Ռիչարդ Միլս

Քաղաքագետ. «ԱՄՆ դեսպանը պետք է ավելի զգույշ լինի Հայաստանի ինքնիշխանության հարցում»

203
(Թարմացված է 22:28 26.08.2017)
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը համարում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը պարտավոր է ավելի զգույշ լինել մեր երկրի ինքնիշխանությանը վերաբերող հարցերում։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անընդունելի է համարում Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու ցանկացած փորձ։ Մեկնաբանելով Հայաստանում ԱՄՆ դեսպասն Ռիչարդ Միլսի այն հայտարությունը, թե իրենք ցանկանում են համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, փորձագետն ասել է, որ որևէ երկրի ներկայացուցիչ՝ առավել ևս դիվանագետ, Հայաստանի ինքնիշխանության հարց բարձրացնելու իրավունք չունի:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել է՝ իրենց նպատակն է համոզված լինել որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել:

«Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշումների չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»,-ասել է դեսպանը:

Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մեկնաբանեց այս հայտարարությունը:

«Պետք է ասեմ, որ դա դիվանագետին ոչ հարիր արտահայտություն է: Կարծում եմ, որ որևէ դեսպան կամ ցանկացած երկրի ղեկավար պարզապես իրավունք չունի կասկածի տակ դնել մեր պետականության ինքնիշխանությունը և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը: Դա ամենասուր քննադատությանն արժանի հայտարարություն է»,-ասաց քաղաքագետը:

Մելիք-Շահնազարյանի կարծիքով` պաշտոնական Երևանը պետք է անպայման արձագանքի այդ հայտարարությանը։

Քաղաքագետն ավելորդ չհամարեց հիշեցնել, որ դեսպանի առաքելությունը մեր երկրում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումն է, համագործակցության լայն դաշտ ստեղծելը, այլ ոչ թե մեր երկրի ինքնիշխանությունը կասկածի տակ առնելը:

Հարցին, թե արդյոք սա կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, քաղաքագետը հավաստիացրեց՝ տարբեր մակարդակի դիվանագետների նման հայտարարությունները չեն կարող անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա:

203