Էդուարդ Շարմազանով. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ

ՀՀԿ–ն մտահոգված է նաև Ադրբեջանից հնչող ռազմատենչ հռետորաբանությամբ

177
(Թարմացված է 22:08 14.06.2018)
ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Արցախի, Նախիջևանի սահմանին տեղի ունեցող գործընթացներին ու Արցախի ներքաղաքական խնդիրներին։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. ՀՀԿ ԳՄ նիստում անդրադարձ է եղել հայ–ադրբեջանական սահմանին ու արցախյան առաջնագծում առկա իրավիճակին։ Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք մտահոգված ենք Արցախում ու Նախիջևանի սահմանին տիրող իրավիճակով։ Մեկ անգամ չէ, որ մենք նշել ենք, որ Արցախի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորմամբ, ՄԽ համանախագահների ձևաչափով, 3 հայտնի սկզբունքների հիման վրա, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի սկզբունք ու անքակտելի իրավունք է»,– ասաց Շարմազանովը։

Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակն, ըստ ՀՀԿ խոսնակի չի բխում Արցախի շահերից, Արցախում, նրա խոսքով, անհրաժեշտ է միասնականություն ու կայունություն։

ՀՀԿ–ն մտահոգված է նաև Ադրբեջանից հնչող ռազմատենչ հռետորաբանությամբ։ «Ադրբեջանի կողմից հայ զինվորի սպանությունը ոչ այլ ինչ է, քան խաղաղ բանակցությունների ընթացքի տորպեդահարման փորձ»,– ասաց Շարմազանովը։

Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե ինքը նաև Ադրբեջանի ԱԳ նախարարն է, Էդուարդ Շարմազանովը որակում է «պանթուրքիզմի, նեոօսմանիզմի ցայտուն դիրքորոշում»։

«Նախկինում էլ Թուրքիայի ղեկավարները հանդես են եկել Ադրբեջանին սատարող հայտարարություններով, բայց նման բացառիկ գնահատական մինչ օրս չէր եղել, և սա ոչ միայն մտահոգիչ է, այլև դատապարտելի»,– ասաց նա` հիշեցնելով, որ Թուրքիան Արցախի հարցի հետ ոչ մի առնչություն չունի, արցախյան խնդրի միջնորդներն են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ–ը։

Շարմազանովն անդրադարձավ նաև հայ–ռուսական հարաբերություններին։ ՀՀԿ–ն, նրա խոսքով, կարևորում է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների խորացումը` բոլոր ուղղություններով և Հայաստանի անդամակցության խորացումը ԵԱՏՄ–ու ՀԱՊԿ–ում։ Բայց ՀՀԿ–ն` որպես քաղաքական ուժ, շարունակելու է նպաստել ոչ միայն այս, այլև Հայաստան ԵՄ հարաբերությունների կայացմանը։

177