Նիկոլ Փաշինյան. ՀՀ վարչապետ

Փաշինյանը խոսել է ապագա կառավարության կառուցվածքի մասին

178
(Թարմացված է 21:36 18.01.2019)
ՀՀ վարչապետը պնդում է, որ սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգվի վարչապետի աշխատակազմի կողմից:

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Ընդհանրապես ընդունված է, որ կառավարման համակարգում 1 ղեկավարի հետ աշխատեն 9-11  աշխատողներ, իսկ մեր դեպքում 3-5 աշխատողին 1 ղեկավար է բաժին ընկնում:

Այս մասին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին:

«Ունենք իրավիճակներ, երբ կան օղակներ, բաժիններ, որ ունեն ղեկավարներ, բայց չկան ենթականեր, օրինակ՝ նախարարություններում կան բաժիններ, բաժնի պետեր, որոնք չունեն աշխատակիցներ, քանի որ բաժնի պետի, տեղակալի աշխատավարձերն ավելի բարձր են, քան աշխատողներինը: Սրա արդյունքում հանդիպում ենք այլ խնդրի: Երբ շատ են աշխատողները, աշխատավարձերն էլ են ցածր լինում: Պետական համակարգի օպտիմալացումը նաև պատշաճ աշխատավարձերի ապահովումն է: Բայց ասել, որ օպտիմալացումը փող խնայելն է, սխալ է»,-նշեց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այնպես պետք է անել, որ 2 գերատեսչություն նույն հարցով չզբաղվի, օրինակ՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները զբաղվում են ճանապարհների հարցով:

Ինչ վերաբերում է Կրթության գիտության և Մշակույթի նախարարությունների միավորմանը, ՀՀ վարչապետը բերեց միջազգային օրինակը՝ նշելով, որ մի շարք երկրներ, որոնք տնտեսական առաջընթաց ունեն, այդ փորձն արել են:

«Ես համարում եմ, որ մշակույթն ունի գործնական նշանակություն՝ մարդկանց, քաղաքացիների կրթական ցենզը բարձրացնելու, այսինքն՝ մշակույթն առաջին հերթին կրթական նշանակություն ունի»,-նկատեց Փաշինյանը:

Վերջինս հավելեց, որ արդյունքում կլինեն ավելի քիչ փոխնախարարներ, ծառայողական ավտոմեքենաներ, բայց խնայված միջոցները կտրվեն արվեստի զարգացման:

Խոսելով Սփյուռքի նախարարության ապագայի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախարարության փակվելու թեման քննարկվում է, քանի որ շատ կարևոր գործառույթներ կան, որ նախարարությունն իրականացնում է սփյուռքում, և դրանց զգալի մասը մշակութային ու կրթական են: «Անարդյունավետ կառավարման օրինակ է, երբ նույն գործառույթը 2 նախարարություն է իրականացնում»,-բացատրեց նա:

Վերջինիս ներկայացմամբ՝ սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգվի վարչապետի աշխատակազմի կողմից:

«Սա ենթադրում է, որ Սփյուռքի նախարարության կորիզը կտեղավորվի վարչապետի աշխատակազմում՝ որպես աշխատակազմի ստորաբաժանում: Այստեղ առաջանում է խնդիր՝ իսկ ո՞վ է համակարգելու այն, մենք ունենք մի քանի տարբերակ, որոնցից մեկն այն է, որ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանը սփյուռքի հետ հարաբերությունների գծով կզբաղվի սփյուռքի հետ տարվող աշխատանքների համակարգմամբ, որը վարչապետի անունից լիազորված կլինի ինֆորմացիան կուտակել և վարչապետին օգնել այդ հարցերը լիարժեք համակարգել: Այսպես մենք կունենանք սփյուռքի հետ հարաբերությունների նոր մակարդակ»,-տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հիշեցրեց, որ քննարկել են նաև Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման նախարարությունների միավորման մասին հարցը: Ըստ նրա՝ 2-ն էլ զբաղվում են օրինակ՝ արտահանման կազմակերպման հարցերով:

178
թեգերը:
Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Մեր քննադատության նպատակը գոտկատեղից ներքև հարվածելը չէ». ՀՀԿ նիստի մանրամասները
Հացադուլ, նամակ Փաշինյանին, զանգ քարտուղարուհուց. «Տատիկիս վարսերի» սկանդալը թեժանում է
Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները մոռացության են մատնվել. Մանվել Սարգսյան
«Խաղադրույքները չափազանց բարձր են». Քոչարյանի գործը իշխանության համար բեռ է դարձել