Միքայել Մինասյան

Իշխանությունը նոր պիտի լուրջ անելիքները սկսի. ԱԺ խոսնակի պատասխանը`Սերժ Սարգսյանի փեսային

149
Արարատ Միրզոյանը Միքայել Մինասյանին պատասխանել չցանկացավ, բայց անուղղակիորեն պատասխանեց։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հարցազրույցում հնչած տեսակետները` Հայաստանի ներքաղաքական իրավիճակի ու հնարավոր նոր բողոքի ալիքի մասին, բայցևայնպես հայտնեց թեմայի վերաբերյալ իր տեսակետը։

«Ես ոչ թե այդ հայտարարությունն եմ մեկնաբանում այժմ, այլ ընդհանրապես ուզում եմ նմանատիպ բոլոր պնդումների վերաբերյալ ասել, որ տարիներ շարունակ Հայաստանում կար, նախևառաջ արդարության ու նաև ազատությունների ու իրավունքների խնդիր։ Իհարկե, նաև` սոցիալական ու տնտեսական։ Եվ եթե այդ սոցիալականի ու տնտեսականի պրիզմայով նայենք, նորից հանգելու ենք իրավունքների, այս անգամ արդեն` օրինակ` ձեռնարկատիրական իրավունքի և այլն»,– ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով, հենց այս խնդիրն էր, որ Հայաստանում հասունացրեց ու հնարավոր դարձրեց հեղափոխությունը։

«Իշխանությունն արդեն իսկ լուծել է իր առջև դրված թիվ մեկ մարտահրավերը։ Այն է` ազատ,

արդար, արժանապատիվ Հայաստանն իրականություն է»,– ասաց ԱԺ խոսնակը` հավելելով, որ դրան հաջորդելու է երկրորդ` տնտեսական ու սոցիալական բարեփոխումների փուլը։

«Այստեղ արդեն նոր–նոր մեր իշխանությունը պիտի սկսի լուրջ անելիքները` ռեֆորմներ մշակել ու իրականացնել։ Եկեք չմոռանանք, որ ընդամենը մեկ ամիս է, որ այս իշխանությունն ամբողջությամբ իշխանություն է դարձել` ունի մեծամասնություն օրենսդիրում ու հիմա արդեն կձևավորի նաև կառավարություն»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանի կանխատեսումներին, Միրզոյանը շեշտեց` հոռետեսական տրամադրությունները չի կիսում։

Հիշեցնենք` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն aysor.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական ներկա վիճակին ու հանրության տրամադրություններին, մասնավորապես ասել էր. «Եթե այս իշխանությունը ևս չկարողանա բավարարել հանրության լավ ապրելու պահանջմունքը, դարձյալ հանրային հուզումներ կլինեն, մինչև, որ չգա ուժ, որն անկեղծորեն կասի՝ մարդիկ լավ են ապրելու, ցույց կտա լավ ապրելու ճանապարհը, կներկայացնի ռազմավարություն և այն իրականություն դարձնելու ունակ թիմ»:

149
թեգերը:
Արարատ Միրզոյան, Սերժ Սարգսյան, Հայաստան