Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը կլքի ապրիլի 9-ին

182
(Թարմացված է 14:39 08.01.2018)
Այդ օրը պաշտոնապես ավարտվում է կառավարման խորհրդարանական կարգի անցնելու գործընթացը։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Փետրվարի վերջին տասը օրում առաջադրվելու են հանրապետության նախագահի թեկնածուները, հաղորդում է Հանրային հեռուստաընկերությունը։

Մարտի առաջին տասը օրում տեղի է ունենալու հանրապետության նախագահի ընտրությունը՝ նոր կարգով։ Նախագահին ընտրելու է խորհրդարանը։

Նոր նախագահն իր լիազորությունները ստանձնելու է ապրիլի 9-ին։ Հենց այդ ժամանակ էլ կդադարեն գործող նախագահի լիազորությունները և կառավարությունը հրաժարական կտա։ Նոր կառավարություն ձևավորելու համար Ազգային ժողովի խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուներին։

Խմբակցությունները վարչապետի թեկնածուին ներկայացնելու համար մեկ շաբաթ ժամանակ ունեն՝ ապրիլի 9-16-ը, որից հետո Ազգային ժողովը նիստում պետք է ընտրի վարչապետ։

Խորհրդարանի ընտրած թեկնածուին վարչապետ է նշանակելու հանրապետության նախագահը։ Նշանակվելուց հետո արդեն 5 օրում հանրապետության վարչապետն առաջադրելու է փոխվարչապետներին, նախարարների թեկնածուներին։ Նախագահը նրանց նշանակելու է եռօրյա ժամկետում։

Նոր կառավարության ձևավորման հնարավոր ժամկետը մայիսի 1-10-ն է, իսկ անցումը խորհրդարանական կառավարման ավարտված կհամարվի այն օրը, երբ լիազորությունները կստանձնի հանրապետության նորընտիր նախագահը։

182
Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը

Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է

99
(Թարմացված է 12:14 03.03.2021)
Վարչապետն ինքն է զանգահարել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ու առաջարկել քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպումը չի կայանա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Մարուքյանը։

«Այսօր չի ստացվի։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա վաղը», - հավելեց Մարուքյանը։

Հիշեցնենք` երեկ հայտնել էինք, որ Փաշինյանն առավոտյան զանգել է Մարուքյանին և առաջարկել է քննարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդի առաջարկը, նաև օրակարգում առկա այլ առաջարկներ` քաղաքական ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։

Մարտի 1-ին Մարուքյանը հայտարարել էր, որ պատրաստ է ցանկացած զիջման, եթե Փաշինյանը համաձայնի ցրել խորհրդարանը։

«Ինչ ինքը ուզի, պատրաստ ենք, ցանկացած հուշագիր ստորագրում եմ»,– ասել էր Մարուքյանը` Նիկոլ Փաշինյանին հրավիրելով քննարկել իր առաջարկը։

Մարուքյանը շեշտել էր, որ այսկերպ իր ղեկավարած քաղաքական ուժը փոխզիջման է գնում` հանուն երկրում լարվածության թուլացման։

Հիշեցնենք` իր այս առաջարկը Մարուքյանը հնչեցրել էր ի լրումն փետրվարի 28-ին Facebook-ի իր էջում ներկայացրած` ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու առաջարկի։ Դրանով Մարուքյանը վարչապետին առաջարկում էր հետ վերցնել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանի նախագիծը, ձեռք չտալ գլխավոր շտաբի, հինգ բանակային կորպուսների ղեկավարներին ու ընդհանրապես հանգիստ թողնել բանակը։

Ի պատասխան վարչապետի այս քայլի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը խմբակցության անունից խոստանում է ստորագրել հուշագիր, որ վարչապետի հրաժարականի դեպքում չի առաջադրի այլ թեկնածու, թույլ կտա, որ խորհրդարանն անցնցում ցրվի և անցկացվեն արտահերթ ընտրություններ։

99
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հանդիպումը նախագահի հետ
Արխիվային լուսանկար. 26 փետրվարի, 2021

Մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հանդիպումը նախագահի հետ

62
(Թարմացված է 11:53 03.03.2021)
Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։

Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,-հանդիպումից առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: 

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

62
թեգերը:
հանդիպում, Նախագահ, Հայրենիքի փրկության շարժում
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանը գեներալի, զինվորականի բացառիկ օրինակ է. Վանաձորի քաղաքապետ
Օնիկ Գասպարյանի դուստրը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Մարուքյանը Փաշինյանից պահանջում է ապացուցել Օնիկ Գասպարյանի մասին իր ասածը
Ռուբեն Վարդազարյան

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրաժարականի մտադրություն չունի

0
ԲԴԽ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև Արթուր Վանեցյանի, Գագիկ Ջհանգիրյանի ու Գագիկ Հարությունյանի մասին հարցերին:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած բանավեճերից հետո հրաժարական տալու մտադրություն չունի: Նա այդ մասին լրագրողներին հայտնեց ԱԺ նիստի ընդմիջմանը։

Հարցին, թե ինչպես է գնահատում իր նկատմամբ իշխող քաղաքական ուժի պատգամավորների վերաբերմունքը, ԲԴԽ նախագահը պատասխանեց. «Առնվազն ագրեսիվ: Պատճառը չգիտեմ»:

Խոսելով 2020թ-ի նոյեմբերի 15-ին դատական համակարգի անաչառության մասին իր տարածած հայտարարությունից հետո ԱԱԽ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կալանքի որոշումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչելու որոշման մասին՝ Վարդազարյանը նշեց, որ որևէ մեկը, այդ թվում՝ ինքը, իրավունք չունի դատարանի կայացրած որոշմանը գնահատական տալու:

Պատասխանելով ՀՀ նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ նշանակելու՝ իշխանության առաջարկի մասին հարցերին՝ Վարդազարյանն ասաց, որ ինքը բազմիցս հայտարարել է, որ իր կարծիքով` կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր Ջհանգիրյանին ընտրել ԲԴԽ անդամ:

«Ես այդ հայտարարությունն արել եմ, երբ պարոն Ջհանգիրյանի մասին դեռ լուրերի մակարդակով էր խոսվում, և նա պաշտոնապես թեկնածու չէր: Երբ պարոն Ջհանգիրյանը պաշտոնապես դարձավ թեկնածու, այդ պահից սկսած` ես պարոն Ջհանգիրյանի վերաբերյալ որևէ արտահայտություն չեմ արել և դրսևորել եմ այն զսպվածությունը, որը պարտադրված է օրենքով»,- ասաց նա:

Նույն տարիքային խնդիրը, ըստ նրա, եղել է նաև Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման հետ կապված, ու անգամ այդ հարցով հայց է եղել դատարանում: Բայց Հարությունյանի պաշտոնանկությունից հետո հայցվորը հրաժարվել է իր հայցից:

Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին, նրանք օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանն անցավ շատ թեժ մթնոլորտում։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:

Սամվել Գրիգորյանը, սակայն, երեկ ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:

0