ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Ղազարյանին վերջին անգամ ընտանիքի անդամները տեսելը գիշերը, 02։30–ի շրջանում, երբ նա իջել է ջուր խմելու։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բերդավանի համայնքապետ Սմբատ Մուղդուսյանը։Ըստ համայնքապետի` Ղազարյանի մոտ տարօրինակություններ դպրոցում սովորելու տարիներին չեն դրսևորվել։
Դրանք ի հայտ են եկել ավելի հասուն տարիքում, երբ նա բուհական ուսումն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ։ Թե ինչպես է Կարենը հատել հայ–ադրբեջանական սահմանի` իր հայրենի գյուղին հարող հատվածը, համայնքապետը դժվարացավ մեկնաբանել։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հայտարարություն է տարածել, թե «հայկական դիվերսիոն ներխուժում է կանխել Ղազախի հատվածում»։ Ըստ դրա` գերվել է «դիվերսիոն խմբի» անդամներից մեկը` 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանը։
Դիվերսիոն ներխուժման փաստը հերքել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը, իսկ Կարեն Ղազարյանի` զինվորական ծառայության հետ առնչություն չունենալը, առողջական խնդիրներ ունենալն ու 2013 թվականից համապատասխան բուժհաստատությունում հաշվառված լինելը փաստել է ՀՀ Ոստիկանությունը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։
ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։
Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։
Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։
Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:
«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։
Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։
Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։
Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։
Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»
«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։
Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։
«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:
Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։
Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել
«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Անգամ այն պարագայում, եթե ՀՀ նախագահի ստորագրությամբ կամ առանց դրա ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագիրն ուժի մեջ մտնի, կա իրավական այլ ճանապարհ այդ հրամանագիրը չեղարկելու։
Այս մասին Sputnik Արմենիային հետ զրույցում ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։
«Մասնավորապես, Օնիկ Գասպարյանը կարող է դիմել վարչական դատարան` բողոքարկելով վարչապետի որոշումը, և վարչական դատարանը կարող է կասեցնել հրամանագիրը մինչև դատական վերջնական որոշման կայացումը։ Այնպես որ դեռ ամեն ինչ վերջացած չէ»,– ասաց Վարդան Այվազյանը` համոզմունք հայտնելով, որ անգամ պաշտոնանկության հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո Օնիկ Գասպարյանն այս կերպ դեռ շարունակելու է պաշտոնավարել։
Վարչական դատարան դիմելու համար, սակայն, անհրաժեշտ է, որ վարչապետի միջնորդությունն ու դրա հիմա վրա ՀՀ նախագահի հրամանագիրն իրավական ուժ ստանան` մտնեն ուժի մեջ։
Նշենք` իր այս իրավունքից արդեն իսկ օգտվել է ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը` վարչական դատարանում բողոքարկելով իր ազատման մասին ՀՀ նախագահի հրամանագիրը, որն իրավական ուժ էր ստացել 2021թ–ի փետրվարի 24-ին։
Մեկնաբանելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը Սահմանադրական դատարանին` Այվազյանը նկատեց, որ դրանում վիճարկվող իրավական ակտն այս պահի դրությամբ ոչ մի կապ չունի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հետ։
«Նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը և վարչապետի միջնորդությունը լրիվ տարբեր խնդիրներ են, մեկը մյուսի հետ կապ չունեցող։ Հանրապետության նախագահը պետք է ամենից առաջ ՍԴ–ում վիճարկեր վարչապետի միջնորդությունը։ Իդեալական տարբերակ կլիներ, եթե նախագահը միաժամանակ երկու հարցով էլ դիմեր ՍԴ և բողոքարկեր ինչպես օրենքի տվյալ հոդվածի, այնպես էլ վարչապետի միջնորդության սահմանադրականությունը»,– ասաց սահմանադրագետը։
Հիշեցնենք` նախագահի դիմումում վիճարկվում է ՀՀ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, որով, ըստ էության, սահմանվում է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի նշանակումն ու ազատումը։
Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան
Ուստի Վարդան Այվազյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ կլինի, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ օրենքը հակասահմանադրական է, և արդյո՞ք այդ որոշումը որևէ կերպ կարող է ազդել ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։
Մասնագետի դիտարկմամբ` սա ոչ միայն չի հանգուցալուծի իրավիճակը, այլև կարող է էլ ավելի խճճել այն։ Բանն այն է, որ այդ օրենքի հիման վրա է վարչապետը փորձում պաշտոնից ազատել ոչ միայն Օնիկ Գասպարյանին, այլ նրանից առաջ արդեն իսկ ազատել է Արտակ Դավթյանին ու Մովսես Հակոբյանին։
«Այսինքն, եթե հետին թվով դիտարկելու լինենք, երեքն էլ պետք է վերականգնվեն ԳՇ պետի պաշտոնում։ Կունենանք միանգամից 3 ԳՇ պետ»,– ասաց իրավաբանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



