ԵՄ–ի դրոշներ

Վարչապետ․ Հայաստանը հաստատակամ գնում է ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը

55
(Թարմացված է 23:21 21.08.2017)
Կարապետյանն այս պահին չի տեսնում իրադարձությունների այնպիսի զարգացում, որը կխանգարի համաձայնագրի ստորագրմանը։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանը վստահ շարժվում է ԵՄ-ի հետ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, Ծաղկաձորում լրագրողներին ասաց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Այս պահին մենք չենք տեսնում իրադարձությունների այնպիսի զարգացում, որ կբերի չստորագրման։ Բայց դա բանակցային գործընթաց է», — ասաց Կարապետյանը։

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ենթադրում է նաև ԵՄ-ի հետ ասոցացման հեռանկարը։ Նախատեսվում էր, որ Երևանը ԵՄ-ի հետ ասոցացման ու ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիր կստորագրի 2013 թվականի նոյեմբերին «Արևելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթնաժողովին։ Սակայն դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց, որ մտադիր է Մաքսային միություն մտնել ու մասնակցել եվրասիական ինտեգրմանը։ Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը 2015 թվականի հունվարին։

2015  թվականի հոկտեմբերի 12 —ին Լյուքսեմբուրգում արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացվող նիստի ընթացքում ԵՄ-ն լիազորեց Եվրոպական խորհրդին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր համապարփակ համաձայնագրի վերաբերյալ, որը կփոխարինի ԵՄ-ի ու հանրապետության համագործակցության մասին ներկայիս համաձայնագիրը։

Փետրվարին Բրյուսելում Եվրոպայի Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ բանակցությունների արդյունքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ավարտվել են բանակցությունները նոր իրավական փաստաթղթի՝ համապարփակ ու ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի վերաբերյալ։

Հայաստանը հույս ունի ստորագրել պայմանագիրը Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում։

55