ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հայաստանի ԱԳՆ–ն չի հաստատում ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին տեղեկությունը։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել էր, որ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել սեպտեմբերին։
«ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախարարների հանդիպման մասին սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ուսումնասիրվում է վերոնշյալ հանդիպումից առաջ ևս մեկ հանդիպում անցկացնելու հարցը», – ասել էր Հաջիևը։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ գերատեսչությունը կհայտնի հանդիպման անցկացման ժամկետների և վայրի մասին «երբ վերջնական պայմանավորվածություն լինի»։
Նշենք, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ տեղի էր ունեցել հուլիսի 11-ին Բելգիայի մայրաքաղաքում։