Արմեն Աշոտյան

Հայաստանը արտաքին քաղաքականությունը ձախողում է և ռուսական, և եվրոպական ուղղությամբ.Աշոտյան

104
(Թարմացված է 16:51 09.01.2019)
Աշոտյանը կարծում է, որ հետիշխանափոխական ֆիասկոն այլևս իրականություն է։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անցնող տարին որակում է որպես ԵՄ-Հայաստան՝ կորսված հնարավորությունների տարի։

Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում Աշոտյանը գրում է, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության տկարությունը շարունակում է խորանալ ոչ միայն ղարաբաղյան, ռուսական կամ եվրասիական, այլև եվրոպական ուղղությամբ:

«Իշխանափոխությունից հետո խոստացված արտաքին քաղաքականության կապիտալիզացիան տեղի չունեցավ, և այլևս իրատեսական չէ նոր կառավարության ոչ պրոֆեսիոնալ, թմբուկային գործելաոճի հետևանքով:

Նիկոլական ԶԼՄ-ները կարող են շարունակել ներքին սպառման էժանագին շոուները, սակայն հետիշխանափոխական ֆիասկոն այլևս իրականություն է»,–գրել է Աշոտյանը:

Նա հիշեցրել է, որ 2017 թվականի նոյեմբերին ստորագրված և 2018 թվականի հունիսի 1-ից անցումային կիրառման մեջ մտած Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ոչ միայն այդպես էլ միս ու արյուն չստացավ, ոչ միայն չդարձավ երկրի բարեփոխման ուղենիշ, այլև քաղաքական իմաստով կորցնում է իր երբեմնի հմայքը և փայլը:

«Առանց այդ էլ զգալի ուշացումով, սիրողականությամբ և դանդաղկոտությամբ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը անցյալ տարի ևս չկարողացավ հաստատել այդ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը, ինչը իրենց իսկ օրոք նախատեսված էր իրականացնել անցյալ տարի դեկտեմբերին կառավարության որոշման տեսքով:

ԵՄ-ում ունեցած իմ աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանի կառավարության կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի նախագիծը ենթարկվել է անխնա քննադատության Բրյուսելում և լրացուցիչ լրամշակման անհրաժեշտություն է առաջացել: Դրա մասին է վկայում նաև Նիկոլ Փաշինյանի ելույթը համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի անցյալ տարվա դեկտեմբերի նիստին: Ի դեպ, այդ նիստին զավեշտալի պատճառաբանությամբ ինձ չէին հրավիրել, թեպետ ես դեռ ի պաշտոնե հանդիսանում էի այդ հանձնաժողովի անդամ»,–գրել է Աշոտյանը:

Նա եզրահանգել է, որ իրեն չէին հրավիրել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ստիպված չլինի պատասխանել իր համար տհաճ և կառավարության անաշխատունակությունը մերկացնող հարցադրումներին:

Արմեն Աշոտյանը խոստացել է շարունակել այս թեմայով հրապարակումները։

104
թեգերը:
Եվրամիություն, Նիկոլ Փաշինյան, Արմեն Աշոտյան, Հայաստան
Ըստ թեմայի
Սկանդալային գաղտնալսման երկրորդ սերիան ցրեց Փաշինյանի միֆերը. Աշոտյան
«Անհետաքրքիր» ընտրության «հետաքրքիր» կողմը. սոցկայքերի սև ու սպիտակ հումորները
Պետական համակարգի օպտիմալացումը չի կարող ինքնանպատակ լինել. Աշոտյանը`կրճատումների մասին