Մասիս Մաիլյան

Հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակն է. Արցախն իր դիրքորոշումն է ներկայացրել ԵԱՀԿ–ին

140
Արցախի արտգործնախարարը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում պետք են նոր, իրատեսական մոտեցումներ, այդ թվում` Ստեփանակերտի մասնակցությամբ ձևաչափը վերականգնելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Արդեն ժամանակն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում եղած հնացած սկզբունքներից։ Այսօր ԵԱՀԿ ղեկավար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

Նա նշեց, որ ինքը ներկայացրել է բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության հիմնավորումը։

«Ինձ թվում է՝ մենք համոզիչ փաստարկներ ենք ներկայացրել (Միրոսլավ Լայչակին. խմբ.)։ Նրանք լսեցին, կարծում եմ` մեր խոսքերը նրանց համար սպառիչ էին և ընկալելի»,- ասաց Մայիլյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյան–Ալիև գալիք հանդիպմանը, ապա դա կարևոր է, բայց Հայաստանի վարչապետը Ստեփանակերտում ԱԱԽ նիստի ընթացքում նշել է, որ այդ հանդիպումների ժամանակ ինքը խոսելու է Հայաստանի անունից, քանի որ լիազորված չէ Արցախի անունից խոսելու։ Փաշինյանին մանդատ տալու հարցն Արցախում չի քննարկվել։

Մայիլյանի խոսքով` Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում կբարձրացվի եռակողմ ձևաչափը վերականգնելու հարցը։

Անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին` նախարարը նշեց, որ Դուշանբեում կայացած հանդիպումից հետո ողջունելի է զոհերի բացակայությունը (փոխհրաձգությունների հետևանքով` խմբ.), բայց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է իրագործվեն։

Խոսելով համանախագահների հայտարարության այն կետի մասին, որ հակամարտությունը պիտի կարգավորվի մադրիդյան սկզբունքների հիման վրա, և Արցախի շրջանները պետք է վերադարձվեն Արդբեջանի վերահսկողության տակ՝ նախարարն ասաց, որ նրանք կրկնել են այն սկզբունքները, որոնց մասին տարիներ շարունակ խոսվել է:

«Վերջին տարվա ընթացքում մենք չենք լսել այդ պնդումներն իրենց կողմից, դրա համար մի քիչ տարօրինակ էր, բայց նրանք փորձել են ասել, որ այդ առաջարկները դեռևս բանակցային սեղանի վրա են, բայց մեր վերաբերմունքն այնպիսին է, որ արդեն ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից։ Արդեն հնացել են 27 տարիներին եղած բոլոր առաջարկները: Դրանք պետք է վերանայվեն», - ասաց Մայիլյանը։

Նրա խոսքով` պետք են նոր, իրատեսական մոտեցումներ, այդ թվում` ձևաչափը վերականգնելու հարցում։ Եթե ոչ, ապա որևէ առաջընթաց չի կարող արձանագրվել գործընթացում։

Նա նշեց, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային հակամարտություն չէ, ինչպես փորձում է ներկայացնել Ադրբեջանը։ Հետեւաբար, փորձել այն միակողմանի զիջումների միջոցով կարգավորել անընդունելի է և խեղաթյուրում է հակամարտության էությունը։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման վերաբերյալ՝ ողջունելով հանդիպելու պատրաստակամությունը և ընդգծելով, որ հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ներառում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշում:

140
թեգերը:
Արցախ
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (266)
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ղարաբաղյան հակամարտության մեր դիրքորոշումը
Պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով. Յոհաննես Հանը` Ղարաբաղյան բանակցությունների մասին
Երկար հարց, կարճ պատասխան. Ղարաբաղյան հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել
Լավրով. Մոսկվան ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի հույս ունի