Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը. Դավոս, 22 հունվարի 2019 թ.

Հայ հասարակությանը Արցախի խնդրից շեղող թեմաներ. ինչ-որ գործընթա՞ց է սկսել

272
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության որոշ շրջանակներին ձեռնտու է, որ հայ հասարակության ուշադրությունը շեղվի պակաս կարևոր թեմաներով։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայ հասարակությունը շեղվում է երկրորդական թեմաներով, չնայած առկա ռազմավարական կարևորություն ունեցող խնդիրներին։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«ԶԼՄ-ներում  ու սոցցանցերում քննարկվում են բազում թեմաներ, որոնք այսրոպեական են։ Դրանց շարքում է ոչ միայն չափազանց մեծ պարգևավճարների սովորական հարցը (որը չէր կարելի շաբաթվա թրենդ դարձնել). կան նաև այլ «մաստակ-թեմաներ», օրինակ այս կամ այն մարդու ազատ արձակումը կամ կալանավորումը», - կարծում է Հակոբյանը։

Մինչդեռ պետության առջև ծառացած լուրջ խնդիրները անտեսվում են ու այդ հարթակներում չեն քննարկվում։ Քաղտեխնոլոգը չի բացառում՝ ինչպես իշխանության (որը միատարր չէ), այնպես էլ ընդդիմության որոշ խմբերի համար ձեռնտու է, որ հասարակության ուշադրությունը կենտրոնացած լինի մեկ օրանոց թեմաների վրա։

Առավել կարևոր հարցերի շարքում Հակոբյանն առանձնացրեց երկրի զարգացման հետ կապված ծրագրերը։ Եվս մեկ լրջագույն թեմա՝ ղարաբաղյան հարցի կարգավորումն է․ դրա շուրջ ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում։

«Ադրբեջանն ու Հայաստանն իրարամերժ հայտարարություններ են անում։ Ընդհուպ մինչև այն, որ Բաքուն հայտարարում է, թե բանակցություններ են ընթանում, իսկ Հայաստանը հերքում է դա։ Պետք չէ հավատալ Ադրբեջանի հայտարարություններին, բայց այս թեմայով քննարկումներ են պետք», - կարծում է քաղտեխնոլոգը։

Նա կասկած հայտնեց Ղարաբաղի թեմայով առաջիկա պայմանավորվածությունների վերաբերյալ, այդ թվում՝ շրջանակային համաձայնագրի։ Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը դանդաղ է բանակցային գործընթաց մտնում, հարմարվելու համար նրան ժամանակ է հարկավոր։

Հակոբյանի խոսքով՝ տեղեկատվական «արտահոսքերն» ու արտանետումներն ավելի շատ նման են իշխանությանը ճնշելու փորձի։ Դրանք ուղղված են այդ թվում հասարակության մեջ անվստահություն առաջացնելուն, իշխանությանը նյարդայնացնելուն։

«Տեսնում եմ՝ ինչ-որ գործընթաց է գնում, բանակցություններն արագացնելու մեջ հետաքրքրված աշխարհաքաղաքական կենտրոններ կան։ Նրանց կարծիքով՝ վարչապետի բարձր վարկանիշը կարելի է օգտագործել այս կամ այն «ոչ պոպուլյար քայլերն» իրագործելու համար»,  - կարծում է Հակոբյանը։

Շատերի մոտ անհանգստություն է առաջացրել «հասարակությունները խաղաղության պատրաստել» արտահայտությունը, որը հնչել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ՝ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքում համատեղ հայտարարության մեջ։ Հանդիպումը կայացել է հունվարի 16-ին Փարիզում։ Ի՞նչ է դա նշանակում։  Ի՞նչ փուլեր են արդեն անցել, ու ի՞նչ պայմանավորվածություններ կան։

«Հասարակությունները խաղաղության պատրաստելու համար անհրաժեշտ է, որ քաղաքական որոշում պատրաստ լինի։ Եթե բոլոր մանրամասները համաձայնեցված չեն, ապա ոչինչ համաձայնեցված չէ», - նշեց Հակոբյանը։

Միաժամանակ, քաղտեխնոլոգի խոսքով, Ղարաբաղի հարցով հանրության համար բաց բանակցություններ նույնպես պետք չէ ակնկալել։ Ըստ նրա՝ դեռ «թավշյա հեղափոխությունը» Հայաստանում ցույց է տվել, որ տեսախցիկների առջև բանակցությունները հաջող չեն լինում։ Այդ պատճառով ղարաբաղյան կարգավորման բոլոր ասպեկտները չեն կարող գաղտնազերծվել։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ասել էր լրագրողներին, որ քաղաքացիներին հետաքրքիր են նրա ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսակցության մանրամասները, սակայն էթիկայից դուրս է պատմել ամեն ինչ։

Հիշեցնենք, որ Փաշինյանի ու Ալիևի նախապես չհայտարարված հանդիպումը կայացել էր հունվարի 22-ին Դավոսում։ Փաշինյանը հետո պատմեց, որ քննարկվել է բանակցային գործընթացի պատությունը, կարգավորման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը, առկա խոչընդոտները։ Միաժամանակ կոնկրետ բաներ չեն խոսվել, մանրամասներ չեն քննարկվել։

272
թեգերը:
Հայաստան, Արցախ
Ըստ թեմայի
Ի՞նչ են քննարկել Ադրբեջանի և Հայաստանի նախարարները Փարիզում. փորձագետի եզրահանգումները
Շրջանառվող լուրերն ու մեկնաբանություններն աղավաղում են Իրանի դիրքորոշումը. ռազմական կցորդ
Գեղամյան.«Չավուշօղլուի հայտարարությամբ Թուրքիան փորձ արեց ճնշում գործադրել Հայաստանի վրա»
Թուրքիան միջամտում է և փորձում ճնշում գործադրել Հայաստանի վրա. ինչպե՞ս դուրս գալ փակուղուց