ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. ԲՀԿ Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը քաղաքացիներին խոստանում է ընտրվելու դեպքում մետրոյի նոր կայարան կառուցել ու վերականգնել ճոպանուղին։
Այս մասին նա այսօր ասել է լրագրողների հետ հանդիպմանը։
Բացի այդ՝ թեկնածուն խոստանում է, որ մայրաքաղաքում նոր ավտոբուսներ կհայտնվեն, ընդ որում՝ ժամանակակից, էլեկտրական, առանց վնասակար թափոնների։
«Շատերին թվում է, որ սրանք հերթական խոստումներն են, որոնց մասին թեկնածուները մոռանում են ընտրվելուց հետո։ Բայց մենք պարզապես չենք խոստանում։ Մենք արդեն բանակցություններ ենք վարում ներդրողների հետ», — ասել է նա։
Զոհրաբյանը վստահ է, որ քաղաքակիրթ տրանսպորտն ամբողջովին կփոխի Երևանի տեսքն ու այն կհավասարեցնի բազում եվրոպական քաղաքներին։
«Աղբահանության մասին անիմաստ է խոսելը, քանի որ այն կատաստրոֆա է, ամեն օր տեսնում ենք աղբի բլրաքաղաքներ Երևանում։ Մենք այնպես կանենք, որ աղբահանության օպերատորը հստակ հիշի ու կատարի իր պարտականությունները», —ասաց նա։
Հարցին՝ ինչու Գագիկ Ծառուկյանի թիմակիցները 2017 թվականին չեն առաջադրվել Ավագանու ընտրություններում, Զոհրաբյանը նշել է, որ մայրաքաղաքի քաղաքապետարանում, ինչպես և իշխանության մարմիններում, ՀՀԿ-ն մենաշնորհ էր վերցրել։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հիմա ոչ մի կուսակցություն չպետք է այդպիսի բան անի։
Նա չի բացառել, որ եթե ինքն ընտրվի, Երևանի փոխքաղաքապետները կարող են այլ կուսակցությունների ներկայացուցիչները լինել։
Բացի այդ նա խոստացել է ընտրական քարոզարշավի նույնիսկ ամենաթեժ պահին ընդդիմադիրների հանդեպ կոռեկտ լինել։ Նա ավելացրել է, որ ամեն դեպքում պետք չի «սևերի» ու «սպիտակների» բաժանվել։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը կկայանան 2018թ-ի սեպտեմբերի 23-ին։ Ընտրությանը կմասնակցեն 4 դաշինք և 8 կուսակցություն։
Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը 2011 թվականի նոյեմբերից, հուլիսի սկզբին հրաժարական է տվել։ Հանրապետական կուսակցությունը որոշել է ընդհանրապես չմասնակցել այս ընտրություններին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։
«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։
Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպումը չի կայանա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Մարուքյանը։
«Այսօր չի ստացվի։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա վաղը», - հավելեց Մարուքյանը։
Հիշեցնենք` երեկ հայտնել էինք, որ Փաշինյանն առավոտյան զանգել է Մարուքյանին և առաջարկել է քննարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդի առաջարկը, նաև օրակարգում առկա այլ առաջարկներ` քաղաքական ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։
Մարտի 1-ին Մարուքյանը հայտարարել էր, որ պատրաստ է ցանկացած զիջման, եթե Փաշինյանը համաձայնի ցրել խորհրդարանը։
«Ինչ ինքը ուզի, պատրաստ ենք, ցանկացած հուշագիր ստորագրում եմ»,– ասել էր Մարուքյանը` Նիկոլ Փաշինյանին հրավիրելով քննարկել իր առաջարկը։
Մարուքյանը շեշտել էր, որ այսկերպ իր ղեկավարած քաղաքական ուժը փոխզիջման է գնում` հանուն երկրում լարվածության թուլացման։
Հիշեցնենք` իր այս առաջարկը Մարուքյանը հնչեցրել էր ի լրումն փետրվարի 28-ին Facebook-ի իր էջում ներկայացրած` ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու առաջարկի։ Դրանով Մարուքյանը վարչապետին առաջարկում էր հետ վերցնել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանի նախագիծը, ձեռք չտալ գլխավոր շտաբի, հինգ բանակային կորպուսների ղեկավարներին ու ընդհանրապես հանգիստ թողնել բանակը։
Ի պատասխան վարչապետի այս քայլի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը խմբակցության անունից խոստանում է ստորագրել հուշագիր, որ վարչապետի հրաժարականի դեպքում չի առաջադրի այլ թեկնածու, թույլ կտա, որ խորհրդարանն անցնցում ցրվի և անցկացվեն արտահերթ ընտրություններ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,–ասացին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում լուրեր էին տարածվել, որ քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմ:
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։



