Փաշինյան-Ալիև հանդիպումը Վիեննայում

Արցախի շուրջ գաղտնի գործընթաց չկա, ՀՀ իշխանությունն անկեղծ է հասարակության հետ. պատգամավոր

45
(Թարմացված է 21:02 04.04.2019)
Պատգամավորը կարծում է, որ նախկին իշխանության օրոք հասարակությունն ու ընդդիմությունը միշտ ենթադրել են, թե կա բանակցությունների տեսանելի մաս և խորքային գործընթացներ։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի իշխանությունը չափազանց թափանցիկ է իր գործողություններում և հասարակության հետ անկեղծ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հարցում։ Sputnik Արմենիային այս մասին ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Իգիթյանը` մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների` Վիեննայում կայացած հանդիպումը։

Նա հավաստիացրեց, որ բանակցություններում խորքային գործընթացներ չկան, և դրա հետ կապված բոլոր կասկածներն անհիմն են։

«Նախկին իշխանության օրոք հասարակությունն ու ընդդիմությունը միշտ ենթադրել են, որ բանակցությունների տեսանելի մասից բացի, կան նաև գաղտնի գործընթացներ։ Նման կասկածների համար որոշ հիմքեր են եղել` հաշվի առնելով իշխանության լեգիտիմությունն ու այն, որ միջազգային հանրությունն օգտվել է այդ իրավիճակից` ինչ–որ որոշումներ պարտադրելու համար։ Բայց հիմա իրավիճակ է փոխվել», – համոզված է Իգիթյանը։

Նրա կարծիքով` այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի շուրջ, լիովին բաց է և հասկանալի։ Ոչ մի անդրկուլիսային գործընթացներ տեղի չեն ունենում։ Պատգամավորի խոսքով` Հայաստանը կհասնի լիաֆորմատ բանակցությունների վերականգնման, ինչը ենթադրում է դրանց Ստեփանակերտի ներկայացուցիչների անմիջական մասնակցությունը։

«Հայկական կողմի տրամաբանությունը, ըստ որի բանակցություններին պետք է մասնակցի Արցախը, լիովին համահունչ է միջազգային հանրության մոտեցումներին։ Առայժմ մեր միջազգային գործընկերներից ոչ ոք չի պնդել հակառակը և հակադիր փաստարկներ չի ներկայացրել», – ասում է Իգիթյանը։

Մեր զրուցակիցը համոզված է, որ անհնար է լուծել մի ամբողջ բնակչության (Արցախի) ճակատագիրը առանց այդ բնակչության ներկայացուցիչների ներկայության։ Նրանք պետք է հնարավորություն ունենան քննարկելու և հասկանալու, թե որքանով են կարգավորման առաջարկվող տարբերակներն ընդունելի իրենց համար։

Հարցին, թե արդյոք Փաշինյանին հաջողվե՞լ է հայկական կողմի փաստարկների հիմնավոր լինելը համոզել ադրբեջանցի գործընկերոջը, Իգիթյանը նշեց, որ իշխանությունը չի ձգտում ինչ–որ մեկին համոզել։ Կողմերը ներկայացնում են իրենց մոտեցումները, լսում միմյանց փաստարկները։ Այդ նպատակով էլ ստեղծվել է բանակցային ձևաչափը։

«Վիեննայում կողմերը փորձել են հասկանալ, թե որ ուղղությամբ գնան և ինչպես վարեն բանակցությունները։ Բանն այն է, որ այդ բանակցությունները որպես այդպիսին դեռ չեն սկսվել։ Մենք բոլորս, այդ թվում` Մինսկի խմբի համանախագահները, փորձում ենք մթնոլորտ ստեղծել բանակցությունների մեկնարկի համար», – ասաց քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է մարտի 28–ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Մարտի 29–ին, Վիեննայում կայացել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

45
թեգերը:
Արցախ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը երբեք չի հրաժարվելու երկխոսությունից. Փաշինյանը`ղարաբաղյան հակամարտության մասին
Քաղտեխնոլոգը պարզաբանել է Փաշինյանի ու Տոնոյանի հռետորաբանությունը
Ալիևը Պուտինի հետ զրույցում պատմել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին
«Ով չի լսում Փաշինյանին, կլսի Տոնոյանին». բանակցությունների հայկական բանաձևը
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա առաջիկայում
Զոհրաբյան. «Մենք ուզում ենք Արցախի հարցով մեր օրակարգի մասին տեղեկություն ունենալ»
Սարգսյան. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հաշտեցման հեռանկար չկա»