Սամվել Բաբայան

Ինչ են բանակցում Ալիևի հետ. Բաբայանը Փաշինյանին կոչ է արել կանգ առնել և փոխել ուղղությունը

176
Սամվել Բաբայանը կարծում է, որ ներկայիս ձևաչափն ու Մադրիդյան սկզբունքները չեն կարող հանգեցնել արցախյան հակամարտության կարգավորմանը, և այս հարցում նոր մոտեցումներ են պետք։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը քիչ հավանական է համարում այս պահին Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին։ Այս մասին նա հայտարարեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ադրբեջանը չի համաձայնի կարգավորման գործընթացին Արցախի մասնակցությանը։ Այս փուլում ես դա հնարավոր չեմ համարում», – ընդգծեց նա։

Նրա խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության վերջին հանդիպումները, մարդասիրական համագործակցության մասին պայմանավորվածությունները, ուղղված են փոխվստահության հաստատմանը, կողմերի դիրքորոշումների ու բանակցությունների ձևաչափերի հստակեցմանը։

Միևնույն ժամանակ Բաբայանը կարծում է, որ ներկայիս ձևաչափն ու Մադրիդյան սկզբունքները չեն կարող հակամարտության լուծման հանգեցնել, այդ հարցում նոր մոտեցումներ են պետք։ Այս համատեքստում նա կոչ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին կանգ առնել և փոխել ուղղությունը։

«Նրանք, ովքեր ասում են, որ ոչ մի թիզ հող չեն հանձնի, ինչպե՞ս են Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցություններ վարում։ Ադրբեջանցիները հող են ուզում, ինչի շո՞ւրջ են բանակցում` անհասկանալի է», – ասաց նա։

Բաբայանը կարծում է, որ Փաշինյանը գիտակցեց, որ Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն կարող իրականացվել, այդ պատճառով որոշեց անմիջական քննարկումների գնալ Ադրբեջանի ղեկավարության հետ։

Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում արցախյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացում սպասել պետք չէ։ Ամեն դեպքում անհրաժեշտ է ուժեղացնել բանակը, որպեսզի հայ դիվանագետները կարողանան ամուր դիրքերից բանակցել։

Հիշեցնենք, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտել շփման գծում միջադեպերի հետաքննության ԵԱՀԿ մեխանիզմների ներդրումը, ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչների գրասենյակի լիազորությունները, ինչպես նաև ԿԽՄԿ հովանու ներքո շարունակել անհետ կորածների մասին տվյալների փոխանակումը։

Իսկ Փաշինյանը ուղիղ ճանապարհով գնաց և Ալիևի հետ պայմանավորվեց օպերատիվ կապ հաստատելու և շփման գծում խաղաղություն պահպանելու մասին։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյանի և Ալիևի առաջին պաշտոնական հանդիպման արդյունքում կողմերն ընդգծեցին խաղաղության և երկխոսության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորման կարևորությունը։

176
թեգերը:
Սամվել Բաբայան, Իլհամ Ալիև, Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Արցախ
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (285)
Ըստ թեմայի
Փաշինյանն Ալիևի հետ հանդիպման մանրամասները դեռ չի պատմել թիմակիցներին
Նիկոլ Փաշինյանը պատմեց Ալիևի հետ հանդիպման մանրամասներն ու խոսեց արձագանքների մասին
ԵԱՀԿ նախագահը խոսել է Փաշինյան–Ալիևի հանդիպման մասին