ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայաստանն իր «բողոքային» պատմությունն ունի, և չի կարելի «թավշյա հեղափոխությունը» համեմատել Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա խոսքով` Ռուսաստանում սովոր են հետխորհրդային երկրների զանգվածային բողոքի ակցիաները նմանեցնել մայդանին և ներկայացնել որպես ուկրաինական իրադարձությունների կրկնօրինակ։
«Սակայն Հայաստանն ունի բողոքների շարժման իր պատմությունը։ Կարելի է ասել, որ անկախ Հայաստանի պատմությունը սկսվել է 1988 թվականի շարժումից», — ասաց Մարկեդոնովը։
Նրա խոսքով` բավական է հիշել, որ Հայաստանում անցկացվող ամեն մի ընտրություն ուղեկցվում էր բողոքի ակցիաներով։ Միայն երկու ընտրություն են անցել առանց բողոքների` 1998-ի նախագահական և 1999 թվականի խորհրդարանական ընտրությունները։
Մարկեդոնովի կարծիքով` Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար ակնհայտ նախապայմաններ կային, որոնց գումարվեց նաև այն, որ Սերժ Սարգսյանը խախտեց քաղաքականությունը լքելու իր խոստումը (նա առաջադրվեց ու ընտրվեց որպես վարչապետ)։
«Սակայն հայերն իրենց բողոքներում աշխարհաքաղաքական ուղղվածությունը փոխելու կոչ չեն անում», — նշեց Մարկեդոնովը։
Փորձագետն ընդգծեց նաև, որ սպասվող իշխանափոխության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չի կարող կառավարման ոլորտը «լցնել» «Մարսից բերած մարդկանցով»։ Նրա խոսքով` գոյություն ունեցող համակարգում լավ կառավարիչներ կան, և զրոյից փոփոխություններ անելու կարիք չի լինի։
«Սակայն հաշիվները մաքրելու համար կարող է ի հայտ գալ քաղաքական դաշտը մոնոպոլիզացնելու գայթակղությունը։ Եթե այդ գայթակղությունը հաղթահարվի, շատ լավ կլինի իշխանության, այդ թվում` հայ-ռուսական հարաբերությունների համար», — ասաց Մարկեդոնովը։
Նրա խոսքով` Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերութուններում որոշ հարցեր վերանայելու կոչը նորմալ է։ Եթե կառուցողական մոտեցումը պահպանվի, ապա միայն լավ կլինիՀիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։
Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանը ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշեց ժողովրդի թեկնածուին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի տեղեկություններով` եթե անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրենքը խախտելով ստորագրի Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը, ապա բանակը չի ենթարկվի այդ որոշմանը։ Նա իր կարծիքը լրագրողներին հայտնեց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի մեկնարկից առաջ։
«Բանակը հասկանում է, որ այստեղ անձի հարց չէ, քանի որ Օնիկ Գասպարյանն էլ այն պարկեշտ մարդկանցից է, որի համար աթոռը կարևոր չէ, նա լուծում է բանակի հարցը։ Իրեն կարող են խոստանալ պաշտոններ, բայց երբ ինքը դուրս գա, կորպուսի բոլոր հրամանատարներին փոխելու, ամբողջ ռազմական ուժը փչացնելու հնարավորություն կտա, ինչպես դա փչացրեց Նիկոլ Փաշինյանը` իր իշխանության առաջին օրերին մտնելով բանակ, կոռուպցիա փնտրելով, Քառօրյա պատերազմի հանձնաժողով ստեղծելով։ Այժմ փաստարկն այն է, որ բանակը չի ենթարկվելու, իսկ եթե ենթարկվի, կնշանակի, որ Արմեն Սարգսյանն իր ստորագրությամբ քանդում է բանակը»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով`բանակը չպետք է ենթարկվի անօրինական հրամաններին։
Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը` Մանուկյանը նշեց, որ համոզված է` Սարգսյանի վրա ճնշումներ են եղել։
«Նախագահի հետ հանդիպումից տպավորություն ստացա, որ մտահոգված էր օրենքի կատարումով։ Մտահոգված էր նաև, որ իր ստորագրած փաստաթուղթը բորբոքվածություն կարող է առաջացնել հասարակության շրջանում»,–ասաց նա։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Տեղեկությունը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը»,–գրված է հաղորդագրության մեջ։
Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։


