ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն ուշիուշով հետևում է այն բոլոր իրադարձություններին, որ տեղի են ունենում մեր հարևան երկրներում: Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ պատասխանելով պատգամավորների՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած տնտեսական սանկցիաների և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին հարցերին:
«Մենք այս պահին ուշադրությամբ հետևում ենք Իրանի նկատմամբ բոլոր զարգացումներին: Մեզ համար դա կենսական խնդիր է, և մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանական գործընկերների և այս գործընթացում ներգրավված այլ գործընկեր պետությունների հետ: Հստակորեն ներկայացնում ենք մեր մոտեցումներն ու նաև մեր մտահոգությունները՝ ստեղծված իրավիճակի շուրջ, և կարող եմ ասել, որ փորձում ենք բաց երկխոսության միջոցով խոսել այն զգայուն հարցերի մասին, որոնք կարող են ի հայտ գալ ստեղծված իրավիճակի արդյունքում»,- ասաց Նազարյանը:
Նա նաև հույս հայտնեց, որ պատժամիջոցները չեն խանգարի Իրանի հետ Հայաստանի գործընկերային հարաբերություններին ու առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը:
Նազարյանը հիշեցրեց, որ 2008թ-ից առ այսօր Հայաստանն ու Իրանն իրականացանում են «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը՝ հույս հայտնելով, որ պատժամիջոցների պատճառով այդ գործարքը ևս չի տուժի, քանի որ դրա հիմքում բարտերային հարաբերություն է և ոչ թե իրացման:
Բացի այդ, Նազարյանի խոսքով, այդ գործարքով հիացած են նաև Եվրոպայում, ուստի հույս հայտնեց, որ Հայաստանի գործընկեր պետությունները ևս կընկալեն Հայաստանի խոցելիությունն այս հարցում:
«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր գործընկերները ևս ընկալեն այն խոցելիությունը, որը բաժին է ընկել Հայաստանին՝ որպես դեպի ծով ելք չունեցող երկիր»,- ասաց նա:
Պատասխանելով Իրանի հետ երկաթուղու այդպես էլ տարիներ շարունակ չիրականացվող ծրագրին, փոխնախարարը դժվարացավ կոնկրետ ժամկետներ նշել, բայց և վստահեցրեց, որ ծրագիրը շարունակում է մնալ օրակարգում և դուրս չի բերվել Հայաստանի տնտեսական նախագծերի շրջանակից: