Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ

Գնացել եք Բրյուսել, որ ի՞նչ անեք. Աշոտյանը` Փաշինյանին

204
Աշոտյանը խոսել է այն մասին, թե ինչը կարող է ԵՄ-Հայաստան հարաբերություններում շատ խորը և համապարփակ կնճիռներ առաջացնել։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Այսօր պարզվեց, որ Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը չի մասնակցելու Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ:

Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Գնացել եք Բրյուսել, որ ի՞նչ անեք։ Առնվազն տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը ողջ հոբելյանական ծրագրից ներկա է գտնվելու միայն այսօր երեկոյան Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից կազմակերպվելիք տոնական ճաշկերույթին և համերգին»,–գրել է նա։

Աշոտյանը երեք վարկած է ներկայացրել, որոնցով էլ պայմանավորել է գագաթաժողովին վարչապետի վաղվա բացակայությունը: Վարկածներից մեկն այն է, որ Փաշինյանը շտապում է Պեկին և ժամերի խնդիր ունի:

Սակայն, ըստ նրա, չի կարելի մի գործընկերոջ հետ հարաբերություններ կառուցել մյուսի քթի տակից ամենակարևոր միջոցառումից բացակայելով:

ՀՀԿ փոխնախագահի հավաստմամբ` կարելի էր ավելի լավ աշխատել այցերի ժամանակացույցի և արարողակարգի վրա, ու խուսափել այս մեծ անախորժությունից, որը կարող է նստվածք թողնել Բրյուսելում:

«Հաջորդ վարկածն այն է, որ Փաշինյանը չի մոռացել և չի ներել Յունկերին իր Բրյուսելյան այցի մամլո ասուլիսի կեսից գնալու փաստը, և այս անգամ որոշել է մասնակցել միայն Տուսկի միջոցառմանը, իսկ Յունկերինը՝ բաց թողնել: Չեմ ուզում հավատալ, որ այս վարկածը իրականության հետ աղերս ունի, քանզի կվկայի ԵՄ-Հայաստան հարաբերություններում շատ խորը և համապարփակ կնճիռների մասին»,– գրել է նա։

Ըստ Աշոտյանի՝ վերջին վարկածն էլ այն է, որ վերջին շաբաթներին շատ է խոսվել ԵՄ-Ադրբեջան նոր ռազմավարական գործընկերության համաձայնագրի նախաստորագրման: Ըստ նրա` եթե վաղը հայտարարվի այս համաձայնագրի նախապատրաստման ավարտի մասին և պարզվի, որ մեր կառավարությանը չի հաջողվել ԵՄ-ից ստանալ Արցախի հարցով Հայաստանի պայմանագրի հետ համադրելի և նույնական ձևակերպումներ, ապա գուցե  Փաշինյանը որոշել է բացակայել միջոցառումից և ստեղծված իրավիճակի ողջ ծանրությունն ու տհաճությունը բարդել արտգործնախարարի վրա:

Աշոտյանն իր գրառումն ամփոփել է` գրելով, որ լավ կլինի` Փաշինյանն անձամբ բացատրի հայ հասարակությանն այս թյուրիմացության իրական պատճառները, որը չի համապատասխանում և համահունչ է չէ Հայաստան-ԵՄ տարիների ընթացքում ձևավորված հարաբերություններին:

Հիշեցնենք, որ  Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 12-13-ին աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն և Բրյուսել: Բրյուսելում նա կմասնակցի Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից տրվող պաշտոնական ճաշին, որը նվիրված է Արևելյան գործընկերության 10-ամյակին։

204
թեգերը:
Արմեն Աշոտյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյան–Բեթել հանդիպում. ՀՀ–ն ու Լյուքսեմբուրգը նոր թափ կհաղորդեն համագործակցությանը
Նիկոլ Փաշինյանի լյուքսեմբուրգյան պաշտոնական ընդունելության 1–ին կադրերը. տեսանյութ
Լյուքսեմբուրգի վարչապետը հայերենով դժվարությամբ արտասանեց «շնորհակալություն» բառը
Փաշինյանն ասել է` որքան է արժեցել «թավշյա հեղափոխությունը»
Ռուսական գազի գինը նվազեցնելու տեղ կա. Փաշինյան