Ազգային Ժողով. 5 մարտի 2019 թ.

Պատգամավորները «գրոհում են» նախարարներին. ժողովրդավարությունը մո՞տ է

170
(Թարմացված է 22:26 13.03.2019)
Կարծես թե, Հայաստանի օրենսդիր իշխանությունը մեղմ փորձեր է ձեռնարկում իրական հակակշիռ դառնալու գործադիր իշխանությանը։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Աժ–ում մի շարք աղմկահարույց օրինագծերի քննարկումը մի հատկանշական միտում է արձանագրում։ Իշխանության օրենսդիր մարմինը մեղմ փորձեր է ձեռնարկում իրական հակակշիռ դառնալու գործադիր իշխանությանը, ինչը առողջ քաղաքական համակարգի և խորհրդարանական կառավարման համակարգի անհրաժեշտ ատրիբուտ է։

Նման դիտարկման եզրահանգելու համար առիթ են հանդիսացել երկու օրինագծերի քննարկումները։ Դա հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին Առողջապահության նախարարության առաջարկած օրինագիծն է։ Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է մարտի 11-ին նախարար Արսեն Թորոսյանի և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում «Իմ քայլը» իշխող դաշինքի որոշ պատգամավորներ Թորոսյանին գրոհել էին մի շարք ոչ այդքան լոյալ հարցերով, որոնք վերաբերում էին օրինագծի մանրամասներին։ Իսկ այսօր Թորոսյանը Facebook–ի իր էջում գրառում էր կատարել, որում բողոքել է, որ իշխող խմբակցության որոշ պատգամավորներ չեն ցանկանում երկրում դրական փոփոխություններ տեսնել։

Նմանատիպ բանավեճ էր ծագել կառավարության և «Իմ քայլը» խմբակցության միջև Հարկային նոր օրենսգրքի ընդունման վերաբերյալ։ Ֆինանսների նախարարությունը, ինչպես հայտնի է, գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի համար զգալի բարձրացում է առաջարկում, ինչին դեմ են հանդես գալիս արտադրողները։ Նրանց հետ գրեթե համակարծիք են «Իմ քայլը» խմբակցության տնտեսական բլոկի ներկայացուցիչները։ Ավելի վաղ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ասել էր, որ ֆինանսների նախարարության առաջարկները կարող են հնարավորություն տալ խոշոր ձեռնարկություններին կլանել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Իսկ խմբակցության նրա գործընկեր Վարազդատ Կարապետյանը ավելի հեռուն է գնացել, չորեքշաբթի հայտարարելով, որ պատգամավորները կարող են դեմ քվեարկել ֆինանսների նախարարության առաջարկություններին, եթե հստակ գնահատական չտրվի սոցիալ–տնտեսական իրավիճակի վրա դրանց ազդեցությանը։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով` այն, որ «Իմ քայլը» խմբակցությունը որոշակի դիմակայություն է ցուցաբերում կառավարության օրենսդրական նախաձեռնություններին, վկայում է երկրի քաղաքական համակարգի աստիճանական առողջացման մասին։

«Նման բանավեճերը միշտ էլ օգտակար են։ Անկախ մեկ քաղաքական ուժի պատկանելու հանգամանքից, գործ ունենք իշխանության տարբեր ճյուղերի հետ։ Իշխանության օրենսդրական և գործադիր մարմինները պետք է կարողանան հավասարակշռել միմյանց։ Այս իմաստով պատգամավորների քննադատությունը կառավարության օրենսդրական նախաձեռնությունների հասցեին արժե միայն ողջունել», – Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Քոչարյանը։

Ընդ որում, իհարկե, հետաքրքիր կլիներ նայել, թե ինչպես կպահեին իրենց պատգամավորները, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի և Արսեն Թորոսյանի հայտնի բանավեճը` կառավարության վերջին նիստի ժամանակ։ Քոչարյանը չի բացառում, որ որոշ պատգամավորներ «հանդուգն» էին դարձել այն բանից հետո, երբ վարչապետը «վրա էր տվել» առողջապահության նախարարին։ Փաշինյանը կշտամբել էր նախարարին նրա համար, որ ծխելն արգելելու մասին նրա առաջարկները կարող են երկրի տնտեսությանը վնասել։

«Ավելի հետաքրքիր կլիներ տեսնել պատգամավորների արձագանքը նախքան վարչապետն իր վերաբերմունքը կհայտնի այս կամ այն օրինագծի վերաբերյալ։ Միայն այդ դեպքում կարելի է դատել խորհրդականների որևէ ինքնուրույն դիրքորոշման մասին։ Սակայն ընդհանուր առմամբ դրական միտումներ են նշմարվում», – ընդգծեց Քոչարյանը։

ԱԺ–ն երկար տարիներ համարվում էր մի կառույց, որը լուռ ողջունում էր կառավարության բոլոր ցանկություններն ու քմահաճույքները, իսկ բոլոր խոսակցությունները որևէ հավասարակշռության և շահերի բախման վերաբերյալ զուտ թղթի վրա էին մնում։

Հիմնական հարցն այսօր այն է, թե կհաջողվի՞ արդյոք նոր խորհրդարանին կոտրել այդ կարծրատիպը։

170
թեգերը:
Արսեն Թորոսյան, ՀՀ կառավարություն, ՀՀ Ազգային ժողով