ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության հույսերը` պահպանել թեկուզ ինչ-որ իշխանություն, կապված են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր հետաձգման հետ։ Sputnik Արմենիային նման կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Մայիսի 2-ին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ խմբակցությունը թեկնածու չի առաջադրի և կաջակցի նրան, ում կառաջադրի պատգամավորների մեկ երրորդը։ Փաշինյանին սատարելու մասին հայտարարել են «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները։
«Հանրապետական կուսակցության հայտարարությունը նշանակում է, որ եթե մոտակա չորս-հինգ օրվա ընթացքում ֆորսմաժորային իրադարձություններ չլինեն, նրանք չեն խոչընդոտի վարչապետի ընտրությանը, նաև միասնական կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին։ Բայց վերջին օրերի դինամիկան ցույց է տալիս, որ առավոտյան մի բան է հայտարարվել, երեկոյան` մեկ այլ բան, ընդ որում` բոլոր կողմերից, ոչ միայն ՀՀԿ-ի։ Այնպես որ, ոչ մի սցենար բացառված չէ», — ասաց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի կարծիքով` ՀՀԿ-ի կողմից որոշման վերանայումը չի դառնա իրավիճակի լուծում, քանի որ մայիսի 2-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ երկրում իրական իշխանություն ունի Նիկոլ Փաշինյանը։
Ընդդիմադիր պատգամավորին հաջողվել է կաթվածահար անել ամբողջ երկիրը։ Եթե նախկինում կարելի էր խոսել այն մասին, որ երկրում երկիշխանություն է, ապա մայիսի 2-ին արդեն այդ մասին չի խոսվել, մնացել է միայն Փաշինյանը։
«Այսօր պաշտոնական իշխանությունն այլևս ռեսուրսներ չունի, այդ թվում` ուժային` իրավիճակի մեջ բեկում մտցնելու համար», — ասաց Հակոբյանը։
Բացի այդ, ՀՀԿ-ի որոշման վրա ազդել է նաև այն, որ ներկա իրավիճակում, ի տարբերություն մայիսի 1-ի, Փաշինյանը` որպես երեք քաղաքական ուժերի թեկնածու, իր վրա որոշակի պատասխանատվություն է վերցնում։
Դեռ մայիսի 1-ի ընտրության ժամանակ բավականին քողարկված այսպիսի միտք էր հնչում, որ քաղաքական պատասխանատվություն կրողն անհայտ է, այսինքն` Նիկոլ Փաշինյանը միայն աջակցողներ ուներ, իսկ նրանց հետ կոալիցիա չէր կազմել։
«Հիմա ՀՀԿ-ում ինչ-որ առումով փաստում են, որ Փաշինյանը «Դաշնակցության», «Ելքի» և «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն է։ Դրանով հանրապետականներն ակնարկում են, թե ով է այս պահի դրությամբ Փաշինյանի հենարանը և ով է պատասխանատու լինելու ապագայում այդ թեկնածուի համար», — ասաց ՀակոբյանըԼ
Նախկինում Փաշինյանն առաջադրված էր «Ելքի» կողմից և մյուս ուժերի աջակցությունը չէր ենթադրում քաղաքական պատասխանատվություն, հիմա իրավիճակն այլ է և ապագայում ժամանակավոր կառավարության աշխատանքի ընթացքում այդ գործոնը կարող է խաղալ իր դերը։
Մյուս կողմից, դեռ մինչև նախորդ քվեարկությունը խորհրդարանում հանրապետականները փորձել են հասկանալ, թե նրանք ինչ երաշխիքներ կունենան Փաշինյանի ընտրվելու դեպքում։
«Փաշինյանն ուղիղ ասել է, որ ամեն ինչ կարող է հետո քննարկվել` քվեարկությունից հետո։ Հանրապետականները որոշել են ցույց տալ, որ նրանք կարող են հանդես գալ որպես միասնական ամբողջություն, որ իրենց ռեսուրսը դեռ կարող են պահպանել», — ասաց Հակոբյանը։
Դրան ի պատասխան` Փաշինյանը ցույց է տվել, որ կարող է վատացնել իրավիճակը երկրում, մայիսի 2-ին պարզ է դարձել, որ իշխանությունը նրա ձեռքում է։ Նա կարծում է, որ ՀՀԿ-ն և Փաշինյանն ամեն դեպքում հանգել են որոշակի հայտարարի։
Հակոբյանի կարծիքով` ՀՀԿ-ն կարող է հույս ունենալ, որ եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան ոչ թե առաջիկայում, ապա մի քանի ամիսների ընթացքում Փաշինյանի վարկանիշը կարող է ընկնել։
«Շարժման առաջնորդներն արդեն հայտարարում են, որ իշխանափոխությունից հետո միամտություն է տնտեսության ոլորտում հրաշքի սպասելը։ Նրանք հասկանում են, որ բնակչության կողմից նման սպասումներով իշխանության անցնելը վտանգավոր է», — ասաց Հակոբյանը։
Նա կարծում է, որ ամենակարևոր հարցը հենց ընտրությունների անցկացման ժամկետն է։ Փաշինյանը մի քանի անգամ նշել է, որ դրանք պետք է լինեն խելամիտ ժամկետներ, բայց հասկանալի չէ, թե դրանք իրենցից ինչ են ներկայացնում։
Բացառված չէ, որ դա կտևի մինչև մեկ տարի, և այդ շրջանը բավական բարդ կլինի Փաշինյանի համար։ Պատճառը ՀՀԿ-ի` մեծամասնությունը պահպանելու մեջ է, մյուս կողմից` այսպես կոչված կոալիցիայի ոչ միանշանակ լինելը։
Որպես գործնական և փորձառու գործիչ` Փաշինյանը հասկանում է այդ ամենը։ Ուստի նրա առջև կդրվի կրկնակի նպատակ` ընթացիկ հարցերի լուծման հետ մեկտեղ անցկացնել համեմատաբար արդար ընտրություններ, որոնց արդյունքները նրա համար ընդունելի կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի տեղեկություններով` եթե անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրենքը խախտելով ստորագրի Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը, ապա բանակը չի ենթարկվի այդ որոշմանը։ Նա իր կարծիքը լրագրողներին հայտնեց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի մեկնարկից առաջ։
«Բանակը հասկանում է, որ այստեղ անձի հարց չէ, քանի որ Օնիկ Գասպարյանն էլ այն պարկեշտ մարդկանցից է, որի համար աթոռը կարևոր չէ, նա լուծում է բանակի հարցը։ Իրեն կարող են խոստանալ պաշտոններ, բայց երբ ինքը դուրս գա, կորպուսի բոլոր հրամանատարներին փոխելու, ամբողջ ռազմական ուժը փչացնելու հնարավորություն կտա, ինչպես դա փչացրեց Նիկոլ Փաշինյանը` իր իշխանության առաջին օրերին մտնելով բանակ, կոռուպցիա փնտրելով, Քառօրյա պատերազմի հանձնաժողով ստեղծելով։ Այժմ փաստարկն այն է, որ բանակը չի ենթարկվելու, իսկ եթե ենթարկվի, կնշանակի, որ Արմեն Սարգսյանն իր ստորագրությամբ քանդում է բանակը»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով`բանակը չպետք է ենթարկվի անօրինական հրամաններին։
Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը` Մանուկյանը նշեց, որ համոզված է` Սարգսյանի վրա ճնշումներ են եղել։
«Նախագահի հետ հանդիպումից տպավորություն ստացա, որ մտահոգված էր օրենքի կատարումով։ Մտահոգված էր նաև, որ իր ստորագրած փաստաթուղթը բորբոքվածություն կարող է առաջացնել հասարակության շրջանում»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ ընդդիմության կողմից ներկայացված վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Տեղեկությունը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը»,–գրված է հաղորդագրության մեջ։
Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։


