Զինծառայողներ

Արցախի հարցով սպեկուլյացիա անելն աններելի է. Սարգսյանը` ցանցում տարածվող տեսանյութի մասին

529
(Թարմացված է 19:50 13.09.2018)
Համացանցում տարածվում է Սերժ Սարգսյանի` Sputnik Արմենիային տված հարցազրույցի մոնտաժված տարբերակը, որը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիտարկմամբ, երկրում ընթացող ներքաղաքական փոխհրաձգության դրսևորումներից է։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Արցախի հիմնահարցի վրա ցանկացած սպեկուլյացիա անելն ուղղակի աններելի է։ Sputnik Արմենիայի եթերում, մեկնաբանելով արցախյան խնդրի, «հող հանձնելու» շուրջ համացանցում տարածվող փոխադարձ մեղադրանքները, ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Այսօր համացանցում արագորեն տարածվում է 2016թ-ի նոյեմբերին Սերժ Սարգսյանի` Sputnik Արմենիային տված հարցազրույցից մի հատված, որտեղ նախկին նախագահն իբր խոսում է տարածքներ հանձելու պատրաստականության մասին` նշելով, որ այդ փաստաթուղթն արդեն պատրաստ էր ստորագրման, բայց ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվեց։ Իրականում այս տեսանյութը բավականին կոպիտ մոնտաժված է, և ռուսերենի նույնիսկ բավարար իմացությունը բավական է հասկանալու, որ դրանում Սերժ Սարգսյանի խոսքերը չեն համընկնում։ 51 րոպե տևողությամբ ամբողջ հարցազրույցից վերցվել է ղարաբաղյան բանակցություններին վերաբերող ավելի քան 4 րոպեանոց հատվածը, որից մոնտաժի հետևանքով ստացվել է 1.5 րոպեանոց տեսանյութ և ինչ-ինչ նպատակով շարունակում է տարածվել սոցիալական կայքերում։

«Ես շատ վտանգավոր եմ համարում իրադարձությունների այսպիսի զարգացումը, որովհետև խոսքն այն մասին է, թե այս «փոխհրաձգությունն» ինչպես է ընկալվելու մեր հարևանների մոտ։ Սա շատ լուրջ խնդիր է ու կապված է ազգային անվտանգության ամբողջ համակարգի հետ, քանի որ մեր ոխերիմ հարևաններն ուշիուշով հետևում են, թե ինչ է կատարվում մեզ մոտ, երբ ենք մենք ինքներս մեր տունը քանդելու»,- ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին ու մասնավորապես բանակցային սեղանին դրված մադրիդյան սկզբունքներին, Արամ Սարգսյանը դրանք հայամետ չի համարում և կարծում է, որ դրանք Հայաստանի համար ընդունելի չեն կարող լինել։ Բայց դա չի նշանակում, թե դրանց շուրջ բանակցություններ վարող իշխանությունները պատրաստ են եղել հող վաճառել։

«Բանակցությունների ժամանակ, որոնց ես էլ եմ մասնակցել, խոսքը ընդհանրապես տարածքների հարցը քննարկելու մասին էր։ Դրա մեջ մտնում էր և՛ մեր Շահումյանը, և՛ Մարտունաշենն ու Գետաշենը, և մենք գալիս, հասնում էինք մինչև Նախիջևանի տարածք»,- ասաց Արամ Սարգսյանը` հավելելով, որ եթե ինչ-որ մեկը խոսում է տարածքներ հանձնելու մասին, այսօր առաջին հերթին պետք է դիմի Արցախի իշխանություններին, քանի որ ազգային ազատագրական պայքարի ու պատերազմի արդյունքում ազատագրված պատմական հայկական տարածքներն արդեն ընդգրկված են Արցախի Հանրապետության տարածքում։

«Այսօր այսպիսի վեճ տանելն ուղղակի վնասարար է, և եթե պիտի իրենց սեփական շահերը պաշտպանելով այդ երկու քաղաքական ուժերը մեկը մյուսի դեմ այս թեման օգտագործեն, սա կլինի ամենաամոթալի էջը մեր պատմության մեջ։ Առավել ևս, որ նորից ուզում են մեզ բևեռացնել, սև ու սպիտակի են բաժանում, իբր մեկը հայրենասեր է, մյուսը հայրենասեր չէ և այլն։ Եթե այդպես է, առաջինը պիտի գնան, դիմեն Լևոն Տեր- Պետրոսյանին, որն այդ թեմայով հրաժարական տվեց»,- հիշեցրեց Սարգսյանը։

Դեմոկրատական կուսակցության նախագահը շեշտեց` իր այս դիտարկմամբ Սերժ Սարգսյանին պաշտպանելու ցանկություն չունի, հակառակը` նրան մեղավոր է համարում այն բանում, որ չի կարողացել բանակցություններն այլ ուղով տանել։ Բայց նախորդ իշխանություններին մեղադրելու փոխարեն նոր իշխանությանը խորհուրդ է տալիս ճիշտ որոշում կայացնել։

«Մենք հիմա կարող ենք ասել` նախկինը գնաց։ Նախկինի հետ մենք կապ չունենք։ Մենք ներկայացնում ենք այսօրվա մեր առաջարկները, որոնք ներկայացված են ազգովին` Արցախի հետ միասին»,- ասաց նա։

Արամ Սարգսյանն առաջարկում է մշակել Արցախի հիմնահարցի լուծման սեփական դոկտրինն ու աշխարհին ներկայացնել մեր պահանջը։

«Մինչև հիմա մենք աշխարհին չենք ներկայացրել, թե ինչ ենք ուզում։ Մարդիկ չգիտեն` մենք ինչ ենք ուզում` միացո՞ւմ ենք ուզում, անկախ պետությո՞ւն ենք ուզում։ Իսկ Ադրբեջանն այս ընթացքում ախորժակն այնքան է լայնացրել, որ ասում է` Երևանն էլ է իմը։ Հիմա մենք ի՞նչ ենք դրան պատասխանում, որ պատրաստվո՞ւմ էինք հող տալ։ Սա՞ է մեր պատասխանը»,- ասաց Սարգսյանը։

Իսկ արցախյան հարցի կարգավորման շուրջ ներքաղաքական «փոխհրաձգությունը», Արամ Սարգսյանի դիտարկմամբ, սկսվել է երեկ խորհրդարանում` կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հարց է ուղղել արցախյան կարգավորման մասին։

«Հիմա փոխհրաձգության պես մի բան է տեղի ունենում երկու կողմերի միջև, բայց կրակոցները, բարեբախտաբար, առայժմ մարտական փամփուշտներով չեն»,- ասաց նա։

Ներքաղաքական մենամարտի փոխարեն Արամ Սարգսյանը քաղաքական ուժերին կոչ է անում միավորվել ընդհանուր հակառակորդի դեմ, հատկապես` Նախիջևանի կողմից սպառնացող վտանգի պարագայում։

Ստորև ներկայացնում ենք սոցիալական կայքերում տարածվող մոնտաժված տարբերակն ու ամբողջական հարցազրույցը` մեկնաբանությունները թողնելով ընթերցողներին։

Մոնտաժված հատված

Ամբողջական հարցազրույց (համացանցում տարածված կտորը վերցված է 8։50- 14։30 հատվածից)


 

529
թեգերը:
Սերժ Սարգսյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Ղարաբաղյան հարցում ուժի կիրառումն անընդունելի է. Լը Դրիան
Լոնդոնը կողմ է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առաջխաղացման նախապայմաններ չկան. քաղաքագետ
Քանի դեռ Ադրբեջանը զառանցում է, ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի
Ի՞նչ է պետք անել ղարաբաղյան հիմնահարցը լուծելու համար. Ռուսաստանի ԱԳՆ–ն ունի պատասխանը