ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Ադրբեջանը չպետք է ձևացնի, թե «Լեռնային Ղարաբաղ» սուբյեկտ գոյություն չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Արցախը պետք է բանակցությունների սեղան վերադառնա։ Այդ հայտարարությունը պարզաբանելու խնդրանքին ի պատասխան Քոչարյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցությունները ենթադրում են, որ Ստեփանակերտը մասնակցելու է դրանց։
«Եթե 2011 թվականի կազանյան հանդիպումը բարեհաջող ավարտվեր, ապա այդ փաստաթղթին Արցախը ևս հավանություն պետք է տար, և երեք երկրները միասին աշխատեին խաղաղության պայմանագրի վրա: Ես զարմանում եմ այս աժիոտաժի վրա: Ակնհայտ է, որ առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, առաջընթացն անհնարին է», — հայտնել է Քոչարյանը։
Երբ Ադրբեջանն ուզում էր, որ բանակցություններում առաջխաղացում լինի, հենց Արցախին էր դիմում։ Միայն ու միայն այդ ժամանակ էր իրավիճակը սկսում փոխվել։ Այդպես եղավ 1993-94 թվականներին, երբ Բաքուն հենց Ստեփանակերտի հետ էր բանակցություններ վարում։ Ու միայն երբ փաստաթուղթն արդեն պատրաստ էր, Երևանին առաջարկեցին միանալ դրան, հիշեցրեց Քոչարյանը։
«Այսինքն` երբ Ադրբեջանն ուզում է, որ բանակցությունները տեղից շարժվեն, հենց Լեռնային Ղարաբաղին է դիմում և չի ձևացնում, թե այդպիսի սուբյեկտ չկա», — ընդգծեց նա։
Այդ պատճառով է բանակցություններում իրական առաջընթաց չկա, սակայն համանախագահները նախկինի պես ջանք են թափում, որ հակամարտությունը գոնե էսկալացիաների չվերածվի։ Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում կայացած հանդիպումների ժամանակ նրանք շփման գծի մոնիտորինգի խստացման միջոցներ են առաջարկել։ Սակայն Ադրբեջանի իշխանությունը մինչև այժմ չեն համաձայնում։
Հարցին` արդյո՞ք առաջիկայում երկրի ղեկավարների մակարդակով հանդիպում կանցկացվի, Քոչարյանը հիշեցրեց, որ հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան են գալու, և արտգործնախարարի հետ հանդիպում անպայման կկայանա։ Նախագահի կամ վարչապետի հետ հանդիպման մասին դեռ պայմանավորվածություն չկա։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։
«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։
Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպումը չի կայանա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Մարուքյանը։
«Այսօր չի ստացվի։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա վաղը», - հավելեց Մարուքյանը։
Հիշեցնենք` երեկ հայտնել էինք, որ Փաշինյանն առավոտյան զանգել է Մարուքյանին և առաջարկել է քննարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդի առաջարկը, նաև օրակարգում առկա այլ առաջարկներ` քաղաքական ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։
Մարտի 1-ին Մարուքյանը հայտարարել էր, որ պատրաստ է ցանկացած զիջման, եթե Փաշինյանը համաձայնի ցրել խորհրդարանը։
«Ինչ ինքը ուզի, պատրաստ ենք, ցանկացած հուշագիր ստորագրում եմ»,– ասել էր Մարուքյանը` Նիկոլ Փաշինյանին հրավիրելով քննարկել իր առաջարկը։
Մարուքյանը շեշտել էր, որ այսկերպ իր ղեկավարած քաղաքական ուժը փոխզիջման է գնում` հանուն երկրում լարվածության թուլացման։
Հիշեցնենք` իր այս առաջարկը Մարուքյանը հնչեցրել էր ի լրումն փետրվարի 28-ին Facebook-ի իր էջում ներկայացրած` ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու առաջարկի։ Դրանով Մարուքյանը վարչապետին առաջարկում էր հետ վերցնել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանի նախագիծը, ձեռք չտալ գլխավոր շտաբի, հինգ բանակային կորպուսների ղեկավարներին ու ընդհանրապես հանգիստ թողնել բանակը։
Ի պատասխան վարչապետի այս քայլի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը խմբակցության անունից խոստանում է ստորագրել հուշագիր, որ վարչապետի հրաժարականի դեպքում չի առաջադրի այլ թեկնածու, թույլ կտա, որ խորհրդարանն անցնցում ցրվի և անցկացվեն արտահերթ ընտրություններ։


