Շքերթ Բաքվում

Թող Իսրայելը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինյանը չի փչացնի հարաբերությունները Իրանի հետ

202
(Թարմացված է 00:38 06.02.2019)
Ռուբեն Գյուլմիսարյան
Իսրայելի պաշտպանության նախարարությունը թույլ է տվել Aeronautics Defense Systems Ltd ընկերությանը վերսկսել Ադրբեջանին Orbiter 1K մարտական անօդաչու–կամիկաձեներ առաքելը։ Պաշտոնատար անձինք շարունակում են մնալ պատժամիջոցների տակ, բայց ընկերությունն այսուհետ ազատ է իր գործողություններում։ Տարօրինակ ոչ մի բան չկա, որ նման որոշում ընդունվել է հենց այս ժամանակահատվածում։

Aeronautics Defense Systems Ltd (ADS) իսրայելական ընկերությունը կրկին կարող է անօդաչու թռչող սարքեր տրամադրել Ադրբեջանին։ Ինչպես հաղորդում է The Times of Israel–ը, Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղարկել է արգելքը, որը սահմանված էր ընկերության վրա Orbiter 1K անօդաչու–կամիկաձեների վաճառքի համար։

2017թ–ին Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները ձեռք բերելով նոր անօդաչու թռչող սարքեր, խնդրել էին ADS աշխատակիցներին ցուցադրել դրոնների հնարավորությունները։ Դրա համար օպերատորներին առաջարկել էին հարվածել Արցախի հայկական դիրքերին։ Իսրայելական օպերատորները հրաժարվել էին կատարել խնդրանքը, սակայն ընկերության մենեջերները, հավանաբար վախենալով շահավետ պայմանագրի ձախողումից, իրենք էին լիցքավորել դրոնները և թիրախավորել հայկական դիրքերը։ Դրանից հետո Իսրայելի ՊՆ–ն կասեցրել էր ընկերության երեք ղեկավարների արտահանման արտոնագրերը։ Ու հիմա պարզվում է, որ կասեցումը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց, այլ ոչ թե ընկերությանը։

Իսրայելի ՊՆ որոշումը, իհարկե, տհաճ է Հայաստանի համար։ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը երեքշաբթի ճեպազրույցում հայտնել է, որ Հայաստանը բարձրացնում է  իսրայելական ընկերության կողմից Ադրբեջան դրոնների առաքումը վերսկսելու հարցը ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի ձևաչափում։

Ճիշտ խոսքեր են, և իհարկե անհրաժեշտ է բարձրացնել հարցը։ Սակայն հարց է ծագում, թե դա ինչ արդյունք կունենա. Իսրայելը կարող է թույլ տալ իրեն համարել, որ ոչ ոք չի կարող իրեն թելադրել, Թել Ավիվն այդպես էլ պահում է իրեն միջազգային ասպարեզում։ Իսկ այն հանգամանքը, որ նման որոշումը վատ է համաձայնեցված միջազգային հարաբերություններում ընդունված քաղաքավարության կանոնների հետ, կարևոր չէ։ Այդ ե՞րբ է քաղաքականությունը, այն էլ իսրայելական, կախված եղել սենտիմենտներից...

Բացի այդ, ինչպես նշվում է նույն The Times of Israel–ի հոդվածում, նման որոշումը հակասում է իսրայելական օրենսդրությանը։ Ամենայն հավանականությամբ, դա ցույց է տալիս իսրայելական որոշման ցուցադրականությունը` ի պատասխան Հայաստանի որոշ գործողությունների, որոնք առաջացրել են Թել Ավիվի դժգոհությունը։

Հարկ չկա գուշակել, թե ինչն է դարձել իսրայելական բարկության պատճառը։ ADS–ի վերաբերյալ համաներման մասին որոշումն ընդունվել է անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի է դարձել փետրվարի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իրան կատարելիք այցի մասին։ Թեհրանի հետ ցանկացած կապեր անթույլատրելի են, կարծում են Իսրայելում, և դրանք ակնթարթային պատասխանի են արժանանում։

Եվ Թել Ավիվին բոլորովին չի հետաքրքրում, որ Հայաստանի ու Իրանի բազմադարյա, բարիդրացիական հարաբերությունները միայն վերջին տարիների ձեռքբերումը չեն, որ ԻԻՀ–ում բազմահազարանոց հայ սփյուռքն իրեն հիանալի է զգում, որ, վերջապես, երկու կողմերից սեղմված Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ փչացնել հարաբերություններն ազդեցիկ հարևաների հետ։ Ընդհանրապես, Հայաստանն ինչո՞ւ պետք է փչացնի դրանք։

Միգուցե Թել Ավիվում հույս են ունեցել, որ վերջին ամիսներին Հայաստանի արտաքին քաղաքականությունում տեղի ունեցող խառնաշփոթի հետևանքով Երևանը կվերանայի՞ Իրանի հետ հարաբերությունները։ Հնարավոր է։ Սակայն Երևանն իր համար ընդունելի չի համարել Թեհրանի դեմ Թել Ավիվի հետ ընկերություն անելը, և դա սպասելի էր։

Նույն Իսրայելում կան ուրիշ ընկերություններ, որոնք արտադրում են անօդաչու թռչող սարքեր` լավ և տարբեր, և ամեն դեպքում Ադրբեջանը չէր մնա առանց իսրայելական դրոնների, իսկ ADS–ի աշխարհի միակ ընկերությունը չէ։ Այնպես որ այդ առումով մեզ համար տարբերություն չկա։

Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները հազիվ են նշմարվում, իսկ եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա դրանք գրեթե բացակայում են։

Միաժամանակ փաստ չէ, որ եթե Երևանը բավարարի Թել Ավիվի որոշ սպասումներ, այդ հարաբերությունները կբարելավվեն։ Իսրայելն ուղղակի կընդունի դա որպես սովորական բան, և ամեն ինչ կմնա նույնը` որպես լրացուցիչ փաստարկ հաշվի առնելով Թուրքիայի հետ հրեական պետության մտերմությունը։

Այդ երկրների միջև տարաձայնությունները, որոնք երբեմն ուղեկցվում են դիտավորյալ բարձրագոչ փոխադարձ մեղադրանքներով, կարելի է բնութագրել հին ասացվածքով այն մասին, որ սիրեցյալները միայն զվարճանալու համար են վիճում։

Բայց հարցը պետք է դնել թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ միջազգային։ Այնպես չէ, որ դա ինչ–որ բանի կհանգեցնի, բայց այս դեպքում ուսերը թոթվելը և լռելն ավելի վատ է, քան արտահայտվելը։

202
թեգերը:
Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ադրբեջան, Իսրայել
Ըստ թեմայի
Հայաստանի իշխանությունը պետք է ուշադիր հետևի Մերձավոր Արևելքի իրադարձություններին.արաբագետ
Նեթանյահուն Էրդողանին անվանել է «հակասեմիտական բռնապետ» և բողոքել ամենօրյա թրոլինգից
Թուրքիայի ու Ադրբեջանի կողքով. Հայաստան-Իսրայել հարաբերությունների զարգացման ժամանակն է
Հայաստանին մատակարարած ռուսական զենքը չեզոքացրել է Բաքվի գերազանցությունը․ Եվսեև