ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշևը Երևանում քննարկել են ազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Կողմերը քննարկել են ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների աշխատակազմերի, հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների գործունեության հետագա հայեցակարգ։
Նրանք քննարկել են երկու պետությունների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող դիրքորոշումները։ Անվտանգության հարցերի շուրջ հայ-ռուսական խորհրդակցությունները կանոնավոր կերպով անցկացվում են երկու երկրների անվտանգության խորհուրդների աշխատակազմերի փոխգործակցության մասին գործող համաձայնագրի շրջանակում։
Ավելի վաղ, Պատրուշևը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել էր տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դեւիդ Հոֆմանի հետ, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծել՝ ռազմագերիների և գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարեւորություն ունի հայկական կողմի համար: Խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվեն այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում: Միրզոյանը նաև ընդգծել է, որ արցախյան հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Դեսպան Թրեյսին իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին:
Կողմերը զրույցի ընթացքում քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք ընդգծել են Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարևորությունը:
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դիվանագետի օրվա առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Այսօրվա բարդ համաշխարհային միջավայրում ձեր դերն ու առաքելությունը մեր պետության կյանքում առավել մեծ նշանակություն է ստանում։ Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները», - գրված է Փաշինյանի ուղերձում։
Նշված է, որ չնայած պատերազմի հասցրած հարվածներին՝ մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, հասկանալ նախկինում ունեցած անհաջողությունների պատճառները եւ առաջ շարժվել նպատակներին հասնելու համար:
«Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են մասնավորապես պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում: Վստահ եմ` պատվով կիրականացնեք ձեր առաքելությունն ու ծառայությունը մեր պետության առջև», - գրված է ուղերձում։
Հայաստանի կառավարությունը 2012-ին որոշել է մարտի 2-ը հռչակել Դիվանագետի օր։ 20 տարի առաջ այդ օրը Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին։
ՀՀ–ի ռուս դիվանագետները պատվաստվել են «Սպուտնիկ V»-ով. Զախարովան մանրամասներ է հայտնել
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։
«Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն և նոր հրահանգներին»,– գրում է թերթը։
Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա պարբերականը նկատել է, որ երեկ, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում և հարցազրույցներում իսկական գրոհ են սկսել ՀՀ նախագահի դեմ։
Ըստ թերթի` վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms է ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները։
«Եվ զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի. Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից»,–գրում է «Ժողովուրդը»:
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։



