Նախընտրական քարոզարշավ

Դիտորդներն ատելության տարրեր են նկատել նախընտրական քարոզարշավի ընթացքում

109
Եվրոպացի դիտորդները դրական են գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը, կոպիտ խախտումներ առայժմ չեն եղել։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Նախընտրական քարոզարշավը հանգիստ է ընթանում, չնայած այն հանգամանքին, որ մարդկանց խոսքում առկա են ատելության տարեր։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO)  դիտորդական առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը։

Նրա խոսքով`  2017թ.–ին իրենք փորձել են դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, բայց Հայաստանի ԿԸՀ–ը մերժել է նրանց դիմումը։

Այս անգամ ԿԸՀ–ը թափանցիկ է աշխատում։ Նիստերը հեռարձակվել են հեռուստատեսությամբ և առցանց ռեժիմով։ Միաժամանակ անհասկանալի է, թե ինչու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ENEMO–ին չի ներկայացրել միջազգային կազմակերպությունների քանակը և ընտրություններին մասնակցող դիտորդների թիվը։ Վույովիչի խոսքով` զարմանալի է, որ ԿԸՀ նույն կազմն այս անգամ ավելի արդյունավետ աշխատանք է իրականացնում, քան նախկինում։

«Այս տարի մենք զգալի փոփոխություններ ենք տեսնում` չնայած նրան, որ ԿԸՀ կազմը գրեթե նույնն է, ինչ անցած տարի», – ասաց Վույովիչը։

Քարոզարշավին նախնական գնահատականներ է տվել երկարաժամկետ դիտորդների խումբը, որն աշխատում է նոյեմբերի 12–ից։ Նախընտրական քարոզարշավն ընթանում է խաղաղ պայմաններում, թեև եղել են փոքր խախտումներ։

«Մենք լուրջ միջադեպեր չենք գրանցել, քարոզարշավն ընթանում է խաղաղ պայմաններում։ Բայց նկատվել են ատելություն դրսևորելու դեպքեր։ Նախորդ ընտրությունների համեմատ մենք նկատել ենք վարչական ռեսուրսի օգտագործման զգալի նվազում», – ասաց Վույովիչը։

Դիտորդը նշեց, որ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում հայտարարություններ է արել ստորին օղակի պաշտոնյաների մասին, որոնք կարելի է ընկալել որպես սպառնալիք։

Սակայն ատելության բոլոր այդ դրսևորումներն ավելի աննշան են, քան ավելի ժողովրդավարական երկրներում։ Վույովիչի խոսքով` նրանք ընդհանուր առմամբ «հաճելիորեն» զարմացած են քարոզարշավի հանգիստ ընթացքով։

Միակ բանը, որն առաջացնում է իրենց մտահոգությունը` արդյո՞ք նման իրավիճակը ժամանակավոր կլինի, թե՞ ոչ։ Ազատ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքը տեսանելի է, բայց ավելի կարևոր է, որպեսզի լինեն ուժեղ և անկախ ինստիտուտներ, որոնք կպաշտպանեն արդար ընտրությունները։

Առաքելության կողմից ընտրություններում ներգրավված են մոտ 70 դիտորդներ, նրանք կհետևեն ընտրատեղամասերի 1/5–ին։ Առաքելությունը նոյեմբերի 12–ից սկսել է իր գործունեությունը Հայաստանում (Կապան, Երևան, Գյումրի և Իջևան քաղաքներում) և ընտրություններից հետո Հայաստանում կմնա ևս 6 շաբաթ։ Նրանք ծրագրում են ընտրությունների ընթացքում հետևել 450 ընտրատեղամասի, ինչը կազմում է ընդհանուր թվի մոտ 22 տոկոսը։ Ընտրություններից մեկ ամիս հետո նրանք կներկայացնեն դիտման վերջնական արդյունքները։

Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9–ին։ Քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26–ին։ Ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն և 2 դաշինք։

109
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (326)
Ըստ թեմայի
Զուրաբիշվիլին Վաշաձեից առա՞ջ է. ի՞նչ են վկայում Վրաստանի ընտրությունների էքզիթփոլերը
Առկա է սադրիչ հռետորաբանություն. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը՝ ընտրությունների վերաբերյալ
ՀՀ ԱԽ քարտուղարը Արցախի նախագահի հետ քննարկել է ՀՀ ընտրությունների քարոզարշավի ընթացքը