Նորատ Տեր–Գրիգորյանց

Հայաստանը ոսկոր է թուրք–ադրբեջանական միության կոկորդում. Տեր–Գրիգորյանց

299
(Թարմացված է 14:50 30.11.2018)
Գեներալ–լեյտենանտին անհանգստացնում է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումը` հայկական զինուժի հետ համագործակցությամբ, ապահովում է Հայաստանի անվտանգությունը։ Այսօր Երևանում անցկացվող Լազարյան հայ–ռուսական ակումբի նիստի իր ելույթում ասաց ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ, Աֆղանստանի պատերազմի մասնակից և ՀՀ ԶՈՒ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր–Գրիգորյանցը` մանրամասն ներկայացնելով, թե ինչ սպառնալիքներ կան տարածաշրջանում։

Հարավային Կովկասը, նրա խոսքով, շատ վտանգավոր պատերազմական գոտի է։ Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը ստեղծել են իրենց միությունը, Ռուսաստանը տրանսպորտային հաղորդակցության համատեքստում միացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի հետ, իսկ Հայաստանը մնացել է այս միությունների միջև և շատ վտանգավոր իրավիճակում։

«Թուրքիան Վրաստանի տարածքով երկաթգիծ է անցկացնում Հայաստանի շուրջը և լրացուցիչ բլոկադա ստեղծում այս երկրի համար։ Ընդ որում, երկաթգիծը գնում է Ադրբեջան։ Այսինքն` այս երկաթուղով կարելի է մեծ քանակությամբ զինուժ տեղափոխել։ Եվ հանկարծ այստեղ` Կովկասում, Ադրբեջանի տարածքում, Իրանի կողքին հայտնվում է Իսրայելը, որը յուրացնում է բոլոր աերոդրոմները, ողջ տարածքը և յուրովի վերակազմակերպում այս տարածաշրջանը»,– ասաց բարձրաստիճան զինվորականը` հիշեցնելով, որ Իրանը ոսկորի պես խրված է Իսրայելի կոկորդում, Իսրայելը` արաբական աշխարհի, իսկ Հայաստանը` թուրք–ադրբեջանական միավորման։

«Սա շատ վտանգավոր դրություն է ռազմական գործողությունների այս հարավային թատերաբեմում»,– ասաց Տեր–Գրիգորյանը։ Նրա խոսքով` հենց այս հնարավոր վտանգը չեզոքացնելու ու հնարավոր հարձակումները կանխելու համար է 90-ականներին Հայաստանում ստեղծվել ռուսական ռազմաբազան ու սահմանապահ զորքերի միավորումը։

Անդրադառնալով Ադրբեջանի ու Բելառուսի` վերջին շրջանում ջերմացող հարաբերություններին ու զինամթերքի վաճառքին, Նորատ Տեր– Գրիգորյանցը մասնավորապես ասաց. «Ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանը, որը Հայաստանին թշնամի է համարում, Թուրքիայի հետ, որը, Հեյդար Ալիևի խոսքերով, իրենք ազգ են, երկու պետություն, և այդ երկու պետություններն անում են հնարավորը Հայաստանը մեկուսացնելու համար ու արդեն հայտարարում են, թե Երևանն էլ է իրենցը, և ամեն պահի կարող են ռազմական գործողություններ սկսել, հանկարծ հսկայական քանակի սպառազինություն է ստանում ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ պետության կողմից։ Եվ սա առաջ է բերում վրդովմունք, ատելություն, քանի որ այդ զենքով իրեն ոչնչացնում են»։

Ավարտելով ելույթը` գեներալ–լեյտենանտը շեշտեց, որ հարկավոր է շատ ուշադիր դիտարկել ոչ միայն հայ–ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների, այլև ՀԱՊԿ պայմանագրի պահպանման անհրաժեշտությունը։

«Անկախ այն հանգամանքից, թե ով է գալիս իշխանության, այդ միությունը, այդ պայմանագիրը պետք է գոյություն ունենա»,– ասաց նա։

Տեր–Գրիգորյանցը Երևանում մասնակցում է Լազարյան ակումբի նիստին։ Հայ–ռուսական ակումբի երկօրյա նստաշրջանի ընթացքում երկու երկրների քաղաքագետներն ու փորձագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կքննարկեն երկու երկրների հարաբերությունների ընթացիկ վիճակը, կանդրադառնան տարածաշրջանի պաշտպանության ու անվտանգության խնդիրներին։

299