Նիկոլ Փաշինյանի շաբաթօրյա երթը. 24 նոյեմբերի 2018 թ.

50 կետ հեղափոխության ճանապարհին. ի՞նչ է ընտրողին խոստանում Նիկոլ Փաշինյանը

165
(Թարմացված է 20:13 06.12.2018)
«Իմ քայլը» դաշինքի ծրագրում լուրջ ուշադրություն է հատկացվել ժողովրդագրական խնդրին։ Ծրագրի հեղինակները խոստանում են 20 տարվա ընթացքում կրկնապատկել բնակչության քանակը, որն այսօր շուրջ 3 մլն է կազմում։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում «թավշյա հեղափոխությանը» պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը։ Եվ ԱԺ առաջիկա ընտրությունները պետք է տան այդ հեղափոխության մեկնարկը։ Այդպես են կարծում «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները, որոնց նախընտրական ծրագիրը մեծամասամբ այդ փիլիսոփայության վրա է խարսխված։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ՀՀԿ-ական նախկին իշխանության ներկայացուցիչների հետ Փաշինյանի և նրա համախոհների բուռն բանավեճերը, առկա և հեռակա քննարկումները հազվադեպ են շոշափել նախընտրական ծրագրի կետերը։ Անվտանգության հարցերը, Արցախի հիմնախնդիրը, անձնական փոխադարձ մեղադրանքները. բոլոր այս գործոնները մեծապես խլացնում են քննարկումները ծրագրի բովանդակության շուրջ։ Այնուամենայնիվ, ցանկության դեպքում կարելի է հետաքրքիր դրույթներ գտնել այդաստիճան «ձանձրալի» փաստաթղթում, ինչպիսին է դաշինքի նախընտրական ծրագիրը։

Ինչպես վերը նշվեց, ծրագիրը սկսում է առաջիկա 5 տարիներին տնտեսական հեղափոխություն իրականացնելու անհրաժեշտությունից։ Դրա համար առանցքային պայման է Հայաստանի և ԼՂՀ անվտանգության հետևողական բարձրացումը, աշխատանքի և ներդրումների խթանումը, աղքատության հաղթահարումը, կրթության որակի բարձրացումն ու պետական ծախսերի արդյունավետության բարելավումը։

Ծրագրում լուրջ ուշադրություն է դարձվել ժողովրդագրական խնդրին։

Ծրագրի հեղինակները խոստանում են 20 տարվա ընթացքում կրկնապատկել բնակչության քանակը, որն այսօր շուրջ 3 մլն է կազմում։ Այս խնդիրը նախատեսվում է լուծել բնակչության սրընթաց արտահոսքի կանխման, հայրենադարձության և ծնելիության խթանման օգնությամբ։

«Իմ քայլը» դաշինքը տնտեսական քաղաքականության անկյունաքար է համարում Հայաստանի գլոբալ մրցունակության բարձրացումը ներքին բարեփոխումների ճանապարհով, ժամանակակից տնտեսական համակարգի ձևավորմամբ։ «Իմ քայլը» խոստանում է ներդրումային քաղաքականություն իրականացնել` ուղղված արտահանման խթանմանը, բնակչության զբաղվածության ավելացմանը և տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններին։

«Իմ քայլը» խոստանում է պետական կառավարման գործընթացում սփյուռքահայերին ներգրավելու ճանապարհին վերացնել օրենսդրական խոչընդոտները։ Այստեղ խոստանում են նվազեցնել եկամտահարկի, շահութահարկի և դիվիդենտների ներկայիս դրույքաչափերը։ Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 20 մլն դոլարը, հարկերից ամբողջությամբ կազատվեն։

Անվտանգության ոլորտում ակներև տեղ է զբաղեցնում արցախյան խնդիրը։ Փաշինյանը, ինչպես նախկինում բազմիցս ասել էր, մտադիր է Ստեփանակերտին վերադարձնել բանակցությունների սեղան։ «Իմ քայլը» կարծում է, որ առանց ԼՂՀ համաձայնության, հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի կարող ընդունվել դե յուրե։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը առաջիկա տարիներին կառուցվելու է հաշվի առնելով հայ ժողովրդի և սփյուռքի կոլեկտիվ շահերը։

«Հայաստանի միջազգային հեղինակությունը և միջազգային ասպարեզում ցանկացած ձեռքբերում պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, և այլ ժողովուրդների հետ հարաբերություններում հայաստանցու արժանապատվությունն ու իր երկրի համար հպարտությունն է լինելու մեր բոլոր քայլերի գերնպատակը», – գրված է ծրագրում։

Կրթության և գիտության ոլորտում դաշինքը հստակ փոխկապակցվածություն է առաջարկում տնտեսության պահանջմունքների և ոլորտի ֆինանսավորման միջև։

Արտաքին քաղաքականության մեջ ծրագրի հեղինակներն արձանագրել են ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Զուգահեռաբար Հայաստանը մտադիր է նոր մակարդակի հանել ԵՄ–ի, ԱՄՆ–ի, Չինաստանի և Հնդկաստանի հետ հարաբերությունները։ Զգալի ուշադրություն կդարձվի անմիջական հարևաններ` Իրանի և Վրաստանի հետ համագործակցությանը։

Ծրագրի հեղինակները վերջում 50 կետ են ներկայացրել, որոնք սեղմ տեսքով արտացոլում են փաստաթղթի բովանդակությունը։

Այդ կետերի իրականացումը, դաշինքի առաջնորդների մտահղացմամբ, կհանգեցնի «երջանիկ անհատի, հոգատար հասարակության և ուժեղ պետության» ձևավորմանը։ Նման պարզունակ ձևակերպում է ընտրել «Իմ քայլը»՝ որպես նախընտրական կարգախոս։

165
թեգերը:
Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (291)
Ըստ թեմայի
Մարզերում տեղական «իշխանիկները» շարունակում են առաջնորդվել նախկին բարքերով. «Ժողովուրդ»
ՀՀ–ում կան բոլոր պայմանները վերջին քառորդ դարում ամենաարդար ընտրության համար. Փաշինյան
Ընդդիմությունը պետք է ոչ թե սևացնի, այլ կառուցի. Sputnik–ի հյուրը Սոնա Հարությունյանն է
«Մենք» դաշինքի նախընտրական ծրագիրը. դուրս գալ ԵԱՏՄ–ից, բայց մնալ ՀԱՊԿ–ում