Նիկոլ Փաշինյան. ՀՀ վարչապետ

«Էլեկտրաէներգիայի և գազի սակագինը պետք է լինի արդյունավետ». Փաշինյան

387
(Թարմացված է 20:31 02.09.2018)
ՀՀ վարչապետը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների՝ նախօրոք ուղղած հարցերին:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Էլեկտրաէներգիայի և գազի սակագինը պետք է լինի արդյունավետ` ոչ թանկ, ոչ էժան։ Այս մասին այսօր, ուղիղ եթերում, պատասխանելով ֆեյսբուքի օգտատերերի հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր մտածածը ոչ թե պետք է լինի գինը իջեցնելը, այլ արդյունավետ սակագին ունենալն ու մարդկանց եկամուտների բարձրացումը, որպեսզի այդ սակագինը դառնա մատչելի»,– ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ ամռանը որոշակի փոփոխություններ տեղի ունեցել են սոցիալական որոշ խմբերի համար, սակագինն իջել է 10-20 դրամով։ Բացի այդ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորմամբ։

Վարչապետը նաև նշեց, որ համակարգում կան խնդիրներ, և ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։

«Ատոմակայանում 500 աշխատող կա, որոնք հավելյալ աշխատողներ են։ Այդ հաստիքների անհրաժեշտությունը չկա։ Բայց այդ մարդիկ կան, աշխատավարձ են ստանում և սա էլեկտրաէներգիայի սակագնի վրա 3 մլրդ դրամի կշիռ ունի»,– ասաց նա։

Հիշեցնենք, Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում պատասխանում է  ֆեյսբուքի օգտատերերի նախապես ներկայացրած հարցերին, ինչպես նախօրոք հայտարարել էր օրեր առաջ։

Փաշինյանը եթերի սկզբում հայտարարեց, որ պատասխանելու է ոչ բոլոր հարցերին, այլ միայն նրանց, որոնք ընտրել են իր օգնականները։

Նշենք, որ եթերից առաջ վարչապետին ուղղված հարցերի թիվը հասել է 200–ի։

387
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան