Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում

Եթե դաշնակիցներ ենք, պետք է կատարենք մեր պարտավորությունները. Փաշինյանը` ՀԱՊԿ–ի մասին

290
Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոսել է ՀԱՊԿ–ում ստեղծված իրավիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. «Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ը կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը»։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ներկաների հետ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին հարցին: «Այդ պաշտոնը մեծ հաշվով ընդամենը առիթ է, որպեսզի խոսենք կազմակերպության անդամ պետությունների փոխադարձ պարտավորությունների հետ կապված գոյություն ունեցող խնդիրների մասին: Մենք ուզում ենք ստանալ հստակ պատասխաններ: Որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել մեր դաշնակցային պարտավորությունները որևէ կետում չկատարելու մեջ: 

Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ապացուցել է հավատարիմ դաշնակից լինելու փաստը: Ցավոք, սա չենք կարող ասել ՀԱՊԿ մեր բոլոր գործընկերների մասին, ուստի ասում ենք` եկեք պարզենք մեր հարաբերությունները՝ մենք դաշնակիցնե՞ր ենք, թե` ոչ, եթե դաշնակիցներ ենք, ապա պետք է կատարենք մեր բոլոր պարտավորությունները, բայց մեզ համար հասկանալի չեն այն գործողությունները, որոնք իրենց էությամբ հակասում են այդ պարտավորություններին: Պետք է իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա` ոչ:

Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը:

Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե` ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ լուրջ հարցեր կան ԼՂ-ի հետ կապված ՀԱՊԿ երկրների տեսլականի շուրջ այն ուղղությամբ, թե դա որքանով է բխում ռազմավարական գործընկերության բնույթից:

Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ մենք որպես ժողովուրդ պետք է մեր միջավայրը հասկանանք: «Երբ այս հարցերի համատեքստում հարաբերությունները հստակեցնենք, կարող եմ երաշխավորել, որ երբևէ մեր հարաբերություններում որևէ կնճիռ չի լինի: Մեզ պետք չեն ֆորմալ կարգավիճակներ, մեզ պետք են փոխադարձ պարտավորություններ և դրանց լիարժեք իրականացում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հրաժարականից հետո։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար էր դարձել նրա տեղակալ` Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը։ Հայաստանը պնդում է, որ մինչև 2020 թվականը պետք է պահպանի պաշտոնը։ Սակայն ՀԱՊԿ որոշ գործընկերներ հայտարարել են, որ երկրում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով նպատակահարմար չէ պաշտոնը կրկին Հայաստանին փոխանցելը։

290
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Հայաստանը պատրաստ է պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը․ Դավիթ Տոնոյան
Մելիք-Շահնազարյան. «Պահանջվում է լուծում, որն ընդունելի կլինի ՀԱՊԿ անդամ երկրների համար»
Փաշինյանը չի կարևորում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը