Մնացականյանի, Մամեդյարովի և միջնորդների հանդիպումը, 2018 թվականի հուլիս

Ե՞րբ կրկին կհանդիպեն Մնացականյանն ու Մամեդյարովը

29
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել նորից հանդիպել։ Մամեդյարովը կոնկրետ ժամկետ է նշում, ՀՀ ԱԳՆ–ն հայտնում է, որ ժամկետի մասին կհայտնի այն ժամանակ, երբ հանդիպումը հստակեցվի։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպման մասին կտեղեկացնի, երբ ժամկետը հստակեցվի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա ՆԱղդալյանը։

«Ինչպես նշել ենք, երկու երկրների արտգործնախարարները պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները, իսկ ժամկետների մասին, երբ հստակեցվի այդ հանդիպումը, հանրությունն ըստ կարգի, ինչպես և եղել է, այդ մասին կտեղեկացվի»,– ասաց նա։

Միաժամանակ Մամեդյարովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ իրենց հաջորդ հանդիպումը կկայանա հունվարին։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, հանդիպմանը նախորդել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների թվով երրորդ հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։

29
Ըստ թեմայի
Միլանում մեկնարկեց Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Մնացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվել են շարունակել հանդիպումները. ԱԳՆ