Արամ Ա կաթողիկոս

Արամ Ա կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել Մակրոնին

53
(Թարմացված է 17:43 07.02.2019)
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահի նախաձեռնության համար։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը շնորհակալական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ողջունելով ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու որոշումը: Այս մասին նշված է Կիլիկիո կաթողիկոսարանի կայքում։

Նորին Սրբությունն իր նամակում ընդգծել է Մակրոնի որոշման կարևորությունը։

«Մենք խորապես հավատում ենք, որ այս որոշումը Ձեր կապվածության, արդարության, մարդկային իրավունքների, պատմական անհերքելի իրողության և 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության պերճախոս արտահայտությունն է»,– նշել է կաթողիկոսը։

Վեհափառ հայրապետի խոսքով` Ֆրանսիայի նախագահի այս որոշումը շոշափելի արտահայտությունն է այն բարեկամական կապերի, որոնք միավորում են ֆրանսիացի և հայ ժողովուրդներին։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ապրիլի 24-ը կդառնա «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր»։ Մակրոնը նշել էր, որ իր այս նախաձեռնությունը կսկսի գործել հաջորդ ապրիլի 24-ից։

Սրան հաջորդել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի արձագանքը։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ նահանգների զգալի մասը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

53
Ըստ թեմայի
Եթե ցեղասպանությունը սուտ է, ինչո՞ւ է Էրդողանը 5 տարի շարունակ ցավակցում հայերին. Փայլան
Թուրքիան արձագանքեց Մակրոնի` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր նշելու հայտարարությանը