ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Այսօրվանից «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերությունը եթեր չի ունենա:
Վերջին եթերը եղավ ապրիլի 8-ին, իսկ այսօր արդեն հեռուստառադիոընկերության աշխատակիցները, ինչպես ծանուցվել էին նախապես, գործազուրկի կարգավիճակում են:
Սակայն, մինչև այսօր նրանք դեռ չեն ստացել իրենց 4 ամիսների աշխատավարձը: Խոսքը վերաբերում է հունվար-մարտ ամիսների աշխատավարձին և ապրիլ ամսվա արձակման նպաստին և արձակուրդայիններին: Ընկերության աշխատակիցներին այսօր կայացած հանդիպման ժամանակ «Շիրակ» ՀՌԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Ղանդիլյանը վստահեցրել է, որ խնդիրը տեխնիկական է՝ իրեն տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարությունից, որ գումարն արդեն փոխանցված է և առաջիկա օրերի ընթացքում աշխատակիցները կստանան իրենց գումարները: Ի դեպ, խոսքը 37 մլն դրամի մասին է:
«Այսօր արդեն աշխատանքի չենք գնացել: Մենք՝ աշխատակիցներս մեր ծանուցումները ստացել էինք դեռ 2 ամիս առաջ՝ փետրվարի 8-ին: Այսօր միայն հանդիպում ունեցանք գործադիր տնօրենի հետ, ով փաստեց, որ իրեն վստահեցրել են՝ առաջիկա 2-3 օրերի ընթացքում մենք մեր հասանելիք ողջ գումարը կստանանք»,-նշեց լրագրող Մարիամ Խալաթյանը՝ տեղեկացնելով, որ իր գործընկերների նման ինքն էլ աշխատանքի ակտիվ փնտրտուքի մեջ է:
Հիշեցնենք, ՀՀ Կառավարությունը հունվարի 31-ին որոշում էր կայացրել լուծարել «Շիրակ» հանրային հեռուստառադիո փակ բաժնետիրական ընկերությունը։ Որոշման հիմքում այն էր, որ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից ՀՀ տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը եւ ամբողջությամբ անցում կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման: Շիրակի հանրային հեռուստառադիո փակ բաժնետիրական ընկերությունը մինչ օրս իրականացնում էր անալոգային հեռարձակում, չէր կարողանում ապահովել լայն լսարան: