ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Թուրքիայում ցավագին են ընկալում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի հայտարարությունները, սակայն դա ժամանակավոր երևույթ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որը կայացել է փետրվարի 5-ին, ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։ Ի պատասխան Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան հավատարիմ է մնում Հայոց ցեղասպանության մերժման քաղաքականությանն ու քննադատում է Ֆրանսիայի նախագահի որոշումը։
«Եթե վերլուծում ենք Թուրքիայի հայտարարությունները՝ բառապաշարը, ընդհանուր մոտեցումները, ապա ոչ մի նոր բան չկա։ Նախկինում էլ էր թուրքական իշխանությունը նույն բովանդակությամբ հայտարարություններ հնչեցնում», - ասաց Պետրոսյանը։
Ֆրանսիայի հարցում Թուրքիան բավականին զգայուն է` հաշվի առնելով Ֆրանսիայի կարևորությունը` որպես ԵՄ անդամ, առևտրային լուրջ գործընկեր և այլն։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ աշխարհի ամենակարևոր երկրներից մեկում Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դրա մասին խոսակցությունները թուրքական իշխանության ուշադրության կենտրոնում են հայտնվում։
Թուրքական կողմն անընդհատ խոսու է պատմաբանների հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին։
Պետրոսյանը չի բացառում, որ ապագայում Թուրքիայից արձագանք կլինի, այն էլ` բարձր մակարդակով։
Նախկինում երկու պետությունների միջև նման «ճգնաժամեր» եղել են, ընդ որում՝ ոչ միայն Ֆրանսիայի հետ, դրանք ուղեկցվել են նաև դիվանագիտական նոտաներով։ Սակայն ժամանակի ընթացքում հարաբերությունները կարգավորվել են։
«Ֆրանսիայի հարցում վերջին տարիներին նման դեպքեր եղել էին։ Սկզբնական փուլում թուրք հասարակությունն ու իշխանությունը բավականին բացասական էին արձագանքում, քննադատում էին։ Սակայն որոշ ժամանակ անց հարաբերությունները նորից իրենց հունով էին ընթանում», - նշեց Պետրոսյանը։
Երկու երկրների փոխադարձ շահերի առկայությունը խթանում է հակասությունների վերացումը։
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ քաղաքական հարաբերություններին, ապա Թուրքիայում «հետախուզական փուլ» է։ Այնտեղ փորձում են պարզել՝ ինչ դիրքորոշում է ունենալու Հայաստանի նոր իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների․ ցեղասպանության միջազգային ճանաչման ու ղարաբաղյան խնդրի հարցում։
«Ամեն դեպքում Թուրքիայի հետ հարաբերությունները մեծապես կախված են Ադրբեջանից, այնպես որ չարժե այդ ուղղությամբ առաջխաղացում ակնկալել», - ընդգծեց փորձագետը։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ նահանգների զգալի մասը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դեւիդ Հոֆմանի հետ, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծել՝ ռազմագերիների և գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարեւորություն ունի հայկական կողմի համար: Խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվեն այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում: Միրզոյանը նաև ընդգծել է, որ արցախյան հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Դեսպան Թրեյսին իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին:
Կողմերը զրույցի ընթացքում քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք ընդգծել են Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարևորությունը:
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դիվանագետի օրվա առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Այսօրվա բարդ համաշխարհային միջավայրում ձեր դերն ու առաքելությունը մեր պետության կյանքում առավել մեծ նշանակություն է ստանում։ Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները», - գրված է Փաշինյանի ուղերձում։
Նշված է, որ չնայած պատերազմի հասցրած հարվածներին՝ մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, հասկանալ նախկինում ունեցած անհաջողությունների պատճառները եւ առաջ շարժվել նպատակներին հասնելու համար:
«Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են մասնավորապես պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում: Վստահ եմ` պատվով կիրականացնեք ձեր առաքելությունն ու ծառայությունը մեր պետության առջև», - գրված է ուղերձում։
Հայաստանի կառավարությունը 2012-ին որոշել է մարտի 2-ը հռչակել Դիվանագետի օր։ 20 տարի առաջ այդ օրը Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին։
ՀՀ–ի ռուս դիվանագետները պատվաստվել են «Սպուտնիկ V»-ով. Զախարովան մանրամասներ է հայտնել
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին



