Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

Ինչու է ՌԴ–ն կենտրոնական տեղ զբաղեցրել ՀՀ կառավարության ծրագրում. քաղաքագետի պարզաբանումը

207
(Թարմացված է 21:09 07.02.2019)
Հայաստանի կառավարության ծրագրում Ռուսաստանի հետ համագործակցելու դրույթներն ընդհանուր առմամբ արտացոլում են երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրը։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Փորձագետներն ու քաղաքական շրջանակները ոչ միանշանակ արձագանքեցին ՀՀ կառավարության ծրագրի նախագծին, որը հրապարակվեց փետրվարի 6–ին։ Ոմանք կառավարությանը գովեցին իրատեսության ու ավելորդ պերճախոսության բացակայության համար, ոմանք էլ հակառակը` փաստաթուղթը թույլ ու անօգնական համարեցին։ Ասվածը վերաբերում է նաև արտաքին քաղաքական ոլորտի հատվածին։

Փաստաթղթում նշված է, որ Ռուսաստանի հետ ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունների խորացումը դիտարկվում է որպես Երևանի առաջնահերթություններից մեկը։ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները հիմնված են բարեկամության, իրավահավասարության, համատեղ ջանքերով խնդիրները լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի հետ համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղկացուցիչ։

Պակաս հագեցած են թվում ԱՄՆ–ի հետ հարաբերությունները։ Կառավարության ծրագրի հեղինակները նշում են, որ Երևանը մտադիր է խորացնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ` Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու և տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնման ուղղությամբ։ Կարելի է նկատել, որ սա ընդհանրական արտահայտություններ են, որոնք առարկայական մոտեցումներ ու լուծումներ չեն պարունակում։

Սրա վրա ուշադրություն է հրավիրում նաև քաղտեխնոլոգ Սուրեն Սարգսյանը, որը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց` ծրագրի հեղինակները, չգիտես ինչու, չեն նշել, թե հատկապես որ ուղղություններով են աշխատելու Վաշինգտոնի հետ։

Նրա խոսքով` տնտեսական համագործակցության ու տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ ընդհանուր ձևակերպումները շատ քիչ են հայ–ամերիկյան օրակարգի համար։ Նա նաև նկատում է, որ ծրագրում Վաշինգտոնի հետ ռազմական համագործակցության զարգացման մասին խոսք չկա, այն դեպքում, որ ԱՄՆ–ն աշխարհի թիվ մեկ գերտերությունն է, և այդ պետության հետ հարաբերությունները պետք է սկզբունքային նշանակություն ունենան Հայաստանի համար

«Այստեղ կարևորը ոչ թե արտահայտություններն ու ձևակերպումներն են, այլ թե որքանով դրանք կկատարվեն։ Գործերը խոսքերից կարևոր են, ու այստեղ դեռ դժվար է ասել` արդյո՞ք Հայաստանի իշխանությունը հետևողական կլինի բարձրաձայնած գաղափարների իրականացման հարցում», – ասաց փորձագետը։

Հայաստանի կառավարության ծրագրի նախագծում Ռուսաստանի հետ համագործակցության դրույթներն ընդհանուր առմամբ արտացոլում են երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրը։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով` Մոսկվայի օգտին ընտրողականությունը հաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի բազում հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն արտաքին քաղաքական ոչ մի ռևերս չի անելու։

«Կարծում եմ` բոլորը հասկանում են, որ Հայաստանի շահերը Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների ամրապնդում են թելադրում, ու այդ հարաբերությունները որևէ այլ բանով փոխարինելն անհնար է։ Արտաքին քաղաքական մոտեցումներով սկզբունքային փոփոխություններ չկան ու չեն կարող լինել», – նշեց Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

Նախորդ իշխանության ու Փաշինյանի մոտեցման միակ տարբերությունը դրսևորվում է միայն Արցախի հարցում։ Փաշինյանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ինքը Ստեփանակերտի անունից խոսելու լիազորություն չունի։

«Ի դեպ, նման մոտեցումը շատերին է լրջորեն մտահոգում, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Նման իրավիճակը բանակցային գործընթացի սառեցման վտանգ է առաջացնում, ու ի վերջո կարող են բանակցությունների դադարեցման պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա», – ասաց փորձագետը։

Իսկ եթե ղարաբաղյան խնդիրը մի կողմ դնենք, ապա անկախ նրանից` ով է ՀՀ–ի իշխանության ղեկին լինելու, արտաքին քաղաքականությունը փոփոխությունների չի ենթարկվի։ Ու դժվար թե որևէ մեկը ռիսկի դիմի ու շոշափելի շտկումներ անի այդ հարցում։

 

207
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
ՌԴ ԱԳՆ–ն չի հայտարարում Մնացականյանի և Մամեդյարովի հետ Լավրովի հնարավոր հանդիպման մասին
Տոնոյանը Մոսկվայում քննարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերը
Փաշինյանն ու Մեդվեդևը զրուցել են հեռախոսով