու դատապարտումը չէր, որն ակնկալում էին ընդդիմադիր շրջանները։
Ինչ վերաբերում է բարեփոխումների հարցում հայկական իշխանությանը հնարավոր օգնություն ցուցաբերելուն` ամեն ինչ կախված է, թե ինչ ճանապարհով կգնա կառավարությունը։
«Այս պահին բարեփոխումների ծրագիր չկա։ Նիկոլ Փաշինյանը հայտնի հայտարարության մեջ անդրադարձել է հինգ կետերի, որոնցից միայն մեկն է անդրադառնում անցումային արդարադատությանը, այն էլ` դա պարտադիր բարեփոխում չէ», – ասաց Բադալյանը։
Նրա խոսքով` հիմնական կետերն անդրադառնում են դատավորների փոխարինմանը։ Սակայն անհասկանալի էր, թե ինչի համար էր պետք արգելափակել դատարանները, եթե ո՛չ ակցիայի ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո բարեփոխումների իրական հայեցակարգ չներկայացվեց։
Պատրաստի հայեցակարգը պետք է պարունակի այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են` արդյո՞ք երկրում շարունակելու է գործել եռաստիճան դատական համակարգը, ի՞նչ կարգավիճակ է ունենալու դատախազությունը, արդյո՞ք միասնական քննչական մարմին է ստեղծվելու (ուր կմտնեն ՔԿ–ն, ԱԱԾ և ՊԵԿ քննչական դեպարտամենտները) և այլն։
«Համապատասխան օրենսդրական բազայի, հին օրենսդրության հնարավոր փոփոխման մասին ընդհանրապես չի խոսվում։ Օրինակ, արդյո՞ք մեր համակարգը նմանվելու է եվրոպականին, թե համապատասխանելու է ԵԱՏՄ–ին», – նշեց Բադալյանը։
ԱՄՆ-ն ու ԵՄ շահագրգռված են աջակցելու մեջ, սակայն քաղտեխնոլոգի խոսքով, սկզբից հստակ ծրագիր է պետք։
«Նրանք չեն գալու իրենք գրեն ու ասեն «ահա ձեզ օրենքներ»։ Դրանք պետք է Հայաստանը ներկայացնի, իսկ իշխանությունը դա չի անում։
«Վիրահատական միջամտության» մասին հայտարարությունները հուզական բնույթ են կրում, դրանց հետևում բովանդակություն չկա։ Խոսքը կարող է լինել առավելագույնը լյուստրացիայի մասին, բայց համակարգի պարտադիր բարեփոխում չի ենթադրում, քանի որ նոր դատարաններն էլ կարող են կոռուպցիոն սկանդալներում հայտնվել։
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց բարեփոխումների ոչ մի հայեցակարգ չի ներկայացվել, ավելին` իշխանությանը թվում էր, թե համակարգը կինքնամաքրվի։
Անհեթեթ հայտարարություն հնչեց «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Լիլիթ Մակունցի կողմից այն մասին, որ մեկ տարվա ընթացքում դատական համակարգերը ինքնաբարեփոխման հայեցակարգեր չեն առաջադրել», – ասաց Բադալյանը։
Ենթադրվում է, որ եթե մինչ այժմ ոչ մի հայեցակարգ չի առաջադրվել, ապա դժվար թե այն մոտ ապագայում ձևավորվի։ Դրա մասին է վկայում կրթության, տնտեսության, սոցիալական ոլորտների զարգացման հայեցակարգերի բացակայությունը։
Բադալյանի խոսքով` լավագույն դեպքում, վարչապետը կարող է փորձել փոխել որոշ դատավորների, բայց դա էլ բավականին տևական գործընթաց է։
Իսկ այդ գործընթացը ձեռնտու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը կարևոր ռեսուրս է ստացել` ժամանակը, որը նա Փաշինյանի դեմ է օգտագործելու։
Նշենք, որ դատարանների արգելափակման կապակցությամբ հայտարարություն էր տարածել նաև Եվրոպական խորհրդարանի «ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի» պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմը, որը նույնպես անհանգստություն էր հայտնել Փաշինյանի կոչով, չնայած դատարանների ապաքաղաքական լինելուն։
Հայտարարության մեջ նա կոչ էր արվում հետևել Սահմանադրության կետերին ու իշխանության տարանջատման սկզբունքին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Անթույլատրելի է ուժի սպառնալիք ցուցադրելը, քանի որ Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարներ են։ Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը` անդրադառնալով ԱԺ բակում նռնակների առկայությանը և պատուհաններից դիպուկահարների երևալուն։
«Հանրային ճնշումն ավելացնելու ենք, սակայն օրենքի շրջանակում ենք մնալու»,–ասաց Վանեցյանը։
Նշենք` ոստիկանությունն այսօր հայտարարություն էր տարածել, թե տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։
Խոսելով այդ հայտարարության մասին` Վանեցյանը նշեց` կա՛մ ոստիկանությունը կեղծ ահազանգ է ստացել, կա՛մ էլ գուցե ոստիկանությունն որոշել է ուժ կիրառել, ինչի համար էլ հիմքեր է ստեղծում։
Վանեցյանը վստահեցնում է, որ իրենք սադրանքներ իրականացնելու քաղաքականություն չեն որդեգրել։
Ավելի վաղ Sputnik Արմենիան ֆիքսել էր, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը կառավարության շենքից շարժվում դեպի Ազգային ժողով, որի բակում ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրել։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Եթե խորհրդարանական ընդդիմության ընկերներն ընդունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը, ապա կունենանք ընտրություններ համաձայնեցված ժամկետներում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ինչպե՞ս է հանգուցալուծվելու ներկա քաղաքական ճգնաժամը։
Նշենք, որ կառավարության հետ մեկուկես ժամանոց հարցուպատասխանի ընթացքում բազմիցս հարցեր էին հնչել՝ ուղղված վարչապետին, սակայն դրանց պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Ինչո՞ւ անել արտահերթ ընտրությունները համաձայնեցմամբ։ Մենք չենք ուզում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկսի» տրամաբանության մեջ։ Ընտրությունը գործիք է հանրային համերաշխության և ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու։ Որ ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան նրանք, ովքեր ժամանակ ունեն մասնակցելու հանրահավաքներին, այլև մյուսները»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` կառավարությունը պետք է լինի երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար և օրինական պայմաններում։
Փաշինյանը հայտնեց, որ արդեն իսկ հրավեր է ուղարկել խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին, որոնց հետ ուզում է հանդիպել և արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերել։
Անդրադառնալով կիսանախագահական կառավարման անցնելու իր հայտարարությանը` Փաշինյանը նշեց, թե այդ հարցն առաջ բերելուց որևէ կոնկրետ բովանդակություն նկատի չի ունեցել։ «Ես նկատի եմ ունեցել, որ կա իրավիճակ, և Սահմանադրության գործունակության վերաբերյալ էլ հարցեր կան, ուրեմն եկեք ևս մեկ անգամ անդրադառնանք այդ հարցին»,–ասաց Փաշինյանը։
ԱԺ նիստն ավարտվեց։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ
Այն բանից հետո, երբ այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ վարչապետը հրաժարվում էր պատասխանել պատգամավորների` իրեն ուղղված հարցերին ու նրա փոխարեն պարբերաբար ամբիոնին էր մոտենում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը որոշեց այնպիսի հարց տալ, որին բացի Փաշինյանից ուրիշ ոչ ոք չէր կարող պատասխանել։
«Պարոն Փաշինյան, ո՞նց եք»,– Փաշինյանին հարց ուղղեց Գորգիսյանը։
Բայց անգամ այս հարցին վարչապետը չցանկացավ պտասխանել։ Փոխարենը պատգամավորին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ասելով. «Առաջարկում եմ` այդ հարցը գրավոր ուղարկեք»։
Գորգիսյանը պնդեց. «Թույլ տվեք, թող կառավարությունը պատասխանի, պարո՛ն Սիմոնյան»։
ԱԺ փոխնախագահն ու կառավարության անդամներն, այնուամենայնիվ, մնացին անդրդվելի։
Փոխարենը Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հերթագրված 29 պատգամավորներից միայն վերջինի` անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։


