Հայկական զինուժի մարտիկները՝ հրաձգարանում

Պարտադիր զինծառայության ժամկետները կրճատելու հարցում ՊՆ–ն դեռ չի կողմնորոշվել

253
(Թարմացված է 22:31 02.04.2019)
Նախագիծը կներկայացվի շահագրգիռ պետական մարմիններին ու հանրային քննարկման կհանվի։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ՀՀ ՊՆ–ն դեռ քննարկում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետների փոփոխության հարցը։

Այս մասին գրված է  Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան գերատեսչության ուղարկված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, մարտի 21-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ գերատեսչությունը քննարկում է ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետների փոփոխման հարցը։

«Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետների փոփոխության հարցը հաշվարկման և քննարկման փուլում է, որի արդյունքներով կմշակվի համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծ և սահմանված կարգով կներկայացվի շահագրգիռ պետական մարմիններին ու հանրային քննարկման», – գրված է հաղորդագրության մեջ։

Sputnik Արմենիայի թղթակիցն ավելի վաղ նման նախաձեռնության իրականացման հնարավորության մասին խոսել էր ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի հետ։ Նրա կարծիքով` հասարակության մեջ առկա լարվածությունն ու քաղաքական իրավիճակը ստիպում են ՊՆ–ին արձագանքել։

«Հասարակության շրջանում լարվածություն և որոշակի պահանջներ կան ուղղված  ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ կապված առաջնագծում ունեցած կորուստների հետ։ Հարցը պետք է ինչ–որ կերպ լուծում ստանա», – ասել էր Հարությունովը։ Մյուս կողմից, նշել էր փորձագետը, նաև քաղաքական ենթատեքստ կա. թեման բարձրացնում են տարբեր քաղաքական ուժեր, օրինակ, ԲՀԿ–ի առաջարկը` առաջնագիծը միայն պայմանագրային զինծառայողներով համալրելու վերաբերյալ։

Ինչպես ավելի վաղ նշել էր Դավիթ Տոնոյանը, ՊՆ–ն քննարկում է ծառայության ժամկետը կրճատելու հարցը մարտական հերթապահության մեջ ներգրավված ժամկետային զինծառայողների համար, և հակառակը` պարտադիր ծառայության ժամկետը երկարաձգելու մասին հարցը այն ժամկետային զինծառայողների համար, որոնք մարտական հերթապահության մեջ ներգրավված չեն։

253
թեգերը:
Հայաստան, Արցախ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Դավիթ Տոնոյան
Ըստ թեմայի
Հայաստանը Ադրբեջանին ասիմետրիկ պատասխան է տվել. փորձագետը` ՍՈւ-30ՍՄ ձեռք բերելու մասին
Հարությունով․ «Մոնթե Մելքոնյանի վարժարանի տեղափոխման հարցը քաղաքական է»
Գեներալների «վեճ» Հայաստանում. ի՞նչ է կատարվում ՊՆ–ի հետազոտական համալսարանում