Վարդան Տողանյան

Դեսպան Տողանյանը մեկնաբանել է Բոլտոնի` «պատմական կաղապարների» մասին հայտարարությունը

52
Տողանյանը կարծում է, որ պետք է հարգանքով վերաբերվել պատմությանը, բայց միաժամանակ ապագա կառուցել։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի ենթադրում, որ երկիրը պետք է դառնա աշխարհաքաղաքական մարտերի ասպարեզ։ «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի հետ հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլտոնի` «պատմական կաղապարներից» հրաժարվելու խորհուրդը։

««Պատմական կաղապարների» թեման շատ հետաքրքիր է։ Ճիշտ է` չգիտեմ` ինչ է նկատի ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդականը։ Ի՞նչ ուղղությունների մասին է խոսքը` Արևե՞լք, Արևմո՞ւտք, Հյուսի՞ս, մեր հարևաննե՞րը։ Ցանկացած ժողովուրդ, ցանկացած քաղաքակրթություն ապրում է պատմական կաղապարների որոշ ընկալման, իրականության պատմական ընկալման մեջ ու ապագա է կառուցում` ելնելով պատմական իրողություններից», – ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` պատմությանը պետք է հարգանքով վերաբերվել, բայց միաժամանակ ապագա կառուցել։ Տվյալ դեպքում, քանի որ Բոլտոնն իր հարցազրույցում խոսել է հայ–թուրքական սահմանի հնարավոր բացման մասին, հնարավոր է` նա նկատի է ունեցել հայ–թուրքական հարաբերությունների պատմական կաղապարների մասին։

Տողանյանը նշել է, որ նոր Հայաստանն ամեն դեպքում կառուցվում է` պահպանելով պատմական հիշողության հանդեպ հարգանքը։ Իսկ Երևանի արտաքին քաղաքականության մեջ չկան ակնարկներ, որ երկիրը վերածվում է աշխարհաքաղաքական մարտերի կամ աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի։

«Եթե խոսքը Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին է, ապա դրանք մի կողմից, իհարկե, հոգևոր ու մշակութային կապերի դարավոր պատմություն ունեն, որն ամրապնդված է ընդհանուր անցյալով։ Մյուս կողմից էլ մեր հարաբերություններն այսօր ռազմավարական գործընկերության մակարդակում են և զարգանալու նպատակ ունեն բոլոր ոլորտներում` առևտրատնտեսական, ռազմաքաղաքական, հոգևոր ու մշակութային։ Այդ պատճառով կարող եմ վստահ ասել, որ մենք մտադիր ենք արտաքին քաղաքականության սեփական օրակարգ կառուցել», – ասել է Տողանյանը։

Հիշեցնենք` ԱՄՆ–ի նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը Հայաստան էր եկել տարածաշրջանային այցի շրջանակում։ Հայտարարություններից մեկում Բոլտոնը կոչ էր արել Հայաստանին իր միջազգային հարաբերություններում հրաժարվել «պատմական կաղապարներից»։

52