ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ասելիքը դատարանում կասի ապրիլի 9-ին։ Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանի նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
«Ռոբերտ Քոչարյանը նիստին ներկա էր, բայց ընթացքում չի խոսել և ակնկալվում է, որ ամսի 9-ին կխոսի»,– ասաց Օրբելյանը։
Փաստաբանը հայտնեց նաև, որ մեղադրական ու պաշտպանական կողմերը նիստի ընթացքում ներկայացրել են իրենց բողոքները, բողոքի քննությունը դեռ չի ավարտվել։ Նիստն ընդհատվել է և կշարունակվի ապրիլի 9-ին, 14։ 30-ին։
Անդրադառնալով Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտին ու իրենց ներկայացված նյութերում առկա փաստական տվյալներին`Արամ Օրբելյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ և չէր էլ կարող լինել։
«Չկա բնության մեջ նյութ, որ 2008թ.–ին սահմանադրական կարգը Ռոբերտ Քոչարյանը տապալել է, որովհետև սահմանադրական կարգը 2008թ.–ին չի տապալվել»,– ասաց փաստաբանը։
Հիշեցնենք` 2019-ի մարտի 15-ին ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ:
Քոչարյանի փաստաբանական խումբն այս որոշումը բողոքարկում է ՀՀ վերաքննիչ դատարանում։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը զարմացրել է զինվորականներին և ուժային կառույցների ներկայացուցիչներին։ Արմեն Գրիգորյանն օրերս «Սիվիլնեթ» արևտամետ ռեսուրսին տված հարցազրույցում փաստացի հերքել է գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի խոսքերը։
Վերջինս 2020 թվականի նոյեմբերի 17-ի իր ուղերձում ասել էր, պատերազմի չորրորդ օրը անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է հայկական կողմի կորուստներն ու ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու - երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:
Սակայն ԱԽ քարտուղարը հիմա հակառակն է պնդում։ Նրա խոսքով՝ Գասպարյանը չորրորդ օրը չի առաջարկել դադարեցնել պատերազմը։ Գրիգորյանի խոսքով ՝ գլխավոր շտաբի ղեկավարն այդ նիստում ներկայացրել է ռազմական իրավիճակը, խոսել հակառակորդի կողմից թուրքական F-16 կործանիչների օգտագործման, Ջրականում (Ջաբրայիլ) Հայաստանի աննշան հաջողությունների մասին։
«Այդ նիստի ընթացքում ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը։ Այդ մասին առաջին անգամ խոսվել է հոկտեմբերի 19-ին անվտանգության խորհրդի նիստում։ Ասվել է, որ հայկական կողմն ունի ևս 2-3 օր, սակայն դրանից հետո պատերազմը շարունակվեց ևս 20 օր»,-հավելել է Գրիգորյանը։
Մենք մեկնաբանության համար դիմեցինք ԳՇ նախկին ղեկավարին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա խորհրդական Վլադիմիր Պողոսյանը Գրիգորյանի հայտարարությունները տարօրինակ անվանեց մի շարք պատճառներով։
«Գեներալ Գասպարյանի ուղերձը հրապարակվել էր դեռևս նոյեմբերի 17-ին: Եվ, ճիշտն ասած, անհասկանալի է, թե ինչու Արմեն Գրիգորյանը, որը լռում էր ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ հետագա ողջ ընթացքում, որոշեց հենց հիմա խոսել։ Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ նա այն ժամանակ չհերքեց գլխավոր շտաբի պետի խոսքերը»,- ասաց Պողոսյանը։
Բացի այդ, նա ուշադրություն հրավիրեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցին, որում նախարարն ասում է` ԳՇ–ի սառը հաշվարկի հիման վրա կատարված վերլուծությունը համաձայնեցված էր իր հետ։
Իսկ ԱԽ նիստին ներկա են եղել ոչ միայն Գասպարյանը, Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը, այլև նախագահ Արմեն Սարգսյանը, այն ժամանակվա արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, նույն Տոնոյանը: Եվ այդ բոլոր անձինք ցանկության դեպքում կարող են լույս սփռել այդ նիստի հանգամանքների վրա։
«Ենթադրում եմ, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո Գրիգորյանի հայտարարությունը բացառապես քաղաքական բնույթ է կրում։ Հաշվի առնելով ԳՇ-ի և դատական քաշքշուկների շուրջ ընթացող գործընթացները (Գասպարյանը դիմել է վարչական դատարան. խմբ.), փորձ է արվում սևացնել Գասպարյանին, որը հիմա մեծ հեղինակություն է վայելում բանակում և հասարակության մեջ։ Ես այլ ենթատեքստ չեմ տեսնում»,-ասաց Պողոսյանը։
Հեռակա բանավեճը մեր խնդրանքով մեկնաբանեց նաև ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը։ Վերջինս ԱԽ– այդ նիստին ներկա չի եղել, քանի որ ԱԱԾ տնօրենի պարտականությունները սկսել է կատարել մի փոքր ավելի ուշ, իսկ այդ ժամանակ ԱԱԾ-ն ղեկավարում էր Արգիշտի Քյարամյանը։
«Ես այդ նիստին չեմ մասնակցել։ Բայց որպես պատերազմի ժամանակ ուժային կառույց գլխավորած մարդ, կարող եմ միայն ասել, որ ես կասկածի տակ չէի դնի գեներալ Գասպարյանի խոսքերը»,-հայտարարեց Համբարձումյանը։
Ամեն դեպքում ԱԽ–ի պես լուրջ կառույցի ցանկացած նիստ ձայնագրվում է։ Հասկանալի պատճառներով մենք այդ հանդիպման սղագրության հասանելիություն չունենք, բայց ճշմարտությունը բացահայտելու ցանկության դեպքում դժվար թե դա բարդ խնդիր լինի։
Հիշեցնենք` Օնիկ Գասպարյանի շուրջ խնդիրներ ծագեցին, երբ փետրվարի 25-ին ԳՇ–ն պահանջեց կառավարության հրաժարականը։ Վարչապետը դա անվանեց հեղաշրջման փորձ և անմիջապես ստորագրեց գեներալին ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշումը։ Նախագահը երկու անգամ չստորագրեց այդ փաստաթուղթը և մարտի 10-ին դիմեց ՍԴ, որպեսզի ստուգեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի դրույթներից մեկի համապատասխանությունը սահմանադրությանը, որի հիման վրա Գասպարյանն ազատվել էր գլխավոր շտաբի պետի պաշտոնից։ Սակայն գործող օրենսդրության հիման վրա վարչապետի որոշումն ուժի մեջ մտավ մարտի 9-ին։ Իսկ ՍԴ-ում նախագահի դիմումի քննարկումը կարող է տևել մեկ ամիս։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում կարևորվել են երկխոսությունը քաղաքական ուժերի միջև և, իբրև իրավիճակի հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանն ընդդիմադիր ուժերին ու Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հանդիպել նախագահական նստավայրում։
Երեկ հայտնի դարձավ, որ այդ ձևաչափով հանդիպում չի կայանա։ Նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց` քանի որ հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի։
Այսօր առավոտյան ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Սարգսյանն իր նախաձեռնած քննարկումների շրջանակում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Մահացել է Դաշնության խորհրդում Տյումենի մարզի ներկայացուցիչ Միխայիլ Պոնոմարյովը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով խորհրդարանի վերին պալատի իր աղբյուրին։
Գործակալության զրուցակցի խոսքով ՝ մահվան պատճառը սրտի կանգն է եղել։ Սենատորը 67 տարեկան էր։
Պոնոմարյովը Դաշնության խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի փոխնախագահն էր։ Նա պարգևատրվել է Բարեկամության և Պատվո շքանշաններով:
Պոնոմարյովի հարազատներին և մերձավորներին ցավակցություն է հայտնել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
ՀՀ ոստիկանության փոխգնդապետը մահացել է խոշոր ավտովթարի հետևանքով



