Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանը` նախորդ իշխանությունների սխալի և նորերի հնարավոր վրիպումների մասին

325
(Թարմացված է 14:07 24.12.2018)
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը Mediamax—ի հետ զրույցում խոսել է նախորդ իշխանությունների գործելաոճի, նրանց հետ իր հարաբերությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. – «Չեմ կարծում, թե ապրիլյան իշխանափոխությունը, հեղափոխությունը` ինչպես կուզեք, պայմանավորված էր միայն Սերժ Սարգսյանի՝ փաստացի երրորդ ժամկետին գնալու որոշմամբ»։

Այս մասին Mediamax—ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Նրա խոսքով`պատճառները շատ ավելի խորքային են, շատ ավելի բազմաշերտ։ «Իհարկե, Սերժ Սարգսյանի` այսպես կոչված երրորդ ժամկետը դարձավ այն պահը, կայծը, որը հանգեցրեց համընդհանուր պոռթկման։ Բայց պետության հեռանկարի տեսակետից կարևոր է հասկանալ կատարվածի պատճառների ողջ խորությունը։ Սա կարևոր է հասարակության, այսօրվա ու հետագա իշխանությունների համար»,–ասում է Արմեն Գևորգյանը։

Գևորգյանը նշում է, որ Սերժ Սարգսյանի առաջադրման որոշումը կայացվել է Հանրապետական կուսակցության ներսում և հիշեցնում, որ ինքն այդ կուսակցության անդամ չէ և բուն քննարկումներին չի մասնակցել: Նախկին փոխվարչապետի խոսքով` քանի որ դեռ ամեն ինչ բավական թարմ է, Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը ցանկություն չեն ունենա հասարակությանը տեղեկացնել այն քննարկումների մասին, որ իրենք ունեցել են: Բայց երևի, ժամանակի ընթացքում որոշ փակագծեր կբացվեն:

«Անձնական տպավորությունս այն է, որ 2017 թվականի Ազգային Ժողովի ընտրություններից հետո իշխանության ներսում այսպիսի տրամադրություն ձևավորվեց. հիմնական խնդրահարույց հանգրվանն անցել ենք, հասարակությունն ընդունել է «խաղի կանոնները», ու կարելի է շատ էական և լուրջ փոփոխությունների չգնալ, այդ թվում՝ անհատների մասով:

Փորձ արվեց կոնսերվացնել թե՛ հանրային տրամադրությունները, թե՛ բուն խնդիրները։ Ըստ իս՝ հենց այդ փուլում իշխանությունը սկսեց սրընթաց կտրվել  հասարակությունից, և հետադարձ կապի խողովակները անթույլատրելիորեն նվազում էին։ Կարծում եմ՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները իշխանությունները ճիշտ չընկալեցին։ Անցումային ժողովրդավարության և դեռեւս ոչ շատ ամուր քաղաքական ու քաղաքացիական ինստիտուտների պարագայում ստացած քվեների քանակը և հանրային տրամադրությունների վիճակը կարող են տարբեր լինել։ Իշխանությունը, կարծում եմ, վրիպեց հենց այդ հարցում»,–կարծում է Արմեն Գևորգյանը։

Նա նկատում է, որ սա միայն անցյալի խնդիրը չէ, սա խնդիր է նաև ապագայի համար։

«Այսօրվա և ապագայի իշխանությունները ևս կարող են կանգնել նույն վրիպման վտանգի առաջ»,–ընդգծում է Արմեն Գևորգյանը։

Հիշեցնենք` Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործի քրեական գործի շրջանակում։ Ինչպես լրագրողներին հայտնել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, մեղադրանքը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով չէ, այլ արդարադատության իրականացումը խոչընդոտելու`ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով:Մեղադրանքը հիմնված է` Wikileaks-ի այն հրապարակմանը, որի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, նա բողոքել է, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում կա, որ ինքը որոշում կայացնի Սերժ Սարգսյանին օգտին:

Ըստ ՀՔԾ պետի` վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվել է. Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին, փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա։

Այս մեղադրանքով Արմեն Գևորգյանին 6 տարվա ազատազրկում է սպառնում։

Նրա նկատմամբ նախապես կիրառվել էր չհեռանալու մասին ստորագրություն:

2018 թ.-ին Արմեն Գևորգյանը ՀՀ փոխվարչապետն էր: Մինչ այդ տարբեր ժամանակահատվածներում նա աշխատել է որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահի առաջին օգնական, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար: 2007-2008 թթ.-ին, ինչպես նաև 2016թ.-ի հունիսից հոկտեմբեր եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

325
թեգերը:
Սերժ Սարգսյան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել. «Հրապարակ»
Ո՞ւր են տանում ամբոխին. Հայաստանում 90-ականների «կարգուկանո՞նն» է
«Թավշյա» 2018-ը․ հեռացող տարվա նշանակալի իրադարձությունները Հայաստանում