Հայկ Սարգսյան

«Իմ քայլի» պատգամավորը պատասխանեց Ծառուկյանի հնչեցրած մեղադրանքներին

229
(Թարմացված է 17:25 16.04.2019)
Անձնական շահագրգռվածություն, թե՞ տնտեսական առաջընթաց։ ԱԺ–ում ցեմենտի ներմուծման հարցի շուրջ կրքերը թեժանում են։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանն այսօր հայտարարությունների ժամին ԱԺ ամբիոնից անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի ասածին, թե հանձնաժողովի որոշ անդամներ ունեն անձնական շահագրգռություն և հանդիպումներ են ունեցել ցեմենտ արտադրողների հետ:

«Ուզում եմ պաշտոնապես  հայտարարել, որ երեկ իմ աշխատասենյակում հանդիպում ենք ունեցել ցեմենտ արտադրող 3 գործարաններից 2-ի սեփականատերերի և տնօրենների հետ ու լսել նրանց մտահոգությունները»,- ասաց Սարգսյանը` այդ հանդիպումը մեկնաբանելով օրենսդրական նախաձեռնությունից առաջ ոլորտի խնդիրներին ծանոթանալու կարևորությամբ:

Պատգամավորը հայտնեց նաև, որ երկու անգամ զանգահարել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ և «Արարտցեմենտ» գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանին, բայց նրա հետ կապ հաստատել չի հաջողվել, ուստի նրան հանդիպելու առաջարկն արվեց նաև ԱԺ ամբիոնից: 

«Այստեղ որևէ անձնական շահագրգռություն չկա: Միակ ցանկությունն այն է, որ մենք հասկանանք, թե ինչ խնդիրներ ունեն մեր ցեմենտ արտադրողները»,- ասաց պատգամավորը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ-ն թույլ չի տալու, որ հայ արտադրողներին դնեն մի կողմ ու հարստացնեն իրանցիներին:

«Մենք այսօր մտածում ենք այլ երկրներից բիզնեսները Հայաստան բերելու մասին: Բայց տեսնում ենք ի՞նչ: Տարիներով ստեղծված բիզնեսները քանդվում են: Մարդիկ ասում են` մենք մեր աշխատատեղերը կորցնում ենք, ոչ մեկին դա հետաքրքիր չէ»,- ասաց նա:

Դալլաքյանը նշեց նաև, որ եթե Հայաստանը մտադիր է Իրանից ցեմենտ կամ ցեմենտի հումք` կլինկեր, ներմուծել, դա նշանակում է` ստեղծածը վերացնել:

Հիշեցնենք` կառավարությունը տեղական արտադրողին մրցակցային լավ պայմաններ ապահովելու համար օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել` ավելացնելով  Իրանից ներկրվող ցեմենտի մաքսատուրքը, բայց կլինկերի ներկրումը մնացել է ցածր մաքսատուրքով:

Այս մասին երեկ հայտարարվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում:

«Արարտցեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամներին մեղադրել էր այդ որոշումը անձնական շահագրգռությունից դրդված կայացնելու մեջ` նշելով, որ Իրանից էժան հումքի ներկրման դեպքում տեղական արտադրողները կսկսեն աշխատել այդ հումքով, ինչը զգալի կկրճատի ցեմենտի գործարաններում աշխատատեղերը:

Հիշեցնենք` ուրբաթ երեկոյան Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն ավելի քան 1000 աշխատակցի հայտնել էր, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Երեկ աշխատակիցները հրաժարվել էին վերցնել ծանուցագրերը և բողոքի ակցիա էին կազմակերպել` փակելով գործարան տանող ճանապարհը:

229
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, «Իմ քայլը» դաշինք, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), ՀՀ Ազգային ժողով, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը փակում է դուռը իրանական ցեմենտի առաջ. ի՞նչ կա կառավարության որոշման տողատակերում
Ո՞վ է օգտվում ցեմենտի էժան հումքից. Ծառուկյանը բացեց ցեմենտի գործարանի աղմուկի գաղտնիքը
«Արարատցեմենտի» աշխատակիցները փակել են գործարան տանող ճանապարհը. ի՞նչ են ուզում նրանք