ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է:
Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հայտարարության մեջ։
«Այսպես` ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳԻ և Վենետիկի հանձնաժողովի կողմից 2016 թվականին հաստատված «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման արձագանքման և կանխարգելման համատեղ ցուցումների» համաձայն՝ «վարչական ռեսուրսի չարաշահումը» որոշակի կուսակցությունների կամ թեկնածուների կողմից իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով անհիմն առավելություն ստանալն է՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով»:
Վենետիկի հանձնաժողովի 2013 թվականի «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ» զեկույցը, ինչպես նաև վերոնշյալ համատեղ զեկույցը սահմանում են, որ «Ընտրական գործընթացի տակ պետք է հասկացվի շատ ավելի լայն ժամանակահատված, քան ազգային ընտրական օրենքով նախատեսված նախընտրական քարոզչության շրջանը»: Այն ներառում է նաև կուսակցությունների կամ թեկնածուների գրանցման շրջանը:
Այդ փաստաթղթերում որպես վարչական ռեսուրսի չարաշահման օրինակներ են նշվում պաշտոնական միջոցառումները քարոզչական նպատակներով օգտագործելը կամ ինստիտուցիոնալ ռեսուրսները օգտագործելը` աշխատակազմ, ենթակառուցվածքներ, և այլն: Նշվում է նաև, որ չի արգելվում աշխատանքային ժամերից դուրս քարոզչություն անելը:
Ն. Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն աշխատանքային ժամին` պաշտոնական պարտականությունների կատարում հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում, ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ:
Կոչ ենք անում վարչապետի պաշտոնակատարին խստորեն պահպանել միջազգային փաստաթղթերով սահմանված կանոնները, բոլոր կողմերի համար ապահովել հավասար հնարավորություններ, ընդ որում` ոչ թե խոսքով այլ գործով»,– ասվում է ՀՀԿ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: Քարոզչության համար նախատեսված ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։
«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։
Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպումը չի կայանա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Մարուքյանը։
«Այսօր չի ստացվի։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա վաղը», - հավելեց Մարուքյանը։
Հիշեցնենք` երեկ հայտնել էինք, որ Փաշինյանն առավոտյան զանգել է Մարուքյանին և առաջարկել է քննարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդի առաջարկը, նաև օրակարգում առկա այլ առաջարկներ` քաղաքական ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։
Մարտի 1-ին Մարուքյանը հայտարարել էր, որ պատրաստ է ցանկացած զիջման, եթե Փաշինյանը համաձայնի ցրել խորհրդարանը։
«Ինչ ինքը ուզի, պատրաստ ենք, ցանկացած հուշագիր ստորագրում եմ»,– ասել էր Մարուքյանը` Նիկոլ Փաշինյանին հրավիրելով քննարկել իր առաջարկը։
Մարուքյանը շեշտել էր, որ այսկերպ իր ղեկավարած քաղաքական ուժը փոխզիջման է գնում` հանուն երկրում լարվածության թուլացման։
Հիշեցնենք` իր այս առաջարկը Մարուքյանը հնչեցրել էր ի լրումն փետրվարի 28-ին Facebook-ի իր էջում ներկայացրած` ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու առաջարկի։ Դրանով Մարուքյանը վարչապետին առաջարկում էր հետ վերցնել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանի նախագիծը, ձեռք չտալ գլխավոր շտաբի, հինգ բանակային կորպուսների ղեկավարներին ու ընդհանրապես հանգիստ թողնել բանակը։
Ի պատասխան վարչապետի այս քայլի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը խմբակցության անունից խոստանում է ստորագրել հուշագիր, որ վարչապետի հրաժարականի դեպքում չի առաջադրի այլ թեկնածու, թույլ կտա, որ խորհրդարանն անցնցում ցրվի և անցկացվեն արտահերթ ընտրություններ։
ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է ԶՈւ ԳՇ պետին և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակելու դեպքերն ու կարգը և չի նախատեսում նրանց ազատելու ընթացակարգ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«139-րդ հոդվածում բացառապես խոսվում է միայն ԳՇ պետի նշանակելու մասին, այսինքն` վերջինիս ազատելու հնարավորություն սահմանադրությունը ո՛չ նախագահին, ո՛չ վարչապետին չի տալիս»,- ասաց նա։
Նրա խոսքով` նույն հոդվածում նշվում է, որ ԶՈւ ամենաբարձր պաշտոնատար անձը ԳՇ պետն է, և որ սահմանադիրը նրան տվել է հատուկ կարգավիճակ` առանձնացնելով ԶՈւ և բարձրագույն հրամանատարական կազմից` հաշվի առնելով ԶՈւ նշանակությունը ՀՀ անվտանգության և անձեռնմխելիության տեսանկյունից։ Սա ևս, ըստ սահմանադրագետի, բխում է սահմանադրության ընդհանուր դրույթներից։ Այս դեպքում հարց է ծագում` ինչպե՞ս և ո՞ր դեպքում ԳՇ պետը կարող է ազատվել կամ հեռացվել զբաղեցրած պաշտոնից։
«ԳՇ պետն ազատվում է իր պաշտոնից ընդհանուր հիմունքներով, այսինքն` իր դիմումի համաձայն, քաղաքացիության կորստի, մահվան, օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության և նմանատիպ դեպքերում»,- պարզաբանեց Մելոյանը։
Սահմանադրագետի դիտարկմամբ` այն, որ մի շարք անձինք նշում են, թե «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածը բարձրագույն հրամանատարական, զինվորական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնից ազատելու հայեցողական հնարավորություն է ընձեռում, չարաշահման տեղիք է տալիս։
«Այս օրենքը ևս իր հերթին չի կարող տարածվել ԳՇ պետի վրա, որովհետև, նախ` Սահմանադրությունը նման հնարավորություն չի նախատեսում, բացի այդ, սահմանադրությունը մեր օրենսդրական դաշտի բարձրագույն օրենքն է և վերադաս է այլ օրենքների նկատմամբ»,- նշեց Մելոյանը։
Հիշեցնենք` ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը եչել տեղեկություն էր տարածել, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։
Միաժամանակ նշվում էր, որ Սարգսյանը կդիմի Սահմանադրական դատարան, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։



