Ալեքսանդր Սարգսյան

Ինչ առնչություն ունի «Սեքյուրիթի դրիմի» հետ 3-րդ նախագահի եղբայրը. պատմում է տնօրենը

886
(Թարմացված է 19:10 20.06.2018)
Ընկերության ղեկավարը, որտեղ ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում, պնդում է, որ ողջունում է կոռուպցիայի դեմ պայքարը և իրենք թաքցնելու բան չունեն։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը կապված չէ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի հետ, Sputnik Արմենիային ասաց «Սեքյուրիթի դրիմ» ընկերության ղեկավար Ալեքսան Զաքարյանը։

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը հաղորդել է, որ հատուկ գործողություն է անցկացնում «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում, որը զբաղվում է ճանապարհներին երթևեկության վերահսկման տեսախցիկներ ու արագաչափեր տեղադրելով և դրանք սպասարկելով։ 

«Ես առաջին անգամ Արցախում եղել եմ 10 տարի առաջ։ Ես նրա հետ երբեք չեմ հանդիպել, առավել ևս` զրուցել», – ասաց Զաքարյանը` մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը նրա մանկության ընկերն է։

Ըստ «Սեքյուրիթի դրիմ»–ի տնօրենի` այդ լուրերը հայտնվել են ընկերության ստեղծումից ի վեր։ Նրա կարծիքով` ժողովուրդն այդպիսով փորձել է հիմնավորել իր բացասական վերաբերմունքն այդ համակարգի նկատմամբ և տուգանքները չվճարելու ցանկությունը։

«Եթե չեմ սխալվում, սկզբից ընկերության հետ կապել են Աշոտին, հետո Միշիկին (Միքայել Մինասյան` Սերժ Սարգսյանի փեսան` խմբ.), հետո կանգ են առել Սաշիկի վրա։ Եթե այսօր ինչ–որ մեկը կարող է ապացուցել, որ ես գիտեմ Սարգսյանին կամ թեկուզ մի բառ եմ փոխանակել նրա հետ, ապա կհամաձայնեմ բոլոր հերյուրանքների հետ», – ասաց Զաքարյանը։

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, ապա ստուգումներ են ընթանում ամբողջ երկրում, նշեց մեր զրուցակիցը։ Իսկ «Սեքյուրիթի դրիմը» թաքցնելու բան չունի, խախտումներ չկան, ուստի այստեղ ոչ մի խնդիր չկա`հավաստել է Զաքարյանը։

«Մենք ամեն ինչ արել ենք մաքուր աշխատելու համար։ Թող ստուգեն, որպեսզի ոստիկանությունը և հասարակությունը ևս մեկ անգամ համոզվեն, որ ամեն ինչ մաքուր է և նորմալ», – ասաց Զաքարյանը։

Նրա խոսքով` Հայաստանում ընթանում է հակակոռուպցիոն պայքար և դա նորմալ է։ Զաքարյանը ողջունում է այդ գործընթացը, 30 տարիների ընթացքում կոռուպցիան նրանց միայն խանգարել է։ Ուստի այն արմատախիլ անելը կբխի միայն ընկերության շահերից։

Նշենք, որ երկար տարիներ մամուլում տեղեկատվություն էր պտտվում այն մասին, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը կապ ունի Ալեքսանդր Սարգսյանի հետ։

886
թեգերը:
Հայաստան
Эдмон Марукян

Այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է. Մարուքյանը պատրաստ է խոսել բոլոր ուժերի հետ

1
Մարուքյան–Փաշինյան հանդիպումն արդեն կայացել է։ ԲՀԿ–ն հայտարարել է, որ վարչապետից հրավեր չի տացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ նախաձեռնելու ՀՀ վարչապետի առաջարկին կմիանան նաև այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում։

«Սա մի պրոցես է, որտեղ պետք են զիջումներ, կոնսենսուսներ բոլոր կողմերից։ Հիմա, եթե ստացվի, կասենք` մենք ամեն ինչ արեցինք, որ այս երկրում ցնցումներ չլինեն, արյունահեղություն չլինի, ու լուծվեց այս հարցը։ Եթե չստացվի, կբացատրեն` ժողովրդին, որ հասանք այսինչ մակարդակին, բայց այդ մակարդակում առաջացավ այսինչ խնդիրը, և դա չեղավ»,– ասաց Մարուքյանը` հավելելով, որ այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է, որն այլևս անկարող է դիմանալ այս պայմաններին։

«Ես մեկ ժամ խոսակցություն եմ ունեցել և պատրաստ եմ ցանկացած այլ ուժի հետ էլ այդ խոսակցությունն ունենալ»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման դեռ չի գնացել ու հայտարարել է, որ նրանից հրավեր չի ստացել։

1
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան, Էդմոն Մարուքյան
Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյան vs Գլխավոր շտաբ, կամ ինչ է պակասում ընդդիմությանը հաջողության հասնելու համար

338
(Թարմացված է 22:39 04.03.2021)
Զինվորականները սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, ընդդիմությունն էլ իր հերթին հույս ունի իր օգտին ծառայեցնել գործադիր իշխանության և գեներալիտետի հակամարտության ալիքը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Գլխավոր շտաբի շուրջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի կառավարության և ռազմական վերնախավի միջև փետրվարի 25-ին սկսված առճակատումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարից, վերջինս էլ իր հերթին սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը։

ՍԴ-ն պետք է քննի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, հենց այդ օրենքն է հնարավորություն տալիս վարչապետին «ազատվել» Գասպարյանից։ Եվ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ նորմատիվային ակտը, ապա Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին նախագահին ուղղված միջնորդությունը անվավեր կճանաչվի։

Իսկ մինչ այդ, ըստ օրենքի, Գասպարյանը մինչև մարտի 8-ը շարունակում է կատարել իր պարտականությունները որպես Գլխավոր շտաբի պետ։

Խորհրդարանի դիմաց վրանային ճամբար խփած և անժամկետ բողոքի ակցիաների անցած ընդդիմությունը հույս ունի, որ Փաշինյանի ու գեներալիտետի դիմակայության ալիքի վրա կկարողանա վճռական հարված հասցնել իշխանությանը: Փորձագետները թերահավատորեն են վերաբերվում ինչպես գեներալների, այնպես էլ Հայրենիքի փրկության շարժման հնարավորություններին։

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ եթե կառավարության ու Փաշինյանի նպատակները հասկանալի են՝ իշխանության պահպանում և ուժայինների նկատմամբ վերահսկողություն, ապա նույնն ասել չի կարելի ընդդիմության մասին:

«Հայրենիքի փրկության շարժման գլոբալ խնդիրը հասկանալի է՝ իշխանափոխություն և անցումային կառավարության ձևավորում։ Բայց ընդդիմության առանձին ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունն այնքան էլ պարզ չեն։ Նրանք հրապարակավ այդ նպատակների մասին չեն խոսում, և դրանից կասկածներ են ծնվում, որ նպատակներ պարզապես չկան», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Միքայելյանը։

Մեր զրուցակիցն ասում է նաև, որ հստակ օրակարգի բացակայությունը բարդացնում է որևէ միջնաժամկետ կանխատեսում անելը։  

Ինչ վերաբերում է գեներալներին, ապա, փորձագետի կարծիքով, զինվորականները տեսականորեն կարող են դժգոհության խոսքերից անցնել պրակտիկ գործողությունների, ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փաստացի կոչ արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը պաշտպանում է ընդդիմադիրներին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց, որ գեներալներն իրենց չափազանց զուսպ են պահում։

Սակայն Միքայելյանի կարծիքով` գեներալների «ավելի ակտիվ վարվելու» հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, որքան թվում է շատերին։

Ովքեր են ԳՇ պետի հավանական թեկնածուները. ընտրությունն այնքան էլ հեշտ չէ. «Փաստ»

«Առանցքային հարցն այն է, թե ինչ պետք է անի բանակը կառավարության տապալումից հետո, և արդյո՞ք բանակը հետագա իրավիճակի տեսլականն ունի։ Այս պահին կարելի է պնդել, որ նման տեսլական չկա։ Բանակն իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցող գործընթացներին՝ սահմանափակվելով բանավոր հայտարարությամբ։ Հասկանալի չէ՝ արդյոք այլընտրանքային նա ծրագիր ունի», — ավելացրեց Միքայելյանը։

Ի տարբերություն գեներալների և նրանց սատարող ընդդիմության՝ վարչապետը շատ ավելի արդյունավետ է օգտագործում իր ներքաղաքական գործիքները, նա ավելի մոտիվացված է։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով ևս ընդդիմության շարքերում ոչ այնքան հուսադրող իրավիճակ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումը որևէ արդյունավետ միջոց չի ձեռնարկում՝ սահմանափակվելով միայն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հանրահավաքներով։ Եվ նույնիսկ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որը Բադալյանը քաղաքական է համարում, ընդդիմությանը զսպելու առումով հազիվ թե իմաստ ուներ։

«Իշխանությունները կարիք չունեն ինչ-որ կերպ զսպել ընդդիմությանը` դրա առաջնորդ Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելով. ընդդիմությունն ինքն իրեն այնքան լավ է զսպում, որ իշխանության զսպելու անհրաժեշտություն բոլորովին չի զգացվում», – ասաց Բադալյանը:

Նրա խոսքով՝ վարչապետը մինչև վերջ փորձելու է պահել իշխանությունը։ Ավելին, եթե Փաշինյանին հաջողվի համաձայնության գալ ընդդիմադիր խմբակցությունների ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, չի բացառվում, որ քաղաքական իրավիճակի կայունացումից հետո ընտրությունների թեման կրկին հետաձգվի։

Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը, բայց դեռ կարող է միջամտել

«Վարչապետը մի անգամ արդեն խոսել է արտահերթ ընտրությունների մասին, հետո, ինչպես պարզվեց, դրանց կարիքը չկա։ Հիմա էլ երաշխիքներ չկան, որ կառավարության ղեկավարը, երկու խմբակցությունների հետ հուշագիր ստորագրելով, հետագայում չի մտափոխվի։ Ընտրությունները հետաձգելու պատրվակներ միշտ էլ կգտնվեն, պետք է օրենք ընդունել կուսակցությունների մասին, ապա Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա Ընտրական օրենսգրքի անխուսափելի փոփոխություններին», — ասում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք՝ մարտի 1-ին Փաշինյանն իր հանրահավաքում հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների տարբերակը, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը պետք է հեռանա։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնել և ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրել։ Փաշինյանն այդ առաջարկը մասամբ ընդունեց։

338
թեգերը:
Ընտրություններ, Իշխանություն, ընդդիմություն, Վազգեն Մանուկյան, Նիկոլ Փաշինյան, Հայրենիքի փրկության շարժում, Բանակ, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան
Ավտոբուսներ եղել են, վարչական ռեսուրս` ոչ. Սիմոնյանը`մարդկանց հանրահավաքի բերելու մասին
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին