Նիկոլ Փաշինյան

Մարդիկ արդեն ուրիշ պահանջներ ունեն Փաշինյանի կառավարությունից, և դա նորմալ է. քաղաքագետ

266
(Թարմացված է 13:40 08.03.2019)
Ընդհուպ մինչև 2018թ–ի խորհրդարանական ընտրությունները, Հայաստանի վարչապետի վարկանիշն անխուսափելիորեն աճում էր, բայց հիմա, ըստ փորձագետների, իրավիճակը փոխվել է։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում ներքաղաքական կյանքը բնորոշվում է մի շարք խնդիրների առկայությամբ, որոնք տեսանելի ապագայում կսրվեն, և հիմնական քաղաքական բանավեճերը ծավալվում են դրանց շուրջ։ Sputnik Արմենիային այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Առաջին «կոնֆլիկտային» թեման սուպերվարչապետական համակարգն է։

«Նոր կառավարությունը, համենայն դեպս հիմա, մտադիր չէ հրաժարվել այդ համակարգից, խորհրդարանական ընդդիմությունն իր հերթին` ի դեմս «Լուսավոր Հայաստանի», փորձում է ավելացնել վերահսկողության մեխանիզմները իշխանության նկատմամբ։ Երկրորդ «քեյսը» տնտեսական հեղափոխության մասին դրույթն է։ Ակնհայտ է, որ կառավարության նոր ծրագիրը չի կարող լինել տնտեսական հեղափոխության ծրագիր», – ավելացրեց Սուրենյանցը։

Փորձագետը նշեց, որ հետհեղափոխական էյֆորիան զգալիորեն նվազել է, և դա հանգեցրել է նաև Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազման, ինչը Սուրենյանցը նորմալ երևույթ է համարում։

«Ի վերջո, այլ բան է լինել հեղափոխության առաջնորդ, մեկ այլ բան՝ լինել իշխանության պատասխանատու։ Դրանք երկու անհամատեղելի կարգավիճակներ են», – նշեց Սուրենյանցը։

Նրա խոսքով` հեղափոխությունից հետո, մինչ խորհրդարանական ընտրությունները Փաշինյանի վարկանիշի բնական վերելք էր նկատվում, որովհետև շատ հեշտ էր թիրախավորել խորհրդարանը, շատ հեշտ էր նախկին խորհրդարանը ներկայացնել որպես հին համակարգի խորհրդանիշ ու պահապան և մոբիլիզացնել հասարակությանը «Բաստիլը գրավելու» գաղափարի շուրջ։

«Բաստիլը» գրավվեց, հասարակությունը մոբիլիզացվեց, հեղափոխական ուժը ստացավ սահմանադրական մեծամասնություն, և շատ բնական է, երբ իշխանությունն ամբողջովին կենտրոնանում է հեղափոխական կառավարության կամ Նիկոլ Փաշինյանի ձեռքում, դրանից հետո հասարակությանն արդեն ավելի քիչ են սկսում հետաքրքրել տեսարանները, և հասարակությունը սկսում է ավելի շատ պահանջել։

«Դա, բնականաբար, բերելու է հեղափոխական կառավարության վարկանիշի որոշակի անկման, ինչը դեռևս չի հասել մտահոգիչ սահմանագծի, բայց, եթե կարճ ժամանակում Նիկոլ Փաշինյանի թիմին չհաջողվի ստեղծել կենսունակ համակարգ, որը կարողանա մի կողմից երկրի զարգացման տեսլականը ձևակերպել, մյուս կողմից օպերատիվ լուծում տալ բազմաթիվ խնդիրների, ապա վարկանիշի անկումը կարող է խորանալ», – ասաց մեր զրուցակիցը։

Նրա համոզմամբ` Հայաստանում տեղի է ունենում հասարակական տրամադրությունների աստիճանական հատվածավորում, հասարակությունը վերադառնում է իր բնական վիճակին։ Դա կօգնի երկրում ձևավորել նորմալ ընդդիմություն և արդյունավետ գործող քաղաքական համակարգ։

266
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պետք է հանդիպում ունենանք Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյան
«Փաշինյանից հեռացել է նույնիսկ նրա կախարդական փայտիկը». Շարմազանով
«Ունենք համազգային օրակարգ, որի նպատակը համազգային նպատակների իրագործումն է». Փաշինյան
«Արա, էս ի՞նչ էր։ Հասե՜ք, փրկեք...». Փաշինյանն արձագանքել է կնոջ անպատասխան հարցազրույցին
Դուք միայն հեղափոխականների վարչապետը չեք. Հովհաննիսյանը սթափության կոչ է անում Փաշինյանին
Քաղաքական հեղափոխությանը չմասնակցածներն այսօր առիթ ունեն մասնակցելու տնտեսականին. Փաշինյան