Սիրիա

Հայաստանը Սիրիայից ամենաշատ փախստական ընդունած երկրների եռյակում է

33
Հայաստանն ամենաշատ սիրիացի փախստական ընդունած երկիրներից մեկն է։ Այսօր ԵԱՀԿ Միջերկրածովյան համաժողովում ասել է ՀՀ ԱԳ նախարարը։ Նա նաև նշել է, որ Հայաստանում ապաստանած սիրիահայերից շատերը ցեղասպանությունից տուժածների սերունդներ են։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը, բնակչության թվի հարաբերակցությամբ, սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունն է Եվրոպայում։ Այսօր  Պալերմոյում կայացած  ԵԱՀԿ Միջերկրածովյան համաժողովի իր ելույթում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը։

«Սիրիայից Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22 000 փախստականների։ Սա մի շարք խնդիրների առջև կանգնեցրեց մեր երկիրը, որը մոտ անցյալում արդեն իսկ հարյուր հազարավոր փախստականներ էր ընդունել Ադրբեջանից։ Սիրիահայ փախստականներից շատերը ժառանգներն են նրանց, ովքեր Հայոց ցեղասպանությունից հետո ապաստան էին գտել Սիրիայում: Հարյուր տարի անց նրանք կրկին ստիպված են թողնել իրենց բնակության վայրերը: Հայ ժողովուրդը գիտի, թե ինչ է նշանակում լինել փախստական և ընդունել փախստականների»,– ասել  է Նալբանդյանը:

ԱԳ նախարարն ասել է նաև, որ ՀՀ կառավարությունն էական ջանքեր է գործադրում փախստականներին օգնելու, նրանց ինտեգրումը դյուրացնելու ուղղությամբ:

«Հայաստանը նաև փորձել է աջակցության ձեռք մեկնել Սիրիայում օգնության կարիք ունեցողներին՝ տրամադրելով շարունակական մարդասիրական օգնություն: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը միակ դիվանագիտական ներկայացուցչությունն է, որը, չնայած բարդ պայմաններին, երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը»,– ասել է Նալբանդյանը:

Նախարարն իր ելույթում կարևորել է տարածաշրջանային սերտ գործակցության անհրաժեշտությունն ու ԵԱՀԿ անդամ պետությունների ջանքերի միավորումը` ահաբեկչության ու թրաֆիքինգի կանխարգելման, փախստականների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի հարցերում։

33