Զոհրաբ Մնացականյան

Արցախի ձայնը որոշիչ է. Մնացականյանը ՀԱՊԿ–ում խոսել է Արցախի մասին

92
Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ խորհրդի նիստում և նշել, որ խաղաղ բանակցային գործընթացում Արցախը պետք է ներգրավված լինի որոշիչ ձայնով։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այսօր` նոյեմբերի 8-ին Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից, նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի գործընկերոջը՝ ՀԱՊԿ-ում հաջող նախագահության համար և հայկական կողմի աջակցությունը հայտնել Ղրղըզստանին` առաջիկա նախագահության ընթացքում։

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ծայրահեղականության և միջազգային ահաբեկչության հակազդեցությանն ուղղված համատեղ և համակողմանի ջանքերի նշանակությունը: Մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում, մասնավորապես` Սիրիայում շարունակվող իրադրության, ահաբեկչական խմբավորումների գործունեության արդյունքում տարածաշրջանում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերների կապակցությամբ:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարությունը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպումը և նշել, որ դրա ընթացքում հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնց իրականացումը կնպաստի խաղաղ գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը:

Մնացականյանն ընդգծել է նաև, որ Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցը շարունակում է լինել Հայաստանի առաջնահերթությունների շարքում, ինչպես նաև շեշտել է խաղաղ բանակցային գործընթացում Արցախի՝ որոշիչ ձայնով ներգրավվածության կարևորությունը:

Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը՝ նշելով, որ այն հանգեցնում է տարածաշրջանում թշնամության և անվստահության մթնոլորտի աճի: Նա ընդգծել է, որ արդիական և շատ անհանգստացնող է սպառազինությունների մրցավազքը, որը չի նպաստում խնդրի կարգավորմանը:

92
Ըստ թեմայի
Չի նպաստում Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը. Գերմանիան զգուշացնում է Ադրբեջանին
Մամեդյարովն ասել է` ինչն է արգելակում ղարաբաղյան գործընթացը
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը համապատասխանում է կողմերի շահերին. Զախարովա