Երևանի ավագանու ընտրություններ

Երևանի դատախազությունն արձանագրել է ընտրախախտումների 129 ահազանգ

100
(Թարմացված է 23:34 23.09.2018)
Դեպքերից 98-ով, թեև առկա չեն եղել կոնկրետ տվյալներ հանցագործության վերաբերյալ, բայց կկատարվեն ստուգողական գործողություններ:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Երևանի դատախազությունը ավագանու արտահերթ ընտրությունների օրը ընտրախախտումների 129 ահազանգ է արձանագրել:

Այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանը:

«Ժամը 20:00-ի դրությամբ ուսումնասիրվել է մամուլի 55 հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն դիմում-հաղորդում ներկայացնելու, ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր ներկայացնելու 71 դեպք»,-տեղեկացրեց Իսրայելյանը:

Ըստ նրա՝ ընդհանուր արձանագրվել է 129 դեպք, որոնցից 14-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, 9՝ ընտրակաշառք տալու, 3-ը՝ քարոզչություն իրականացնելուն հարկադրելու, 30-ը՝ ընտրողների ցուցակների կազմման կարգի խախտման, 21-ը՝ կրկնակի քվեարկության, 19՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու և 33 այլ դեպքեր:

Շուշանիկ Իսրայելյանի խոսքով՝ բոլոր դեպքերով իրականացվել են ստուգողական գործողություններ:

«Դեպքերից 98-ով, թեև առկա չեն եղել կոնկրետ տվյալներ հանցագործության վերաբերյալ, բայց սկզբունքը եղել է այն, որ նույնիսկ այդ դեպքերով պետք է կատարվեն ստուգողական գործողություններ, որոնք այժմ ոստիկանության կողմից ընթացքի մեջ են: Մնացած 31 դեպքով այս պահին նախապատրաստվում են նյութեր»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալը:

Իսրայելյանը նշեց, որ կրկնակի քվեարկության և գաղտնիության խախտման վերաբերյալ դեպքերը հիմնականում չարամտություն չեն պարունակում. դրանք, որպես կանոն, պայմանավորված են եղել տեխնիկական անսարքություններով:

100
թեգերը:
Հայաստան
թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)