Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը

ԵՄ-ի հետ Հայաստանի պայմանագիրը. ինչու դա Ռուսաստանի խնդիրը չէ

174
(Թարմացված է 21:02 18.11.2017)
ԵՄ-ի և Հայաստանի միջև ասոցացման համաձայնագրի առաջիկա ստորագրումը այլևս չի մտահոգում Ռուսաստանին, նշում է փորձագետ Իրինա Ալկսնիսը:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայի համար ցավոտ այն կետերը, որոնք 2013 թվականին դարձան հիմնական խոչընդոտը, բացառվել են, կարծում է ՌԻԱ Նովոստիի վերլուծաբան Իրինա Ալկսնիսը:

2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովին պետք է ստորագրվեր ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագիրը, սակայն նույն թվականի սեպտեմբերի սկզբին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Մոսկվա և հանդիպեց Ռուսաստանի նախագահի հետ, որից հետո հայ առաջնորդը հայտարարեց, որ ընտրում է ԵԱՏՄ-ն, ԵՄ-ի հետ ասոցացման թեման էլ փակվեց:

4 տարի անց իրավիճակը կրկնվում է (ընդհուպ մինչև իրադարձությունների շարքի խիստ նմանության), սակայն այս անգամ արդյունքն, ըստ ամենայնի, այլ է լինելու:

Մեկ շաբաթ հետո` 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին պետք է ստորագրվի ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Մի քանի օր առաջ` նոյեմբերի 15-ին, կայացավ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա: Հանդիպման` հանրությանը ներկայացվող կողմն ընդգծված կենտրոնացած էր մարդասիրական և մշակութային ոլորտի վրա, գլխավոր իրադարձություն էլ դարձավ Վլադիմիր Պուտինի կողմից իր հայ գործընկերոջը Վրուբելի կտավներից մեկի հանձնումը, որը գողացել էին ավելի քան երկու տասնամյակ առաջ:

Դա լուրջ հիմքեր է տալիս մտածելու, որ այս անգամ ՀՀ-ԵՄ համաձայնագրի նոր ստորագրման ժամանակ որևէ խոչընդոտ չի առաջանա, և մի քանի օր հետո այն հաջողությամբ կստորագրվի Բրյուսելում: Այս հանգամանքն, իր հերթին, ստիպում է հասկանալ տեղի ունեցածի` բավական լուրջ փոփոխությունների պատճառները:

Թեև համաձայնագրի տեքստը հրապարակվել էր մոտ մեկ ամիս առաջ և ավելի քան 350 էջանոց փաստաթուղթ է իրենից ներկայացնում, փորձագետներն արդեն վաղուց էին խոսում այն մասին, որ հավանաբար, նոր համաձայնագիրը Մոսկվայի կողմից որևէ առարկության չի հանդիպի և կստորագրվի: Ընդ որում՝ շատ պարզ պատճառով. ինսայդերները հայտնում էին, որ տեքստից հանվել են այն կետերը, որոնք կտրականապես ձեռնտու չէին Ռուսաստանին և կարող էին կասկածի տակ դնել նրա դիրքերը Հայաստանում:

Այն ժամանակ` 2013 թվականին, հիմնական արգելքը Հայաստանի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի ենթադրյալ ռեժիմն էր: Այսինքն՝ նույն այն կետը, որը տարաձայնություններ էր առաջացրել ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին պայմանագրում Մոսկվայի հետ, քանի որ Մաքսային միությունը խոցելի էր դարձնում եվրոպական առևտրային ընդլայնման համար:

Համաձայնագրի նոր տարբերակում Մոսկվայի համար ցավոտ այս և այլ կետերը հանված են:

Արդյո՞ք դա նշանակում է, որ համաձայնագրի նախագիծը բացարձակ ոչ կոնֆլիկտային բնույթ է կրում և ոչ մի ստորջրյա քարեր չի պարունակում: Ոչ: Մակերեսին առնվազն մեկ թեմա կա, որը կարող է դառնալ հետագա կոնֆլիկտային իրավիճակների առարկա:

Խոսքը Մեծամորի ԱԷԿ-ի մասին է:

Եվրոպան պնդում է, որ այն փակել է պետք և առաջարկում է Հայաստանին այլընտրանքային էներգետիկա զարգացնել: Այդ հարցին համաձայնագրի մեջ մի մեծ գլուխ է նվիրված:

Միակ աշխատող էներգաբլոկի շահագործման ժամկետը (երկրորդի աշխատանքը դադարեցվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո) ՀՀ կառավարությունը երկարացրել է մինչև 2026 թվականը: Ընդ որում` հաշվի առնելով այն, որ ԱԷԿ-ը կարևոր հայ-ռուսական նախագիծ է, իսկ ատոմային և էներգետիկ ընդլայնումն, ընդհանուր առմամբ, Մոսկվայի համար առաջնահերթություններից է, հենց Ռուսաստանն է այդ նպատակով պետական արտահանման վարկ (270 մլն դոլար) և դրամաշնորհ (30 մլն դոլար) հատկացրել:

Մոսկվային տեսականորեն պետք է անհանգստացներ Մեծամորի ԱԷԿ-ի փակման հետ կապված համաձայնագրի դրույթները, սակայն, իրականում, նման բան նկատելի չէ:

Նման իրավիճակի պատճառները բավականին պարզ են:

Բանն այն է, որ Մեծամորի ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի գրեթե կեսը (մինչև 45%): Ընդ որում, ի տարբերություն մյուս հետխորհրդային պետությունների, Հայաստանն իր կաշվի վրա է զգացել, թե ինչ է էլեկտրաէներգիայի պակասը: 1990-ականների սկզբին երկիրը մի քանի սարսափելի տարի ստիպված եղավ ապրել էներգետիկ ճգնաժամի, դրա հետևանքով Հայաստանի բնակչությունը ձմռանն ապրում էր գրեթե չջեռուցվող բնակարաններում և հոսանքազրկված էր կլոր տարին:

Այդ կապակցությամբ բավականին կասկածելի է, որ Հայաստանի իշխանություններն ու հասարակությունը նույնքան միամիտ կգտնվեն, ինչպես, օրինակ, Լիտվան, որը հրաժարվեց սեփական ատոմային էլեկտրակայանից և փակեց Իգնալինյան  ԱԷԿ-ը հանուն Եվրոպայի լուսավոր ապագայի:

Սա Եվրոպայի հետ հարաբերությունների առումով խնդիր է, առաջին հերթին, Հայաստանի համար, այլ ոչ թե Ռուսաստանի:

Կա ևս մեկ պոտենցիալ կոնֆլիկտային թեմա՝ կապված համաձայնագրի ստորագրման հետ, սակայն այն կրկին ու առաջին հերթին վերաբերում է հենց Հայաստանին: Խոսքը հայկական օրենսդրության համապատասխանեցումն է եվրոպականին: Արդեն այսօր օրակարգում է ընտանեկան բռնության մասին օրենքը, որը չափազանց բուռն և բացասական արձագանք ստացավ հասարակության շրջանում:

Հաշվի առնելով ժամանակակից Եվրոպայի բռնած չափազանց լիբերալ և քաղաքականապես կոռեկտ ուղղությունը, ավանդական արժեքներին հակված հայ հասարակության շրջանում օրինաչափ հարցեր են առաջանում. ուրիշ ի՞նչ օրենքներ է Երևանին պարտադրելու Բրյուսելը համաձայնագրի ստորագրումից հետո:

Սակայն դա էլ Ռուսաստանի խնդիրը չէ, այլ Հայաստանի` որպես ինքնիշխան պետություն, և ԵՄ-ի հետ նրա հարաբերությունների:

Հավանաբար, հենց այստեղ է պետք փնտրել պատասխանները, որոնք ստեղծված իրավիճակում բացատրում են Ռուսաստանի բարյացակամ դիրքորոշումը:

Մոսկվան վերջին տարիներին պնդում է, որ նա, ի տարբերություն ԱՄՆ-ի, որը պարզապես հրամաններ է տալիս իր վասալ-սատելիտներին, իր գործընկերներից և դաշնակիցներից ոչ մեկին որևէ բան չի պարտադրում: Ռուսաստանի առաջին դեմքերն ամեն անգամ հիշեցնում են, որ Ռուսաստանը հարգում է ուրիշի ինքնիշխանությունը և չի խառնվում ուրիշների ներքին գործերին: Այլ հարց է, որ Ռուսաստանն իր շահերը պաշտպանելու իրավունք ունի և այդ նպատակով օգտագործում է իր ենթակայության տակ գտնվող գործիքները:

2013 թվականին Ռուսաստանն, իր ազգային շահերի նկատմամբ լուրջ սպառնալիքի առջև կանգնած լինելով, համոզեց հայկական ղեկավարությանը փոխել իր դիրքորոշումը: Կարելի է ենթադրել, թե կոնկրետ ինչ փաստարկներ է այն ժամանակ առաջ քաշել Կրեմլը:

Սակայն այժմ, երբ ամենասուր հարցերը հանված են, Հայաստանը կարող է գործել սեփական հասկացողության և ցանկության համաձայն:

Հատկանշական է, որ գործողությունների նման ազատություն ունի մի երկիր, որն առանցքային ոլորտներում` էկոնոմիկայից և էներգետիկայից մինչև պաշտպանություն և անվտանգություն, կախված է Ռուսաստանից: Միացյալ Նահանգներն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, այլ դեպքերում հաշվի չէր նստի ուրիշների հետ:

Ռուսաստանը հարգում և ընդունում է արտաքին քաղաքականության բազմավեկտոր բնույթը պահպանելու Հայաստանի ձգտումը: Հայաստանն, իր հերթին, ստիպված կլինի հաղթահարել նման մոտեցմամբ հղի մարտահրավերները:

Իրավիճակն առավել ևս հետաքրքրաշարժ է, քանի որ երիտեվրոպացիների մեծամասնության լավատեսական պատրանքներն արդեն հօդս են ցնդել, իսկ ժամանակակից Եվրոպայի և նրան միանալ ցանկացող երկրների շատ բարդ իրողություններն ակնհայտ դարձան.

— Եվրոպայի նեոգաղութային բնույթը,

— Արդիական արմատական-ազատական դրույթների պարտադրում դրան ոչ պատրաստ ավանդական հասարակությանը,

— Ճգնաժամային երևույթներ ԵՄ-ի ներսում և ԵՄ-ի ներսում Բրյուսելի նկատմամբ ահագնացող ընդդիմությունը որոշ «դավաճան» պետությունների կողմից (Լեհաստան, Հունգարիա):

— Բրյուսելի պատրաստակամությունը՝ ցանկացած պահի հետ հանձնել և զրկել տրամադրած արտոնություններից (բավական է հիշել Վրաստանի հետ մազից կախված առանց վիզայի ռեժիմը):

— Եվ այլն, և այլն։

Մի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է Եվրոպայի հետ հարաբերությունների նոր էջ բացել նրա համար չափազանց դժվար մի ժամանակաշրջանում և անհայտ հանգուցալուծմամբ, սակայն, ինչպես վերը նշվեց, դա Մոսկվայի խնդիրը չէ:

174
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դևիդ Հոֆմանի հետ. 3 մարտի, 2021

Գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարևորություն ունի. ԱԺ նախագահ

34
(Թարմացված է 20:43 02.03.2021)
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դևիդ Հոֆմանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դեւիդ Հոֆմանի հետ, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Спикер НС Арарат Мирзоян на встрече с послом США Линн Трейси и региональным директором USAID Дэвидом Хоффманом (2 марта 2021). Еревaн
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դևիդ Հոֆմանի հետ։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծել՝ ռազմագերիների և գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարեւորություն ունի հայկական կողմի համար: Խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվեն այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում: Միրզոյանը նաև ընդգծել է, որ արցախյան հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:

«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան

Դեսպան Թրեյսին իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին:

Կողմերը զրույցի ընթացքում քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք ընդգծել են Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարևորությունը:

34
թեգերը:
Դեսպան, Հայաստան, ԱՄՆ, Լին Թրեյսի, Արարատ Միրզոյան
Ըստ թեմայի
Մատվիենկոն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է գերի ընկած հայ կանանց վերադարձի հարցը
Ստեփանակերտը պահանջում է Բաքվից կատարել եռակողմ հայտարարության՝ գերիներին վերաբերող կետերը
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
ՀՀ ԱԳՆ

Չնայած պատերազմի հարվածներին՝ պետք է ոտքի կանգնենք․ Փաշինյանը շնորհավորել է դիվանագետներին

19
(Թարմացված է 20:24 02.03.2021)
Հայաստանի կառավարությունը 2012-ին որոշել է մարտի 2-ը հռչակել Դիվանագետի օր։ 20 տարի առաջ այդ օրը Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դիվանագետի օրվա առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Այսօրվա բարդ համաշխարհային միջավայրում ձեր դերն ու առաքելությունը մեր պետության կյանքում առավել մեծ նշանակություն է ստանում։ Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները», - գրված է Փաշինյանի ուղերձում։

Նշված է, որ չնայած պատերազմի հասցրած հարվածներին՝ մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, հասկանալ նախկինում ունեցած անհաջողությունների պատճառները եւ առաջ շարժվել նպատակներին հասնելու համար:

«Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են մասնավորապես պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում: Վստահ եմ` պատվով կիրականացնեք ձեր առաքելությունն ու ծառայությունը մեր պետության առջև», - գրված է ուղերձում։

Հայաստանի կառավարությունը 2012-ին որոշել է մարտի 2-ը հռչակել Դիվանագետի օր։ 20 տարի առաջ այդ օրը Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին։

ՀՀ–ի ռուս դիվանագետները պատվաստվել են «Սպուտնիկ V»-ով. Զախարովան մանրամասներ է հայտնել

19
թեգերը:
շնորհավորանք, Դիվանագետ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ադրբեջանը սպառնում է նոր գերեվարումներով. ՀՀ ԱԳՆ
Սումգայիթյան սպանդը մարդկայնության դեմ նոր հանցագործությունների սկիզբ դրեց․ Արցախի ԱԳՆ
Թուրքական TRT-ն Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու հայտ չի ներկայացրել․ ԱԳՆ
Խանութ

Լիբերալ անուշեղեն․ ինչու է Հայաստանի իշխանությունը մերժել բիզնեսին օգնելու նոր գաղափարը

0
(Թարմացված է 12:50 02.03.2021)
Հայկական խանութներում տեղական ապրանքների քանակն առայժմ չի ավելանա։ Էկոնոմիկայի նախարարությունը մերժել է Export Armenia փորձագիտական ասոցիացիայի նախաձեռնությունը։

«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։

«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։

Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։

Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։

Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։

Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։

Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։

«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։

«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։

Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։

Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:

Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։

«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։

Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։

Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։

Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։

Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։

Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։

0
թեգերը:
խանութ, բիզնես, Հայաստան
Ըստ թեմայի
Ամուլսարը` Փաշինյանի պահուստային տարբերակ. Հայաստանը կնստի հանքարդյունաբերության ասեղի վրա
Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա
Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը