ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` անցումային արդարադատության համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությունը հարկադրված միջոց է, Sputnik Արմենիային ասաց նախկին դատավոր Պարգև Օհանյանը։
Նրա խոսքով` այդ միջոցը կիրառվում է այն ժամանակ, երբ արդարադատության մարմիններն ու իրավապահ կառույցները չեն կարողանում պատշաճ կերպով կատարել իրենց առջև դրված խնդիրները։
Օգոստոսի 17-ի ցույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հին և կոռումպացված համակարգից ազատվելու համար Հայաստանում կքննարկեն արդարադատության անցումային համակարգ ստեղծելու հարցը։
Փաշինյանն ասաց, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից հրաժարվել է դատարանների գործունությանը միջամտելուց, սակայն դա չի նշանակում, որ դատավորները պետք է «հրահանգներ» ստանան հին իշխանությունից։
Վարչապետն իր այս հայտարարությամբ ակնարկում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը, որն օրեր առաջ կայացրել էր Վերաքննիչ դատարանը։
Նախկին դատավոր Պարգև Օհանյանի կարծիքով` անցումային արդարադատության համակարգը բազմաթիվ երկրներում է կիրառվել. դա միջազգային պրակտիկայում բավականին ընդունված երևույթ է։
«Սակայն միևնույն ժամանակ դեռ հստակություն չկա վարչապետի հայտարարած համակարգի պրակտիկ կիրառման առումով։ Տեսականորեն պարզ է, թե խոսքն ինչի մասին է, բայց պարզ չէ` ինչպես է կիրառվելու», — ասաց նա։
Նախկին դատավորը որոշակի առումով օրինաչափ է համարում հանրահավաքի ժամանակ դատական համակարգի ներկայացուցիչներին ուշքի գալու պահանջով դիմած վարչապետի բավական խիստ տոնայնությունը։ Օհանյանը համոզված է, որ նոր կառավարությունը արտաքին ճնշման ներքո որոշում կայացնող անբարեխիղճ դատավորների մասին տեղեկություններ է ստանում։
«Ի վերջո, Փաշինյանն ինքն է անցել այդ ամենի միջով, և նա գիտի արդարադատության որակն ու մակարդակը։ Ցավոք, այն ժամանակվանից շատ բան չի փոխվել, ինչն էլ հավանաբար նա ակնարկում էր», — ավելացրեց Օհանյանը։
Փաստաբան Արա Ղազարյանի խոսքով` արդարադատության անցումային համակարգը ժամանակավոր միջոց է, որը կարող է 5-6 տարի տևել։ Արդարադատության ժամանակավոր մարմինները Հայաստանի օրենքների և սահմանադրության հիման վրա կոչված են ոչ թե փոխարինելու առկա արդարադատության մարմինները, քննչական կառույցները կամ դատախազությունները, այլ գործել դրանց զուգահեռ, օգնել այդ մարմիններին` մտավոր և նյութական ռեսուրսների պակասը հաշվի առնելով։
«Երբ խնդիրն իրականացվում է, անցումային կառույցները դադարեցնում են իրենց գործունեությունը։ Սա ժամանակավոր, բայց կոնստրուկտիվ միջոց է», — Sputnik Արմենիային ասաց Ղազարյանը։
Հավանական ռիսկերի մասին խոսելիս` նա նշեց, որ նման բան միշտ կա, եթե անցումային արդարադատության աշխատանքի ընթացքում նրանց և մշտական մարմինների միջև հավասարակշռություն չի ստեղծվում։ Այդ հավասարակշռությունը բավականին նուրբ է, և պետք է շատ զգույշ լինել, որպեսզի անցումային կառույցները չմիջամտեն մշտականի աշխատանքին։ Օրինակ` անհրաժեշտ փաստեր հավաքագրելու և դրանք դատախազներին կամ քննիչներին փոխանցելու նպատակով «ճշմարտության հանձնաժողով» ստեղծելու դեպքում։
Ղազարյանը անցանկալի է համարում դատավորներին ուղղված խիստ հայտարարությունները։ Նա համոզված է, որ ավելորդ էմոցիաները կարող են խանգարել գործին։
«Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը կոպիտ արտահայտություններ էր թույլ տալիս դատավորների հասցեին։ Հարգալից վերաբերմունքն ու դատական համակարգի հեղինակությունը պահպանելու ձգտումը մեզնից յուրաքանչյուրիս պարտականությունն է», — ասաց նա։
Եթե դատարանները ստանձնած գործառույթները չեն կատարում, ապա պետք է բարեփոխումներ իրականացնել, այդ թվում նաև անցումային արդարադատության համակարգի օգնությամբ։ Փաստաբանը կարծում է, որ դատավորների նկատմամբ «վհուկների որսը» հետագայում կարող է թանկ արժենալ Հայաստանի համար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ նախագահը պետք է հետևողական լինի իր որոշման մեջ։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը` մանրամասներ հայտնելով այսօր նախագահի հետ կայացած հանդիպումից։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Սա մեկ անձի հարց չէ, միայն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հարցը չէ` ամբողջ ժողովուրդն է ոտքի կանգնել։ Այս վճռականությունը փոխանցեցինք նախագահին նրա հետ հանդիպման ժամանակ։ Բացի այդ, մենք ասել ենք նաև, որ իրավական առումով նախագահը չի կարող անգործություն դրսևորել առանց հիմնավորման»,–ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` օրենքի վիճարկումը միայն քիչ է` նախագահը պետք է դիմի ՍԴ։ Մինասյանը կարծում է, որ նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. այլ տարբերակ չի կարող լինել, քան ՍԴ դիմելը։
Մինասյանը շեշտեց, որ դավաճանը պետք է կրի իր պատիժն ու դատվի։
Հիշեցնենք, որ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ԱԺ–ում է։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի տեղեկություններով` եթե անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրենքը խախտելով ստորագրի Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը, ապա բանակը չի ենթարկվի այդ որոշմանը։ Նա իր կարծիքը լրագրողներին հայտնեց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի մեկնարկից առաջ։
«Բանակը հասկանում է, որ այստեղ անձի հարց չէ, քանի որ Օնիկ Գասպարյանն էլ այն պարկեշտ մարդկանցից է, որի համար աթոռը կարևոր չէ, նա լուծում է բանակի հարցը։ Իրեն կարող են խոստանալ պաշտոններ, բայց երբ ինքը դուրս գա, կորպուսի բոլոր հրամանատարներին փոխելու, ամբողջ ռազմական ուժը փչացնելու հնարավորություն կտա, ինչպես դա փչացրեց Նիկոլ Փաշինյանը` իր իշխանության առաջին օրերին մտնելով բանակ, կոռուպցիա փնտրելով, Քառօրյա պատերազմի հանձնաժողով ստեղծելով։ Այժմ փաստարկն այն է, որ բանակը չի ենթարկվելու, իսկ եթե ենթարկվի, կնշանակի, որ Արմեն Սարգսյանն իր ստորագրությամբ քանդում է բանակը»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով`բանակը չպետք է ենթարկվի անօրինական հրամաններին։
Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը` Մանուկյանը նշեց, որ համոզված է` Սարգսյանի վրա ճնշումներ են եղել։
«Նախագահի հետ հանդիպումից տպավորություն ստացա, որ մտահոգված էր օրենքի կատարումով։ Մտահոգված էր նաև, որ իր ստորագրած փաստաթուղթը բորբոքվածություն կարող է առաջացնել հասարակության շրջանում»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ ընդդիմության կողմից ներկայացված վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ:
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Այս պահին ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխան է ընթանում, որին ներկա է նաև վարչապետը։
Սադրանքների չենք գնալու, շենքեր չենք գրավելու. Իշխան Սաղաթելյան
Ընդդիմությունը նախապես հայտարարել է, որ այդ նիստին զուգահեռ Բաղրամյան պողոտայում հուժկու հանրահավաք են անցկացնելու, որպեսզի իրենց ձայները լսելի լինեն դահլիճում նստածներին։
Ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրել Ազգային ժողովի բակում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Գերիների վերադարձի հումանիտար, կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը հայ բոլոր գերիներին վերադարձրել է։ Իսկ այդ երկրում մնացած անազատության մեջ գտնվող մյուս անձինք հանցագործներ են` դիվերսանտներ։
Այվազյանը շեշտեց, որ Ալիևի հայտարարության անընդունելիությունն արդեն հաստատվել է նաև տարբեր միջազգային կառույցների կողմից։
«Հավանաբար տեղյակ եք, որ տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներն արդեն ավելացնում են այս հարցով միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Վերջինը` երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևորագույն հարցին»,– ասաց Այվազյանը։
Ագ նախարարը նաև հայտնեց, որ գերիների վերադարձի համար հայկական կողմն օգտագործում է բոլոր խողովակները` հատկապես կարևորելով տարածաշրջանում ՌԴ–ի ունցած կարևոր դերակատարումը։
«Սկսած նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այս հարցի ուղղությամբ, և ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնում է այդ հարցը Ադրբեջանի ղեկավարության մոտ»,– ասաց Այվազյանը։
Նա նաև հավելեց, որ այդ հարցը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զրույցների մակարդակում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը



